05/02/2025

Փոխում են թե ռուս-իրանական, թե հայ-իրանական փոխհարաբերությունները

Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը չի հաստատել և չի հերքել տեղեկությունը, որ ռուսական մամուլը հրապարակել է՝ հղում անելով Իրանի կառավարության աղբյուրին:

Խոսքը տեղեկության մասին է, որ Իրանի նախագահ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Մոսկվա և կստորագրվի ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագիրը, որի ստորագրությունը ձգվում է արդեն մի քանի ամիս:

Պեսկովը հայտարարել է, թե այդ մասին տեղեկությունը պաշտոնապես կհրապարակեն ըստ հաստատման: Պաշտոնապես, սակայն, Ռուսաստանը օրերս փոխանցել է հրավերն Իրանին: Թեհրան էին այցելել ՌԴ փոխվարչապետներ Օվերչուկն ու Սավելևը:

Նրանք Իրանի նախագահին են փոխանցել հունվարին Մոսկվա այցելելու վերաբերյալ ՌԴ նախագահի հրավերը: Իրանական կողմը պաշտոնապես նույնպես չի հաստատել հրավերն ընդունելու մասին, թեև Իրանի ԱԳ ներկայացուցիչը հայտարարել է, որ հունվարի կեսերին կարող է ստորագրվել ռուս-իրանական պայմանագիրը:

Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի նախագահությամբ տեղի ունեցած ԵՏՄ գագաթնաժողովի ընթացքում, որին Հայաստանի վարչապետը մասնակցել է հեռավար, կայացվել է Իրանին ԵՏՄ դիտորդի կարգավիճակ տալու մասին որոշում:

Սա, ըստ էության, նշանակում է, որ առանձնահատուկ շերտ է ավելանում նաև հայ-իրանական հարաբերությանը և հաղորդակցությանը, քանի որ Հայաստան-Իրան սահմանը Իրան-ԵՏՄ միակ ցամաքային սահմանն է: Ի դեպ, հարկ է նկատել, որ Իրանը հենց Երևանում է առաջին անգամ նախագահի մակարդակով մասնակցել ԵՏՄ աշխատանքին:

Դա տեղի ունեցավ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան ժամանեց ու ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Այս զարգացումները կարող են կարևոր նշանակություն ունենալ հայ-իրանական սահմանի անվտանգության ռեժիմի համար ընդհանրապես, ընդ որում ոչ միայն զուտ սահմանային իմաստով, այլ ընդհանրապես Հայաստանի հարավային հատվածի, որի աշխարհաքաղաքական զգայունության հանգամանքները շատ հայտնի են:

Ընդ որում՝ այստեղ գուցե ավելորդ չի լինի հիշատակել նաև այն որոշումը, որ կայացվել էր դեռևս հոկտեմբերին ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի միջեւ հանդիպմանը: Խոսքն այն մասին է, որ Երևանն ու Մոսկվան պայմանավորվեցին հայ-իրանական սահմանին հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայության հարցում, իսկ սահմանային անձնագրային անցակետում էլ ռուս սահմանապահներին ամբողջապես հայ սահմանապահներով փոխարինելու հարցում:

Սա, ըստ էության որակապես փոխում է թե ռուս-իրանական, թե հայ-իրանական փոխհարաբերությունը, միաժամանակ կարող է արտացոլել նաև աշխարհաքաղաքական եւ ռազմա-քաղաքական շերտերի վերախմբավորում:

Վերոհիշյալ համատեքստում, այս շրջափուլում ռուս-իրանական խոշոր կոմունիկացիայի ծավալումը կարող է նպաստել վերջին օրերին թուրք-ադրբեջանական ինտենսիվ կոմունիկացիայից բխող որոշակի ռիսկերի կառավարմանն ու լիցքաթափմանը, որ բավականին մտահոգիչ բնույթ ուներ հատկապես սիրիական իրադարձությունների ֆոնին: