Ակտաուում կործանված ինքնաթիռը վնասվել է գետնից պատահական գնդակոծության պատճառով։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ինքնաթիռը միտումնավոր չի հրակոծվել։ Ալիևի խոսքով՝ վերջնական տարբերակը հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։ Ալիևը նաև բացահայտել է մի շարք պատճառներ՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի՝ Ակտաուի մերձակայքում կործանման հետ։
Ալիևի խոսքով՝ վերջնական վարկածը հայտնի կդառնա միայն սև արկղերը բացելուց հետո։
«Սակայն նախնական վարկածները բավականին հիմնավորված են և հիմնված են փաստերի վրա, և փաստերն այն են, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է դրսից՝ ՌԴ օդային տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը: Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռն անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն էր»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Նա նաև հայտնել է, որ ցամաքից բացված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչամասը նույնպես մեծ վնաս է կրել։
Ըստ Ալիևի՝ թռչունների երամի հետ բախման վարկածը օրակարգից ամբողջությամբ հանել է այն փաստը, որ ֆյուզելյաժի վրա անցքեր են հայտնաբերվել: Նա ընդգծել է, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ գերադասել են հավատարիմ մնալ այս տարբերակին․ «Առաջին 3 օրը Ռուսաստանից ոչինչ չլսեցինք, բացի զառանցական վարկածներից: Մեզ զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցներն ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկածներ էին ներկայացնում։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել այդ հարցը, ինչը պատիվ չի բերում որևէ մեկին»։
Սակայն Ալիևն ընդգծել է, որ ինքնաթիռը դիտմամբ չի խոցվել: Նա հավելել է, որ Բաքուն բացահայտ ներկայացրել է իր պահանջները ռուսական կողմին։
«Ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, պետք է ընդունի իր մեղքը, մեղավորները պետք է պատժվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը, տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի», – ասել է նա:
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը մերժել է ՌԴ միջպետական ավիացիոն կոմիտեի՝ ավիավթարը հետաքննելու պաշտոնական առաջարկը:
Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:
Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:
Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից: Նախնական նշաններ կան:
Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Բաց մի թողեք
Զենքի սեփականատերերը Թրամփի օրոք ցանկանում են հրազենի սահմանափակումների վերացում տեսնել
«Նոր Օռլեանում հարձակումից մի քանի ժամ առաջ կասկածյալը սոցիալական ցանցերում տեսանյութեր է հրապարակել՝ պնդելով, որ ոգեշնչված է «Իսլամական պետությունից»
Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է Թրամփի նստավայրում