02/01/2025

Պուտինի հետ «քիմիան» այլևս վտանգավոր է Ալիևի համար

Բաքու-Գրոզնի օդանավի աղետից, երևի, մեկ շաբաթ առաջ տողերիս հեղինակը կանխատեսել է Պուտին-Ալիև «ապահարզան». այն, ինչ Ռուսաստանից հնարավոր էր ստանալ, Ալիևը «գրպանում է դրել» անցյալ տարեվերջին՝ ԼՂՀ լուծարում, հայ բնակչության բռնատեղահանություն, ռուսական զորախմբի դուրսբերում, գործընթաց, որ Ալիևը պսակեց երկու արտահերթ՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններով:

Հարավային Կովկասից Ռուսաստանի «վտարման» դիմաց նա ստացավ դինաստիական իշխանության պահպանման Արևմուտքի լուռ «օրհնությունը». ԱՄՆ պետական դեպարտամենտի, Եվրահանձնաժողովի և ԵԽԽՎ կոչերն ու բանաձևերը Արևմուտք-ալիևյան կլան «հակասությունների» իմիտացիա են:

Մարդկայնորեն, իհարկե, նողկալի է, որ Ադրբեջանն իր քաղաքացիական օդանավը մատնել է անտերության, իսկ Չեչնիայի իշխանությունները սառնասրտորեն խորտակել այն, բայց մեծ խաղում երեսուն-քառասուն կյանքը ոչինչ չարժե:

Ռուս-ադրբեջանական «ապահարզանի» համար Ալիևին պետք է եղել մի ցնցող միջազգայնորեն սկանդալային միջադեպ, և այն ստեղծվել է: Եթե ուշադրությամբ կարդանք աղետի մասին ադրբեջանական վտարանդիության որոշ ներկայացուցիչների գրառումներ, ապա պարզ կլինի, որ նրանք Ալիևին կասկածում են օդանավի խորտակման «հատուկ գործողությանը» մասնակից լինելու մեջ:

Եվ դա, անկախ այդ մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքից, շատ հիմնավոր կասկած է այն առումով, որ Ռուսաստանի և Ադրբեջանի Անվտանգության խորհուրդները, հատուկ ծառայությունները «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակման» մասին առնվազն երկու միջգերատեսչական պայմանագիր ունեն:

Ըստ այդմ՝ Ադրբեջանի քաղավիացիայի պատասխանատուները պետք է որ Պետական անվտանգության ծառայություներից զգուշացված լինեին, որ Գրոզնիի և Վլադիկավկազի օդանավակայանների շրջանում ՌԴ ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության ուժերը «գորգ» ռեժիմի են բերված:

Իսկ առհասարակ Մախաչկալան, Կասպիյսկը, Գրոզնին, Վլադիկավկազը, Մալգոբեկը վաղուց ռազմաճակատային քաղաքներ են և ցամաքային սահմանները կողպեքի տակ պահող Ադրբեջանը, թերևս, պարտավոր էր ժամանակին կասեցնել Բաքվից այդ օդանավակայանների թռիչքները:

Մանավանդ հայտնի է, որ արդեն երրորդ տարին է, Հարավային Կովկասից, սահմանակից երկրներից Մոսկվա թռիչքներ իրականացվում են այլ երթուղոց՝ շրջանցելով Հյուսիսային Կովկասը: Մոսկվան նույնիսկ Ռոստովի և Կրասնոդարի օդանավակայանները փակել է:

Խարդախամտությունը քաղաքականության մեջ որոշակի տեղ միշտ ունի, բայց Ալիևի դեպքում դա ժառանգական է: Խորհրդային Ադրբեջանում իշխանափոխություն իրականացնելու, իր դեմ ԽՍՀՄ Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական վարույթը դադարեցնելու, վերստին կոմունիստական առաջնորդության հասնելու համար Հեյդար Ալիևը 1989թ. տարեվերջյան օրով Նախիջևանում կազմակերպել և իրականացրել է Իրանի հետ ԽՍՀՄ պետական սահմանն ավերելու գործողություն, իսկ 90-ի հունվարին՝ Բաքվի զինված ապստամբությունը:

Նա հստակ գիտակցում էր, որ խորհրդային իշխանության տապալման փորձը պատժվելու է: Եվ ինքն էլ, լինելով արդեն անկախ Ադրբեջանի նախագահ, խոստովանել է, որ 1990 թ. հունվարի 19-ին Միխայիլ Գորբաչովը զանգել և պահանջել է, որ իր մարդկանց հեռացնի Բաքվի կենտրոնից: «Բայց դրա համար ես լիազորություններ պիտի ունենամ»,- պատասխանել է Ալիևը՝ պարզորոշ հասկացնելով, որ ապստամբությունը կդադարի, եթե ինքը նշանակվի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար: Գորբաչովն ընդհատել է խոսակցությունը:

Երկու ժամ անց տանկերը գրոհել են Բաքուն, տասնյակ քաղաքացիական անձինք սպանվել են: Ալիևի ոխերիմ թշնամի Վեզիրովը մի կերպ ռազմական օդանավով ճողոպրել է: Այդ գործողությունը Հեյդար Ալիևը կազմակերպել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի տեղակալ Բոբկովի, պաշտպանության նախարար Յազովի և Եվգենի Պրիմակովի ու Վիկտոր Պոլյանիչկոյի միջոցով:

Նրան պետք էր, որ ադրբեջանական ժողովուրդը «մահ Գորբաչովին» ասի եւ նպատակին հասել է: Իլհամ Ալիևին կրկնակի պետք է, որ ադրբեջանական հանրությունը Պուտինին «մարդասպան» ասի: Ալիևը չի ուզում արժանանալ Բաշար Ասադի ճակատագրին:

Պուտինի հետ «քիմիան» այլևս վտանգավոր է: Այդ «վսեմ» նպատակին հասնելու համար մի քանի տասնյակ մարդկային կյանք «կարելի է զորահաբերել»: Չէ՞ որ դա նրան հնարավորություն տվեց «ծնկի բերել» Պուտինին և շահել սեփական հանրության համակրանքն ու միջազգային դերակատարների հետ «հուսալի գործընկերոջ» վարկ վերականգնել:

Չեչենական առաջին պատերազմում Անկարա-Բաքու-Գրոզնի կապն աշխատել է: Հեյդար Ալիևը Չեչնիային դավաճանել է՝ շահելով ԼՂ հարցում Պուտինի աջակցությունը: Ադրբեջանական օդանավի աղետը, կարելի է չկասկածել, վերականգնելու է Անկարա-Բաքու-Գրոզնի եռամիասնությունը: