28/12/2024

Բաքվում ներողություն են պահանջում Ռուսաստանից, Պուտինը լռում է

Ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վրա հակաօդային պաշտպանության հարձակման համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

«Ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնիի երկնքում։ Եվ դա անհնար է հերքել»,- ասել է Մեջլիսի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը՝ մեկնաբանելով մամուլի այն տեղեկությունները, թե դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի թռչող AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռով։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում որոշ մարդիկ լրատվամիջոցներով որոշակի գործողություններ են անում՝ իրենց հետքերը կոծկելու համար։

Սակայն, նրա կարծիքով, դրա փոխարեն ռուսական կողմը պետք է համարժեք գործի ստեղծված իրավիճակին և ներողություն խնդրի։

«Նրանք, ովքեր դա արել են, պետք է պատասխանատվության ենթարկվեն, զոհերի և տուժածների համար փոխհատուցում տրվի։ Եթե ​​դա տեղի չունենա, ապա հարաբերությունները, անշուշտ, կտեղափոխվեն այլ հարթություն»,- Մուսաբեկովի խոսքը մեջբերում է Turan գործակալությունը։

Նա հիշեցրել է, որ երբ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ խոցվեց ռուսական ռազմական ուղղաթիռը, ադրբեջանական կողմը ներողություն խնդրեց, հայտարարեց, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն և փոխհատուցում կվճարեն։

«Սրանք քաղաքակիրթ հարաբերություններ են։ Եթե ​​հակաօդային պաշտպանությունն աշխատում է, ուրեմն օդանավակայանը պետք է փակել, ծանուցում տալ, որ այստեղ մարդ չթռչի։ Ուստի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Մուսաբեկովը։

Ի դեպ, նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի միջադեպի մասին հարցեր չեն ուղղել: Բացառված չէ, որ նման ցուցում տրվել է Կրեմլից: