08/01/2025

Հրաժարվել «խելագարության կանխավարկածից»

«Պլատոնն ու Արիստոտելը քաղաքականության մասին գրում էին այնպես, կարծես կանոններ էին հաստատում գժանոցի համար: Իսկ եթե նրանք ձեւ էին անում, իբր խոսում են կարեւոր գործերի մասին, ապա դա զուտ այն պատճառով է, որ գիտեին. խելագարները, որոնց նրանք դիմում էին, իրենց թագավորներ եւ կայսրներ էին պատկերացնում:

Նրանք ընդունում էին այդ խելագարների հասկացությունները, որպեսզի զսպեն նրանք խելագարությունը, եւ որքան հնարավոր է՝ հանգեցնեն նվազագույն չարիքի»: Այսպես գրում է 17-րդ դարի հանճարեղ գիտնական, գյուտարար եւ քրիստոնյա փիլիսոփա Բլեզ Պասկալը:

Այն կանոնները, որոնք կարգավորում են հասարակական կյանքը, ելնում են այն կանխադրույթից, որ մարդիկ իրար նկատմամբ լցված են սարսափելի ատելությամբ ու թշնամանքով, եւ մեր այդ բուռն կրքերը («խելագարությունը») հանդարտեցնելու նպատակով անհրաժեշտ են ինչ-որ «զսպաշապիկներ», որպեսզի մենք իրար վերջնականապես չուտենք:

Պասկալը դրա մասին գրում էր բացասական շեշտերով, իսկ նրա ժամանակակից անգլիացի Թոմաս Հոբսը՝ պրագմատիկ-կիրառական: «Խելագարության կանխավարկած», ինչպես ասում էր մեր հայտնի իրավաբաններից մեկը: Հիմքում, իհարկե, այն է, որ մենք մեզ եթե ոչ բառիս ուղիղ իմաստով, ապա որոշակի շրջանակներում կամ ոլորտներում «մինի-թագավոր» կամ «մինի-կայսր» ենք պատկերացնում, տառապում ենք «դոմինանտ լինելու», «վերխ հավաքելու» մարմաջով:

Մանավանդ սոցցանցային դարում այդ «պատկերացնելը» մեծ հեշտությամբ վերափոխվում է «պատկերելուն»: Որեւէ մեկը դժվարություն չի ունենա իր պրոֆիլի նկարում ներկայանալու Առնոլդ Շվարցենեգերի մկաններով: Այդ փոխաբերությունը կարելի է տարածել առանձին մարդկանց, մարդկանց խմբերի, ինչպես նաեւ պետությունների ու դրանց դաշինքների վրա:

Այս «խելագարությունը» հիմք է դառնում պատերազմների՝ երկրների ներսում լատենտ կամ բացահայտ քաղաքացիական հակամարտությունների եւ երկրների միջեւ «հիբրիդային» պատերազմների: Ընդ որում՝ Արիստոտելի եւ Պլատոնի, ինչպես նաեւ Կանտի, Լոքի, Ռուսոյի, Հոբսի մշակած կանոնները, ինչպես տեսնում ենք, չեն աշխատում:

Իսկ գուցե համընդհանուր խելագարություն, ատելության եւ թշնամանքի կանխադրո՞ւյթն է պետք վերանայել: Դրա տեղը դնել սիրո եւ համերաշխության կանխադրույթը: Ու համապատասխան կանոններ մշակել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am