ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը:
Այս մասին պարզաբանում է տարածել նախարարությունը՝ ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների:
«Տեղեկացնում ենք, որ նախարարությունն ընդամենը հիշեցրել է դպրոցների տնօրենների պարգևատրման գործող օրենսդրությունը, ըստ որի` ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները և պարգևատրումները համարվում են լրացուցիչ աշխատավարձ, որը պետք է սահմանվի գործատուի իրավական ակտով։ Հետևաբար, որևէ դպրոցի տնօրենի պարգևավճարի սահմանումը պետք է իրականացվի տվյալ դպրոցի լիազոր մարմնի հրամանով՝ օրենսդրության համաձայն։
Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ սա վերաբերում է միայն դպրոցների գործադիր մարմնին՝ տնօրենին և վարչատնտեսական համակարգողին (առկայության դեպքում), իսկ դպրոցների մնացյալ աշխատակազմի պարգևատրումը հանդիսանում է դպրոցների իրավասության շրջանակում գտնվող հարց և կարող է իրականացվել հենց իրենց կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում։ Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ խոսքը վերաբերում է տարիներ շարունակ գործող օրենսդրությանը, որի իմացությունը և կիրառությունը առաջին հերթին դպրոցների գործադիր մարմնի՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի անմիջական պարտականությունն են։
Ինչ վերաբերում է շրջանառվող այն տեղեկատվությանը, թե դպրոցներից հետ է գանձվել տնտեսված միջոցների մի մասը, պետք է նշել, որ ՀՀ կառավարության 22․09․2022թ․ թիվ 1481-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգի համապատասխան տնտեսված միջոցները ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Միաժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նույն կարգի 7-րդ կետի համաձայն, ՀՀ մարզերից և Երևան քաղաքից հավաքագրել է ուսումնական հաստատությունների կապիտալ հրատապ անելիքները և առաջիկայում պատրաստվում է Կառավարության քննարկմանը ներկայացնել տնտեսված միջոցների մյուս մասը այդ հրատապ կարիքներին ուղղելու նախագիծը։
Հարկ է նշել նաև, որ հրատապ կարիքներին արձագանք է տրվում նաև նախարարության արագ արձագանքման ֆոնդի շրջանակում՝ հիմնականում դպրոցների տանիքների, սանհանգույցների, ջեռուցման հարցերի կարգավորման համար։
2024 թվականին այս ֆոնդի շրջանակում արդեն իսկ աջակցություն է տրվել շուրջ 25 դպրոցի, սկզբնապես նախատեսված միջոցները տարվա ընթացքում ավելացվել են շուրջ 30 մլն ՀՀ դրամով»,- ասված է ԿԳՄՍՆ պարզաբանման մեջ։

Բաց մի թողեք
Մատաղիսի ավերված դպրոցն ու Ալիևների ընտանեկան լուսանկարը․ Արցախի կորսված կրթության խորհրդանիշը. Լուսանկար
ԿԳՄՍ փոխնախարարներն ազատվել են պաշտոնից. Լուսանկար
Դադարեցնում եմ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս. Լուսանկար