«Օպտիմալ ճանապարհը Մինսկի խմբի լուծարման Երևանի և Բաքվի համատեղ առաջարկն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ի պատասխան ճեպազրույցի ընթացքում այդ թեմայի վերաբերյալ հարցի:
Զախարովան, ըստ էության, կրկնում է այն, ինչ Երևանին առաջարկում է Բաքուն: Երևանն այդ առաջարկին արձագանքել է բազմիմաստ: «Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը:
Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ` այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ», իր վերջին հարցազրույցում, որը Իլհամ Ալիևի հարցազրույցի պատասխանն էր, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Եթե փորձենք «թարգմանել» բազմիմաստ հայտարարությունը, ապա բանաձևը, որով մոտենում է Երևանը հարցին, կարծես թե հետևյալն է՝ կոնֆլիկտով զբաղվող խումբ կարող է չլինել, եթե չլինի կոնֆլիկտ:
Մինչդեռ, կոնֆլիկտը կա, հետևաբար կա Մինսկի խմբի համանախագահության առնվազն դե յուրե գոյության անհրաժեշտություն, որքան էլ դե ֆակտո խումբը չի աշխատում շատ վաղուց: Եթե դա է Երևանի մոտեցումը, ապա այն, թերևս, ստեղծված իրավիճակում օպտիմալ է: Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի շահագրգռություն չի դրսևորում և ոչ մի համանախագահ: Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանը, օրինակ, հայտարարել էր, որ այդ հարցը Երևանի և Բաքվի որոշելիք հարցն է:
Ի՞նչ է մտածում այդ առնչությամբ Ֆրանսիան, կարծես թե դեռ պարզ չէ, Փարիզն այս թեմայով, կարծես թե, չի արտահայտվել: Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն, ըստ էության, չի աշխատում ուկրաինական պատերազմից ի վեր, սակայն խոշոր հաշվով այդ ձևաչափի ճգնաժամը սկսել է շատ ավելի վաղուց, պարզապես ուկրաինական պատերազմը դարձել է այն կետը, որտեղ առաջացել է միմյանց հետ չաշխատելու «ծանրակշիռ հիմնավորումը»:
Այդուհանդերձ, եթե նրանք ունեն միմյանց հետ չաշխատելու «ծանրակշիռ հիմնավորում», դա դեռ չի նշանակում, որ պետք է առանց նույնքան ծանրակշիռ հիմնավորման՝ պարզապես Հայաստանի և Ադրբեջանի միջև «համաձայնությամբ», իսկ իրականում՝ Բաքվի շանտաժով, կայացվի Մինսկի խմբի լուծարման որոշում:
Իհարկե, ԵԱՀԿ-ն, համանախագահ երկրները, Մինսկի խմբի անդամ երկրները կարող են քննարկել այդպիսի հարց, բայց խումբը լուծարելու համար պետք է հենց ծանրակշիռ հիմնավորում՝ արդյո՞ք լուծել է խումբը իր առաջ դրած խնդիրը, ինչպես է լուծել՝ եթե լուծել է, ինչու՞ չի լուծել՝ եթե չի լուծել:
Հարցը Երևանին ու Բաքվին թողնելը համանախագահների համար ընդամենը իրենց ուղղված անհարմար հարցերի պատասխաններից խուսափելու միջոց է, նաև Ադրբեջանի ագրեսիան ու շանտաժը լեգիտիմացնող «միջոց»:
Բաց մի թողեք
Փլուզվող հարաբերությունների և կառուցակարգերի պայմաններում, երբ հինն այլևս գրեթե «ավերակ» է
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Հայաստանում արձանագրվում է պետական և համայնքային ծառայությունների՝ քաղաքացիներին մատուցման որակի շոշափելի անկում