Նոր տարվա առաջին օրը Ստամբուլում, ի պաշտպանություն Պաղեստինի, հանրահավաք է կազմակերպվել: Ինչպես փոխանցում է «Անադոլուն», առավոտյան աղոթքից հետո մարդիկ հետիոտն և նավակներով հասել են Ղալաթիայի կամրջին:
Ըստ կազմակերպիչների՝ միջոցառմանը ներկայացել է ավելի քան 450 հազար հոգի: Պաշտոնապես հանրահավաքի կազմակերպիչ է համարվում «Ազգային կամքի հարթակ» կոչվող ոչ կառավարական կառույցն է, բայց դատելով իրողությունից, որ հանրահավաքին մասնակցել են Թուրքիայի կառավարության անդամներ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը, նախագահ Էրդողանի որդին, դուստրը և փեսան, նման ծավալի միջոցառումը, անկասկած, պաշտոնական Անկարայի մտահղացումն է:
«Նոր տարվա առաջին օրը մենք մեր հայտը ներկայացնում ենք աշխարհին»,- այս է հանրահավաքի գլխավոր նպատակը: Ընդսմին՝ ինչպես այլ աղբյուրներ են փոխանցում, միջոցառման «լոգոն» Պաղեստինը խորհրդանշող՝ գլխատված մարդու նկարն էր, որ ուներ «Ահամբեկիչ Իսրայել» գրառումը: «Երեկ Այա-Սոֆիայում, այսօր՝ Օմայաների մզկիթում, վաղն՝ Ալ-Ակսայում»,- վանկարկել են հարյուր հազարավոր մարդիկ:
Նախապես տեղեկություն կար, որ անցած տարվա վերջին ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին, Թուրքիայի նախագահը պետք է այցելեր Դամասկոս և գոհունակության աղոթք կատարեր իսլամական աշխարհի հնագույն սրբավայրերից մեկում՝ Օմայաների մզկիթում: Այդ այցը, սակայն, տեղի չի ունեցել:
Ըստ երևույթին, Սիրիայի «անցումային կառավարությունը» դեռևս լիովին չի ընդունել Թուրքիայի հովանավորությունը կամ այլ ուժեր թույլ չեն տալիս, որպեսզի Էրդողանը Դամասկոսի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատի:
Բարդ է ասել, թե Սիրիայի «օսմանականացումը» միջազգային ո՞ր ազդեցիկ դերակատարի կողմից է տորպեդահարվում: Փաստ է, որ տոնական օրերին ֆրանսիական օդուժը միացել է Սիրիայի հյուսիսում թիրախային ռազմագործողությանը՝ Միացյալ Նահանգների հետ, իսկ մինչ այդ Գոլանի բարձունքների բուֆերային գոտուց հեռանալու պատրաստակամություն դրսևորող Իսրայելն, ընդհակառակը, սիրիական ևս մի քանի բնակավայրերում ռազմական ուժեր է տեղաբաշխել:
Ըստ էության, Ստամբուլի հանրահավաքի հիմնական կարգախոսը միջազգային դերակատարներին հղած կոշտ մարտահրավեր է: Հանրային նման աջակցություն ստեղծելով՝ Էրդողանը բացահայտ ասում է, որ Երուսաղեմը «նույնպես օսմանյան ժառանգության մաս է և ինչպես Այա-Սոֆիայում ու Օմայաների մզիկիթում են թուրքերն աղոթում, վաղը նույնը կանեն Ալ-Ակսայում»:
Խորհրդանշական է, որ Էրդողանը նման միջոցառում կազմակերպել է խորհրդարանական քրդամետ DEM կուսակցությունից երկու պատգամավորի Իմրալի կղզու բանտ այցից և Քրդական բանվորական կուսակցության զմահ ազատազրկման դատապարտված առաջնորդ Օջալանի հետ հանդիպումից երկու օր անց:
Ըստ թուրքական մամուլի, Օջալանը քրդերին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի դեմ զինված պայքարը և անցնել քաղաքական գործունեության՝ հանուն «եղբայրության և պետական ամբողջականության»:
Ի՞նչ է ծրագրում Թուրքիայի նախագահը: Նա սպառնացել է, որ եթե Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների քուրդ «ահաբեկիչները զենքը ցած չդնեն, չհանձնվել արդարադատությանը, ապա երկաթե բռունցքով կոչնչացվեն»: Նա պնդում է, որ «ահաբեկիչները չեն ներկայացնում Սիրիայի քուրդ համայնքին և չեն կարող էնկլյուզիվ կառավարության մաս կազմել»:
Առավել վտանգավոր է Բաքվի իշխանական մամուլի վերջին մի քանի օրերի կեցվածքը: Մի շարք հրապարակումներ Իրանին մեղադրում են Մերձավոր Արևելքում սուննի և շիա հավատացյալների միջև «ռազմական բախումներ հրահրելու» մեջ:
Հունվարի 1-ին Ստամբուլում կազմակերպված հանրահավաքն ընդգծված կրոնական ուղղվածության էր: Էրդողանը, կարծես, զգուշացնում է, որ միլիոնավոր թուրքեր պատրաստ են պահպանել իսլամական աշխարհի սրբությունները, այդ թվում՝ Երուսաղեմում: Դա չափազանց համարձակ մարտահրավեր է, որ հղի է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի սպառնալիքով:
Ներիսլամական դիմակայության ո՞ր ճամբարին կհարի Ադրբեջանը, որ հիմնականում շիադավան է, իսկ ռազմաքաղաքական ինտերգրացիայով՝ թուրքական:
Բաց մի թողեք
Ամանորյա ուղե՞րձ, թե՞ իշխանազավթման հերթական փորձի անոնս
Օդանավի աղետից Ալիևը ձգտում և ձգտելու է հնարավորինս առավել շահ կորզել Պուտինից
Մեզ պետք չէ ամերիկյան շոու, որ ընտրությունների ժամանակ «ականջին կրակեն». Լուկաշենկո