Ղազախստանի նախագահ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է, որ ղազախական կողմը ամեն ինչ կանի ադրբեջանական օդանավի աղետի օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար:
Տոկաևի հավաստիացումները մի կողմից թվում են պարզ արարողակարգ, մյուս կողմից, սակայն դրանք բազմիմաստ են հնչում այն ինֆորմացիոն լայն ալիքի ֆոնին, որ ծավալվել է օդանավի աղետի պատճառների, մասնավորապես աղետի հարցում ռուսական ՀՕՊ դերի վերաբերյալ:
Կարծես թե ավելի ու ավելի հիմնավոր ու տրամաբանված է հնչում այն վարկածը, որ Բաքվից Գրոզնի մեկնող ադրբեջանական օդանավը վնասվել է Չեչնիայում ՀՕՊ համակարգի աշխատանքի հետևանքով, որը փորձել է չեզոքացնել այդ ժամանակ Չեչնիան գրոհած ուկրաինական անօդաչուներին:
Իհարկե, առաջանում են հարցեր, թե այդ դեպքում ինչո՞ւ ադրբեջանական օդանավի անձնակազմը չի զգուշացվել մինչև այդ գործողության գոտի մտնելը:
Մոռացե՞լ են զգուշացնել, դա դիսպետչերների՞ անփութությունն է, թե՞ հնարավոր է աղետը բոլորովին ալ անփութության հետևանք չէ: Իհարկե, այդտեղ բավականին նուրբ է դառնում դավադրապաշտության սահմանը, սակայն բոլոր դեպքերում, երբ կա պատկեր, որն առաջացնում է հարցեր, ապա դրանց համոզիչ պատասխանի բացակայությունը միշտ էլ առաջացնելու է կասկածներ:
Այդ ֆոնին, Ղազախստանի հավաստիացումը՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննության ու բոլոր պատճառների վերհանման վերաբերյալ, ստանում է առանձնահատուկ, նույնիսկ քաղաքական երանգ:
Ղազախստանը ստեղծել է պետական հատուկ կոմիտե, որը քննելու է աղետը, քանի որ այն եղել է Ղազախստանի տարածքում, օդանավը շեղվել և ուղղվել է դեպի ղազախական Ակտաու, սակայն չի հասել օդանավակայան:
Ի դեպ, մեկ այլ հարց է, թե ինչո՞ւ չի շրջվել հենց Ադրբեջան՝ Բաքվի կամ որևէ այլ օդանավակայան, երբ տարածությունը ամենևին ավելին չէր, իսկ գուցե նույնիսկ՝ ավելի մոտ: Ռուսաստանում, կարծես թե, դեռ չկա կողմնորոշում, թե ինչպես է պետք վարվել: Դրա մասին է վկայում Կրեմլի արձագանքը:
Կրեմլը հրաժարվում է որևէ գնահատականից՝ ասելով, թե պետք է սպասել քննությանը: Սակայն, խնդիրը գուցե ոչ այնքան պատճառները հասկանալն ու պարզելն է, որքան՝ «բացատրություն» մշակելը: Իսկ այն պետք է մշակվի առնվազն եռակողմ՝ Ռուսաստան, Ադրբեջան, Ղազախստան:
Եվ այստեղ է, որ Բաքուն ու Աստանան կարող են «տանդեմ» կազմել ընդդեմ Մոսկվայի: Իհարկե, ոչ թե ճշմարտությունը մատուցելու հարցում, այլ թերևս՝ «թաքցնելու» գնի, կամ հենց այդ՝ «բացատրության» գնի հարցում:
Մյուս կողմից, պատկերը բարդ է հատկապես Իլհամ Ալիևի համար, եթե Մոսկվան կտրականապես հրաժարվի պատասխանատվություն ընդունելուց, թեկուզ պայմանավորվելով որևէ «բացատրության» շուրջ: Բոլոր դեպքերում, Իլհամ Ալիևի համար, իհարկե, մնալու է թերևս ամենածանր բեռը՝ ադրբեջանական հանրության կասկածը:
Բաց մի թողեք
Թրամփի պաշտոնամուտն էական փոփոխություններ կբերի ԱՄՆ – ԵՄ հարաբերություններում
Թրամփ – Պուտին հանդիպումը նշանակելու է քաղաքական նոր սակարկության մեկնարկ
Պատճառն ու մոտիվը Թեհրանի քաղաքական ու դիվանագիտական ջանքի առնչությամբ որևէ ակնկալիքն է