02/01/2025

Ադրբեջանական ավիաուղիները կդադարեցնեն թռիչքները Ռուսաստանի 10 քաղաք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանձնարարել է երկրի ավիաընկերություններին անորոշ ժամկետով դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստանի տասը քաղաք՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Մենք նաև դադարեցրել ենք ռուսական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստանի երեք քաղաքից դեպի Ադրբեջան: Այսպիսով, մեր օդային հաղորդակցությունը տասը քաղաքներով այժմ դադարեցված է, և ես դեռ ասում եմ, որ անվտանգության հարցերն այստեղ առաջնային են»,- ասել է նա ադրբեջանական հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Ալիևն ընդգծել է, որ Բաքուն միշտ առաջնահերթություն է համարում իր քաղաքացիների անվտանգությունը, ինչի պատճառով էլ համապատասխան որոշումը կայացվել է հիմա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել էր մի շարք պատճառներ՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի՝ Ակտաուի մերձակայքում կործանման հետ։ Ալիևի խոսքով՝ վերջնական վարկածը հայտնի կդառնա միայն «սև արկղերը» բացելուց հետո։

«Ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է դրսից՝ ՌԴ օդային տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը: Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռն անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն էր»,- ասել էր Ադրբեջանի ղեկավարը։

Նա նաև հայտնել էր, որ ցամաքից բացված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչամասը նույնպես մեծ վնաս է կրել։

Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել էր: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:

Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:

Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող է խոցված լինել Ռուսաստանի ՀՕՊ-ից:

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ: