«Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր գերատեսչությունների՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծերին: Տարեվերջյան համարում, հիմնվելով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում առկա տեղեկատվության վրա, ամփոփ կներկայացնենք, թե որ գերատեսչություններն են եղել ամենաակտիվները նախագծերի ներկայացման տեսանկյունից և որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը:
Եվ այսպես՝ կայքում առկա գրաֆիկի միջոցով կարելի է տեսնել ամենաշատ նախագծեր ներկայացրած տասը պետական մարմինների մասին վիճակագրություն: Տարվա ընթացքում ամենաակտիվը եղել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը ներկայացրել է 800-ից ավելի նախագիծ, նրան հաջորդում է արդարադատության նախարարությունը, որի ներկայացրած նախագծերը մոտ 800-ն են, երրորդ տեղում է էկոնոմիկայի նախարարությունը՝ մոտ 700 նախագծով:
Ամենաշատ նախագծեր ներկայացրած պետական մարմինների տասնյակում են պետական եկամուտների կոմիտեն, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, առողջապահության, պաշտպանության նախարարությունները, քաղաքաշինության կոմիտեն:
Իսկ որո՞նք են ամենաքննարկված նախագծերը՝ ըստ կայքում առկա տվյալների: Մեկը ԿԳՄՍ նախարարության՝ դեռևս 2020 թ. ամռանը հանրային քննարկման ներկայացրած նախագիծն է, որը վերաբերում է հանրակրթության չափորոշչին: Երկրորդը նույն ԿԳՄՍ նախարարության ներկայացրած մեկ այլ նախագիծ է, որը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետբյուջեից ֆինանսավորման կարգին: Այն հանրային քննարկման է ներկայացվել կրկին 2020 թվականին, իսկ այժմ լրամշակման փուլում է: Ամենաքննարկված նախագծերի եռյակը եզրափակում է կրկին ԿԳՄՍ նախարարությունն իր մեկ այլ նախագծով, որը հանրային քննարկման է ներկայացվել 2024 թ. հունվարփետրվար ամիսներին: Նախագիծը «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելու մասին էր: Հիշեցնենք, որ առարկան վերանվանվեց «Հայաստանի պատմություն»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար