Տարին սկսվեց անսպասելի իրադարձություններով: Նկատի չունեմ Տիրան Խաչատրյանի կալանավորումը: Նախորդ խմբագրականներից մեկում կանխատեսել էի, որ «PR-ռեպրեսիաներն» այս տարի ակտիվանալու են, որովհետեւ տարին նախընտրական է:
Մասնավորապես, իշխանության քարոզչական թեզերից մեկը՝ «սաղ բանակը թալանել էին, զենք չէին առնում, խեղճ Նիկոլն ի՞նչ աներ», պետք է գտնի իր «իրավական» ապացույցները: Չեմ կասկածում, որ համանման եզրակացություն այս տարի կհրապարակի 44-օրյա պատերազմը «քննող» ՔՊ-ական հանձնաժողովը: Ինձ զարմացրեց մեկ այլ բան՝ որ տարվա հենց սկզբից ընդդիմադիրները սկսեցին իրար ուտել:
Չգիտեմ, ինչ հաշվարկներ են արել նրանց «ուղեղային կենտրոնները», բայց իմ՝ իշխանությունից եւ ընդդիմությունից հավասարապես հեռու գտնվող մարդու աչքին դա անտրամաբանական թվաց: Եթե հավատանք սոցիոլոգիական հարցումներին, ապա Փաշինյանի վարկանիշը բավականին ցածր է: Բայց նրանից (ՔՊ-ից) հետո եկող՝ 2-3-րդ տեղերը զբաղեցնող քաղաքական ուժերը էապես զիջում են ՔՊ-ին: Այս պայմաններում որքանո՞վ է ճիշտ իրար բզկտելը:
Կրկնեմ, ընդդիմության ներքին խոհանոցից ես տեղյակ չեմ եւ չեմ բացառում, որ կա ինչ-որ «ինսայդերական ինֆորմացիա», որով նրանք առաջնորդվում են, բայց «բաց աղբյուրներով» ես տեսնում եմ հետեւյալը:
Վերջին ընտրությունները, որոնց ժամանակ քաղաքական ուժերը կարող էին դրսեւորվել, 2023 թվականի սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրություններն էին: Դրանց մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքն առաջնորդող Անդրանիկ Թեւանյանը կարողացավ համախմբել «նախկինամետ» ընտրազանգվածը եւ հավաքել 15 տոկոս ձայն:
Նրանք, ովքեր ղեկավարվում էին «ոչ նախկիններ, ոչ ներկաներ» կարգախոսով, ձայն տվեցին Հայկ Մարությանի «Ազգային առաջընթացին» եւ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնին»: Վերջինս, սակայն, կայուն քաղաքական գիծ չի դրսեւորում եւ գուցե ենթակա է ճնշումների:
Բացի այդ, այդ կուսակցության ավագանու խմբակցությունը չունի վառ քաղաքական դեմքեր:
Իսկ այդպիսի դեմքեր, համենայնդեպս, վերջին ընտրություններին արդյունքներով կարելի է համարել Հայկ Մարությանին եւ Անդրանիկ Թեւանյանին: Գումարած, իհարկե, Արմեն Աշոտյանին, որի դեմ իշխանությունը կիրառում է անթաքույց բռնաճնշումներ:
Եվ այս դեպքում խնդիրը ոչ միայն PR-ն է՝ Աշոտյանի մեջ իշխանությունը քաղաքական ներուժ է տեսնում: Ես չեմ խոսում այն մասին, թե ով է հրեշտակը, իսկ ով՝ հակահերոսը: Ոչ էլ փորձում եմ առաջ տանել «ընդդիմությունը պետք է միավորվի», իմ կարծիքով, կասկածելի թեզը:
Պարզապես կարծում եմ, որ ընդդիմությունն այն վիճակում չէ, որ ներքին «ռազբորկաներ» սկսի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան