Ղազախստանում ադրբեջանական AZAL ընկերության կործանված ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում, ինչպես նախատեսված էր, Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների պատճառով, ասել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը լիարժեք աջակցություն կցուցաբերի Ղազախստանին և Ադրբեջանին ինքնաթիռի կործանման հետաքննության հարցում։
Յադրովն ասել է, որ Գրոզնիի օդանավակայանում խիտ մառախուղ է եղել, օդանավի հրամանատարը երկու անհաջող փորձ է կատարել ինքնաթիռն այնտեղ վայրէջք կատարելու համար։
«Գրոզնիում վայրէջք կատարելու փորձից հետո ինքնաթիռի հրամանատարին առաջարկվել են այլ օդանավակայաններ, սակայն նա որոշել է գնալ Ակտաու»,- նշել է Դմիտրի Յադրովը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ռուսական ՀՕՊ-ն է խոցել ինքնաթիռը, որը հետագայում կործանվել է Ղազախստանում։ Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռի թռիչքի ժամանակ ՌԴ-ի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ են գործել ուկրաինական ԱԹՍ-ները, ինչի պատճառով էլ պատահաբար խոցվել է ինքնաթիռը։
Ադրբեջանական մարդատար ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով, հայտարարել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը։
«Ինչպես մեզ հայտնի է, ինքնաթիռը խոցվել է ռուսական «Պանցիր-C1» զենիթահրթիռային համակարգի կողմից՝ Ռուսաստանի տարածքում»,- ասել է Բուդանովը՝ The War Zone նախագծին։
Հիշեցնենք, դեկտեմբերի 25-ին Ղազախստանում կործանվել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի էր թռչում։ Ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում և շտապ վայրէջք է խնդրել Ակտաուում, որտեղ էլ կործանվել է: Ինքնաթիռում գտնվող 67 հոգուց զոհվել է 38-ը։ Վթարի վայրից նկարահանված կադրերը ցույց են տվել օդանավի պոչի հատվածում անցքեր, որոնք առաջացրել են ենթադրաբար արտաքին ուժի հետևանքով, ինչն էլ հանգեցրել է կործանմանը:
Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին, Euronews-ը, վկայակոչելով Ադրբեջանի կառավարության աղբյուրները, հայտնել է, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական «երկիր-օդ» հրթիռից Գրոզնիում՝ անօդաչու թռչող սարքի գործողության ժամանակ։
Հիշեցնենք, որ Պետդեպն ու մի շարք ադրբեջանցի գործիչներ ևս Ռուսաստանին են մեղադրում ինքնաթիռի կործանման մեջ:
Բաց մի թողեք
«Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ FT
Ահասարսուռ դեպք ՌԴ-ում․ հայրը իր 6 երեխայից չորսին սպանել է
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները հարձակումներ են պատրաստում Սիրիայում ռուսական բազաների վրա․ ՌԴ ԱՀԾ