06/01/2025

Ռուս – իրանական հարաբերություններն ու Հայաստանը

2025 թվականի մեկնարկային խոշորագույն իրադարձությունը, մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնամուտը, կարող է դառնալ Իրանի նախագահ Մասուեդ Փեզեշքիանի այցը Մոսկվա, որի ընթացքում հնարավոր է ստորագրվի ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագիրը:

Համենայն դեպս, այդ մասին արդեն ազդարարում են իրանական պաշտոնական աղբյուրները: Եթե այդ պայմանագիրը ստորագրվի, ապա դա կլինի աշխարհակարգային վերափոխումների համատեքստում իրապես խոշորագույն իրադարձություններից մեկը:

Անշուշտ, ամենևին ոչ միակը: 2025 թվականն այդ առումով կարող է նշանավորվել այլ հանգրվանային իրադարձություններով, այդ թվում՝ պայմանավորված նաև ԱՄՆ նախագահ Թրամփի պաշտոնամուտով, միջազգային հարցերին Թրամփի վերաբերմունքի համատեքստում:

Այդ իմաստով, մեզանում կա որոշակի մտայնություն, որ Թրամփի պաշտոնամուտը նշանակելու է ինչ-որ բանի ավարտ և համաշխարհային փոթորկի որոշակի հանդարտեցում: Գործնականում, սակայն, համաշխարհային վերափոխումները ընդամենը մտնելու են, կամ արդեն իսկ մտել են մի նոր շրջապտույտի փուլ:

Այդ ամենի պարագայում առավել արդիական է հնչում հարցը, թե ինչ կարող է անել հայկական էլիտան, կամ էլիտա կոչվածը, համաշխարհային լիդերների հետ լուսանկարվելու ոչ այդքան անհաջող փորձերից բացի, Ռուսաստանի և Ամերիկայի արանքում ինչ-որ տեղ ծվարելու կամ ըստ կշեռքի նժարի ծանրության կողմնորոշվելու ջանքերից բացի:

Կարող է արդյոք այդ էլիտան որեւէ կերպ հարստացնել և ժամանակի պահանջներին համապատասխանեցնել Հայաստանի` որպես պետություն ունեցած ներուժը: Կարո՞ղ է արդյոք այդ էլիտա կոչվածը արդիականացնել քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական համակարգերն այնպես, որ դրանք դառնան ոչ թե նոր աշխարհի բեռ, հոգս այս կամ այն բևեռի ուսերին, այլ նոր աշխարհի ներուժի թեկուզ փոքր, բայց մաս, ռեսուրս:

Թե՞ հայկական էլիտա կոչվածի պատկերացումները սկսում ու ավարտվում են միայն «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ, կամ մյուս կողմից էլ Փաշինյանի «դավաճանության» վերաբերյալ հռչակագրային արձանագրումներով:

Անշուշտ, որպես հռչակագիր դա ամենևին խնդրահարույց չէ, սակայն նաև բավականին ակնառու է, որ համաշխարհային գործերում սուբյեկտությունը պահանջում է ոչ թե հռչակագրեր, այլ բովանդակային առարկայական օրակարգեր, արժեքներ, գործնական «այցեքարտեր»՝ պետական որակների հանրագումարով:

Իհարկե, ավելի ճիշտ կլինի թերևս ասելը, որ այդ ամենը կարողացողն է, թերևս, որ իրապես կարող է համարվել հայկական էլիտա, արժանանալով թե՛ հանրային, թե՛ միջազգային գործընկերային ուշադրության: