Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ քաղաքապետարանի իրականացրած թանկացումների նկատմամբ հանրային դժգոհությունն օր-օրի մեծանում է: Նախօրեին էլ ավագանու նիստում թանկացումների նոր նախագիծ ընդունվեց` աղբահանության հետ կապված, որ էլ ավելի է բորբոքել մարդկանց զայրույթը։ Սոցցանցերում բազմաթիվ գրառումներ կան, որով մարդիկ իրենց բողոքն են արտահայտում։
Հրապարակ թերթը գրել է․ «Կարմիր գծերի» թանկացման որոշումը (2023) չմարսած՝ իշխանականները 2024-ի դեկտեմբերի 24-ի ավագանու նիստով անցկացրին 2025 թվականի համար «կարմիր գծերում» կայանելու համար վճարումների նախագիծը` նույն սակագներով: Չնայած մի քանի օր առաջ նախորդ տարվա որոշումը Երեւանի առաջին ատյանի դատարանն անվավեր էր ճանաչել։ Իսկ աղբահանության համար այսուհետ երեւանցին պետք է վճարի տան քառակուսի մետրերի համաձայն, ասենք, թե 70 քառակուսի մետր մակերեսով տանն ապրում է 1 անձ, նույն գինն է վճարելու, որքան վճարում է նույն բնակմակերեսով տանն ապրող 5-6 անձ, ինչն աբսուրդ է, քանի որ ոչ թե բնակարանը, այլ մարդիկ են աղբը կուտակում։
Սրանից բացի, նախատեսվում է փետրվարից թանկացնել հանրային տրանսպորտի ուղեվարձի գինը՝ մեկ ուղեւորության համար 100 դրամից դարձնելով մոտ 300։ Եվ սրա ֆոնին Ավինյանի ու քաղաքապետարանի ճոխ վոյաժները, ամանորյա թանկ զարդարանքները, միլիարդների արժողության նոր էլեկտրամոբիլներ ձեռք բերելն ավելի շատ բորբոքեցին հասարակությանը։ Մայրաքաղաքը, որը մեծ հաշվով չի ընտրել Ավինյանին, եւ նա մեծ դժվարությամբ է դարձել քաղաքապետ, վրդովված է նաեւ դրանից, որ մի կերպ քաղաքապետի աթոռին նստած՝ փորձում է կեղեքել երեւանցիներին` բարձրացնելով հարկեր-տուրքերը: Պարզ է, որ այդ ամենը նա մենակ չի անում` դա ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է:
Միեւնույն ժամանակ, իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը բավականին բացասական տրամադրվածություն ունի Տիգրան Ավինյանի նկատմամբ, եւ տեւական ժամանակ է` ուզում է ազատվել նրանից, քանի որ, հանձին Ավինյանի, իր աթոռին հավակնորդի է տեսնում, իր համար լուրջ վտանգ։ Բանն այն է, որ նման կիսատոտալիտար համակարգերում, որպես կանոն, իշխանափոխություններն իրականացվում են ներսից` հենց իշխանության ներսում հասունանում է այդ պահանջը, եւ իշխանական թիմից որեւէ մեկը տապալում է իրեն սպառած ղեկավարին, իսկ Տիգրան Ավինյանը, լինելով Երեւանի քաղաքապետ, այն սակավաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներից է, որ կարող է հասնել դրան։
Ավինյանից ազատվելու թերեւս ամենալավ տարբերակը Երեւանի ավագանու կողմից իմպիչմենթի գործընթաց սկսելն է, ինչպես արեցին ՔՊ-ական նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ՝ Փաշինյանի հրահանգով։ Այժմ էլ, երբ կա առիթ՝ հանրային մեծ դժգոհություն, բյուջեի վատնումներ, կարող են ավագանու միջոցով նրան պաշտոնանկ անել։ Թեեւ լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ դա ավելի բարդ կլինի, քան եղավ Հայկ Մարությանի դեպքում: Նախ, քանի որ նրա տեղակալ Արմեն Փամբուխչյանն այս ընթացքում ապացուցել է, որ ի վիճակի չէ ստանձնել քաղաքապետի պաշտոնը, եւ երկրորդ` ՔՊ-ն այսօր շատ ավելի քիչ ձայն ունի ավագանիում, քան Մարությանի ժամանակ էր: Բացի այդ` ՔՊ-ի ավագանու կազմում շատ են Ավինյանին նվիրված անձինք, որոնք ավելի շուտ նրա հետ կհեռանան, քան կմասնակցեն իմպիչմենթին: Այս ամենը բարդացնում է վարչապետի գործը եւ անհնարին դարձնում Ավինյանին փոխելը, ուստի մնում է Փաշինյանի ամենասիրած եղանակը` որ իրավապահները «գնան» Երեւանի քաղաքապետի հետեւից` նրան մեղադրեն կոռուպցիայի եւ որեւէ իրավախախտման մեջ։
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանին խնդրեցինք մեկնաբանել Ավինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու խոսակցությունները, չե՞ն ուզում նման գործընթաց նախաձեռնել։ «Ֆիքսված ավագանիների քանակ է պետք՝ տվյալ իմպիչմենթն անցկացնելու համար, այդ քանակը տվյալ պահին չկա։ Եթե անենք, ու չստացվի, ստացվում է, որ 1 տարով իմունիտետ ենք տալիս Տիգրան Ավինյանին»։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Նարե Արամյանն էլ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ ցանկացած ժողովրդավարական եւ օրենքով սահմանված միջոց պետք է օգտագործել, այդ թվում՝ անվստահության գործողությունները․ «Այլ է խնդիրը, թե ինչպիսի իրավիճակ ունենք մենք։ Մենք, խոսելով այդ մասին, տեսնում ենք, որ չունենք բավականաչափ ձայներով մարդկանց՝ տրամաբանական գործընթացը սկսելու։ Մենք այսօր եթե նախաձեռնենք, անհաջողության կմատնվի գործընթացը, ինչը տրամաբանական է։ Մենք ինչո՞ւ սպասեցինք մինչեւ դեկտեմբեր, որ հասկանանք, թե հանրության համար ամենակարեւոր՝ բյուջեի եւ այլ խնդիրներն ինչպիսի ընթացք կստանան, մենք համոզվեցինք, որ, միանշանակ, այսպես տապալվելու է այդ գործընթացը։ Թե արդեն որ խմբակցությունը որի վրա կգցի․․․ Տեսանք, թե իրականում ովքեր են ի վիճակի պահպանել ընդդիմադիրի դիմագիծը։ Նրանք, ովքեր հանցավոր համաձայնությամբ կարողանում են նավարկել չգիտես ինչի հաշվին եւ ո՛չ քաղաքի համար կարեւոր, ո՛չ օրինական ճանապարհներով, միշտ էլ գալու են, տապալելու են։ Սա է պատճառը, թե ինչու մենք մինչ այժմ չենք սկսել այդ գործընթացը։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է այդ մտքից հրաժարվել։ Այնքան, որ այդ խմբակցություններում կան մարդիկ, անկախ անդամներ, որոնք նույնականացվելու են որպես ընդդիմադիր, եւ իմպիչմենթի գործընթացը հաջողելու է»։
Բաց մի թողեք
Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու, թերհավաքագրումների և ժողովրդի «կшշին քերթելով»՝ բյուջեն լցնելու մասին
Ո՞վ է խորհրդավոր «ոստիկանն», ով դիակներն ուղարկում է այրման
Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց