Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայ հանրությանն ուղղված ամանորյա շնորհավորանքում խոսում էր 2025 թվականին հայ-ամերիկյան հարաբերության զարգացման ուղղությամբ աշխատանքը շարունակելու անհամբերության մասին:
2024 թվականը հայ-ամերիկյան օրակարգի առնչությամբ աչքի ընկավ թերևս երկու էական իրողությամբ: Առնվազն պաշտոնական խոսույթում շրջանառվեց «ռազմավարական գործընկերության» հեռանկարի մասին ձևակերպում՝ ռազմավարական երկխոսության ձևաչափի շրջանակում հուլիսին Երևանում կայացած նիստի պաշտոնական հաղորդագրության շրջանակում:
Հայաստանի ԱԳՆ տեղեկատվության մեջ նշվում էր, որ կողմերը քննարկել են ռազմավարական երկխոսության ձևաչափից ռազմավարական գործընկերության մասին խոսակցության անցնելու հարցը: Երևանյան նիստի համար ժամանել էր պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մինչ այդ՝ ապրիլի 5-ին, ժամանել էր Բրյուսել, որտեղ տեղի ունեցավ աննախադեպ ձևաչափի հանդիպում Հայյաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի ու Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությամբ:
Փաշինյան, Բլինքեն և Ֆոն Դեր Լեյեն ձևաչափով քննարկվել էր Հայաստանի ինքնիշխանությունը, դիմակայունությունը բարձրացնելու, դրա համար անհրաժեշտ օժանդակության հարցը: Իհարկե, անմիջականորեն խոստացված օժանդակությունը բավականին համեստ էր:
Սակայն տվյալ պարագայում, հաշվի առնելով տարեվերջին արդեն քաղաքական պատկերի շոշափելի փոփոխությունը, արդիական է հարցը, թե օրինակ վերը նշածս երկու իրողությունները որքանով են տեղ զբաղեցնելու, օրինակ, ամերիկյան նոր վարչակազմի օրակարգում և պատկերացումներում, ի՞նչ տեղ են զբաղեցնելու:
Ապրիլի 5-ն ու նոյեմբերի 5-ը, ըստ էության, առարկայորեն տարբեր պատկերներ են: Ավելին, ինքնին հարց է եվրոպական պատկերացումը, որովհետև Եվրոպայում ևս տեղի են ունենում էական գործընթացներ, որոնք իրենց վրա կրելու են նաև ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքը, Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը:
Դա արդեն իսկ բավականին նկատելի էր Թրամփի Փարիզ կատարած այցից և դրան նախորդած մի հատկանշական իրադարձությունից՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հեռախոսազանգը Վրաստանի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, ինչը, կարծես թե, առանցքային նշանակություն ունեցող հանգամանք է Վրաստանում խորհրդարանի ընտրությանը հաջորդած իրավիճակի դինամիկայի առնչությամբ:
Սա ոչ միայն Վրաստանին, և դրա միջոցով Հայաստանին առնչվող հարց է, այլ ընդհանրապես քաղաքական տենդենցների տրամաբանության ցուցիչ ավելի լայն իմաստով: Ամենևին ոչ աշխարհաքաղաքական «հավատո հանգանակ», սակայն կարեւոր ինդիկատոր:
Միաժամանակ, հենց այդ առնչությամբ է, որ Հայաստանի ու եվրաատլանտյան միջավայրի հարաբերության լայն հարցը ունի թերևս հիմնարար մի մեկնակետ:
Հայաստանը պետք է կարողանա կառուցել ճկուն օրակարգ, որը այդ միջավայրի տարբեր խաղացողների հանդեպ կունենա «լիկվիդայնության» այնպիսի աստիճան կամ գործակից, որը սկզբունքային կասկածի տակ չի հայտնվի տվյալ միջավայրում քաղաքական փոփոխությունների արդյունքում: Եվ այդ իմաստով նաեւ շատ կարևոր է, որ Հայաստանն այդ օրակարգը մշակելիս առաջնորդվի երկկողմ, այլ ոչ թե «հավաքական» տրամաբանությամբ:
Սա բնականաբար նշանակում է առավել էներգատար, ժամանակատար, ռեսուրսատար աշխատանք, բայց հենց այդ տրամաբանությամբ է, որ աշխատանքը կունենա առարկայականության և կայուն արդյունավետության իրատեսական հեռանկար:
Բաց մի թողեք
Ինչ ակնկալիք ունի Հայաստանից Ռուսաստանը
Ռուս-իրանական հարաբերություններում «հիշողությունը թարմացել է» 44-օրյա պատերազմից հետո
Մեր բաց թողած հնարավորությունն օգտագործել է Ադրբեջանը