Բանավեճը, կապված արցախյան կարգավորման գործընթացի հետ, ինքնին ավելորդ չէ: Խոսքը, իհարկե, այն բանավեճի մասին չէ, որ նախկին նախագահներին առաջարկում էր Նիկոլ Փաշինյանը:
Խոսքը հանրային առողջ և բովանդակային դիսկուրս ենթադրող քննարկումների, ու այդ համատեքստում էլ բնականաբար հնարավոր բանավեճերի մասին է, որ կարող են տեղի ունենալ տարբեր հանրային ու նաև ոչ հանրային հարթակներում:
Ի վերջո, ապագա կառուցելու համար մշտապես անհրաժեշտ է գնահատել ու վերագնահատել անցյալը, անցած ճանապարհը, հասկանալու համար սխալները, վրիպումներն ու բացթողումները, ապագայում դրանք չկրկնելու համար: Իսկ արցախյան հարցի պարագայում խոսքը հայկական պետականության համար ողնաշարային հարցի մասին է:
Ու չնայած Արցախի կորստին, այդ հարցը սոցիալ-հոգեբանական իմաստով շարունակում է առանցքային նշանակություն ունենալ հայկական պետականության համար: Ընդհանրապես, Հայաստանը տարածաշրջանում ուներ գործոն լինելու թերևս երկու հիմնական ռեսուրս` մեկը ժողովրդավարությունն ու արդիական արժեհամակարգը, եթե ստանձներ ժամանակակից արժեքների գեներատորի դերը, մյուսը` ռազմաքաղաքական բաղադրիչը, որ ձեռք էր բերել նաև արցախյան առաջին պատերազմում հաղթանակի շնորհիվ:
Այդ ռեսուրսների զուգորդումը, երևի թե, լինելու էր Հայաստանի մրցունակության ու հաջողության գաղտնիքը: Այսինքն, ուժային ներուժը պաշտպանելու էր ժողովրդավարությունը, իսկ ժողովրդավարությունն ու ժամանակակից արժեքային համակարգը լինելու էր մեր հաղթանակի պաշտպանության հիմնական գրավականը:
Սակայն կարծես թե այդ փոխադարձ զուգորդումը տեղի չունեցավ, կամ տեղի չունեցավ այն ծավալով, դինամիկայով, համակարգայնությամբ և ինստիտուցիոնալությամբ, որ պահանջում էին Հայաստանի առաջ մարտահրավերներն ու մեզ շրջապատող աշխարհի զարգացման տրամաբանությունը: Այսօր ակնառու է պետական նոր ինքնության որոնումը, որ իրականացվում է պետական քաղաքականության, կառավարող վերնախավի մակարդակում:
Թեև, ավելի ստույգ կլինի ասել՝ եղած ինքնության ապամոնտաժման քաղաքականություն, նորը գտնելու ակնկալիքով, կամ գուցե արդեն իսկ գտնված նորը դրա փոխարեն մատուցելու հաշվարկով:
Խորքային խնդիրը սակայն ոչ թե եղել է այն, որ Հայաստանը կառուցել է պետական սխալ ինքնություն, այլ այն, որ Հայաստանը բավարար ջանք եւ խորագիտություն չի դրսևորել այդ ինքնության պետական և հանրային արդյունավետ «սպասարկման» համար:
Հետևաբար, երբ դրվում է «սխալ ինքնության» խնդիր՝ ուղղակի, թե անուղղակի, դա ինքնին արդեն որևէ ապագա ճանապարհի սխալ «հիմնարկեք» է:
Բաց մի թողեք
Կովկասը կլինի ամերիկա-չինակա՞ն, թե՞ ամերիկա-ռուսական կոնսենսուսի գոտի
Սպիտակ տուն վերադարձող Թրամփը որքան նույնն է, այդքան նաև նոր
Թուրք-ամերիկյան հարաբերություններում ի՞նչ հարցեր են առաջնահերթ լինելու