Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի համար փրայմերիզ անցկացնելու մասին՝ Գյումրիի օրինակով:
Այդ մեխանիզմը Փաշինյանը դիտարկում է որպես համայքի ղեկավարի պաշտոնակատարի, կամ ղեկավարի թեկնածուի ընտրության ժողովրդավարական մեխանիզմ: Այդ կերպ նա պարզապես փորձում է հրապարակավ ստանալ առավել մեծ քարոզչական էֆեկտ:
Գործնականում սակայն, «փրայմերիզի» մեխանիզմը Նիկոլ Փաշինյանի համար ներիշխանական թեստ է: Վերջին օրերին, իր իսկ խոսքով, մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ հանձնած վարչապետը փրայմերիզով ըստ էության «ստիպում» է թեստ հանձնել կուսակցականներին, համակիրներին:
Բայց ոչ թե կորոնավիրուսի թեստ, այլ՝ տրամադրությունների: Փրայմերիզը Նիկոլ Փաշինյանի համար ներիշխանական տրամադրություններ ստուգելու միջոցներից, գործիքներից մեկն է, որ նա ներդնում է իր համար:
Դա է պատճառը, որ հարկ եղած դեպքում Փաշինյանը կայացնում է միանձնյա կադրային որոշումներ, սակայն արդեն երկրորդ համայնքի պարագայում նա որոշումների պատասխանատվությունը դնում է կուսակցականների և համակիրների վրա:
Հարցն այն չէ, թե քանի հոգի է մասնակցում այդ փրայմերիզ ասվածին: Հանրապետության երկրորդ քաղաքում օրինակ դրան մասնակցել էր 1000-ից քիչ ավելի մարդ՝ 150 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքում: Տվյալ պարագայում դա ևս ցուցանիշ է, ցուցիչ է՝ տրամադրությունների ցուցիչ:
Իհարկե փրայմերիզը այդ իմաստով Փաշինյանի համար ներիշխանական, ներկուսակցական, համակիրների «թեստավորման», տրամադրություններ շոշափելու միակ գործիքը չէ, սակայն կարծես թե դառնում է անմիջականներից մեկը՝ զուգահեռ լուծելով նաև համայնքային ուժերի հարաբերակցության որոշակի հարցեր:
Ներիշխանական տրամադրությունների խնդիրը վարչապետ Փաշինյանի համար դառնում է շատ կարևոր, քանի որ նա թևակոխում է նախընտրական տարի: Իսկ Նիկոլ Փաշինյանին անհանգստացնողը վաղուց արդեն ոչ թե լայն հանրային տրամադրություններն են, այլ հենց սեփական համակիրների, ընտրազանգվածի, ինչպես նաև կուսակցական ֆունկցիոներների:
Փրայմերիզներն առավելապես հենց ֆունկցիոնալ մեխանիզմի աշխատանքը «ստուգելու» միջոցն են, որ գործադրում է Նիկոլ Փաշինյանը նախընտրական տարվա ընդառաջ:
Բաց մի թողեք
Թբիլիսիում ցուցարարները տոնական սեղաններ են տեղադրել քաղաքի կենտրոնում. Լուսանկարներ
Բաքվում սպասումներ կան, որ Իրանի շուրջ իրավիճակի սրացման դեպքում «հարավային Ադրբեջանը կապստամբի»
Ի՞նչ վիճակում է հայ-իրանական սահմանի ազատ տնտեսական գոտու ծրագիրը