ՀՀ նախկին երեք նախագահները, ինչպես հայտնի է, մերժեցին Նիկոլ Փաշինյանի՝ եթերում ԼՂ կարգավորման հարցով բանավեճի առաջարկը, ու յուրաքանչյուրն իր լրջության աստիճանին համապատասխան «մերժման կոնդակով» հանդես եկավ։
Լավ է, որ բանը չհասավ «տղամարդլամիշ» լինելուն և «դուՅելի» (հենց «յ»-ով) առաջարկին, ինչպես, ասենք, 2021-ի նախընտրական շրջանում առաջարկում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այդ շրջանում էլ ԼՂ խնդրի հարցով ՀՀ նախկին բանակցողներին բանավեճի հրավիրած Փաշինյանին։ Նկատենք, որ երեք նախագահների թիմակիցների կողմից եղան (և շարունակում են) բանավեճի մերժումը արդարացնող բազմաթիվ գրառումներ ու հայտարարություններ, հարցազրույցներ ու մենախոսություններ,
որոնք, սակայն, հիշեցնում են հայտնի ասացվածքը՝ «ով չափից դուրս շատ է ապացուցում, նա ոչինչ չի ապացուցում»։ Իսկ ապացուցման ենթակա բանը Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց արձանագրման բովանդակությունը հերքելն է։ Այն է՝ 1994 թվականից սկսած բանակցությունները ընթացել են ՀՀ վարչապետի ասածին հակառակ տրամաբանությամբ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը կամ պետք է ունենար անկախ կարգավիճակ, կամ էլ… միացված ՀՀ-ին՝ կազմելով ՀՀ տարածքային ամբողջականության մասը։ Իսկ իրականությունն այն է, որ առաջին նախագահը, ԼՂ հարցի կարգավորման հողի վրա լրջագույն հակասություններ ունենալով իր թիմակիցների հետ, ստիպված եղավ հրաժարական տալ, նրան հաջորդած՝ ծագումով ղարաբաղցի հաջորդ նախագահի օրոք քննարկվեցին կարգավորման, մեղմ ասած, խնդրահարույց «պլանները», և բանակցային սեղանին դրվեցին տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները, իսկ Սերժ Սարգսյանը այդ սկզբունքների հիման վրա բանակցելով՝ դեմ առավ 2011-ի «կազանյան ֆիասկոյին» ու 2016 թվականի ապրիլյան պատերազմին։
Նկատենք, սակայն, որ որքան էլ նախկին իշխանություններն իրենց «անսամբլով» փորձեն ասել, որ Հայաստանը ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի կազմում, իրենք իրենց ու ներքին լսարանի ականջները շոյելուց զատ ուրիշ ոչ մի խնդիր չեն լուծելու։ Իրականության մեջ, մինչդեռ, Ղարաբաղի տարածքը ԵԱՀԿ 56 անդամ-երկրների, այդ թվում Հայաստանի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք։ Ժամանակին նման տեսակետ էր հայտնել արցախցի քաղաքագետ, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։ «Խնդիրը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած մոդելի մեջ, այն է, թե ինչպե՞ս պետք է լուծել Ադրբեջանի տարածքում ապրող հայերի խնդիրը։ Ընդամենը սա է հարցը, Մինսկի խումբը որևէ այլ խնդիր չի լուծում։ Շատերը ԼՂՀ-ի մասին խոսելիս ասում են «ստատուս-քվո», ինչը շատ անորոշ բնութագրում է։ Բայց ի՞նչ կարգավիճակ ունի այդ տարածքը՝ ոչ մի։ Դա Ադրբեջանն է, որտեղ ինչ-որ խնդիրներ կան։ Մենք փորձում ենք ապահովել այդ տարածքի անվտանգությունը՝ ճանաչելով ուրիշ երկրի իրավական իրավունքը այդ տարածքի վրա։ Այլ կերպ ասած՝ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքում ապրող հայերի խնդիրների լուծման հարցն է, ոչ այլ բան»,- նշել էր փորձագետն ու հավելել՝ «Հայաստանի խնդիրն է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղին ոչ թե «օկուպացված տարածքներ», այլ մեկ ուրիշ կարգավիճակ տրվի և այդ հստակ ձևակերպումն ընդունելի դառնա միջազգային հանրության համար… ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձել է կուռքի նման մի բան, որին թեպետ անընդհատ քննադատում ենք, սակայն «ուսանողից մինչև նախագահ ասում են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։
Ի դեպ, մերժելով Փաշինյանի հետ ԼՂ խնդրի թեմայով բանավեճի առաջարկը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր՝ «հրապարակիր պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019 թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց»։ Նման մի առաջարկ, նշենք, 2022-ին արել էր նաև Սերժ Սարգսյանը։ «Բոլոր էդ փաստաթղթերը կան։ Պահանջեք Նիկոլ Փաշինյանից թող հրապարակի, թե 2019-ը թվականին իրեն ի՞նչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար ո՞րն է նշաձողը»,- մասնավորապես նշել էր երրորդ նախագահը։ Հատկանշական է, որ իր՝ օրեր առաջ հրապարակած «մերժման» տեքստում էլ Սերժ Սարգսյանը նկատել էր՝ եթե Փաշինյանը «շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ»։
Մինչ ՀՀ վարչապետն ու նրա աշխատակազմը կորոշեն՝ ինչպես վարվել բանակցային պլանները հրապարակել-չհրապարակելու հարցում, վերհիշենք, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել 2018-ի ապրիլի դրությամբ ՀՀ բանակցային գործընթացին տրված «դիագնոզին»՝ «բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած՝ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»։ Կարծում ենք՝ ընթերցողը գլխի ընկավ, որ այս ախտորոշման հեղինակը քիչ վերը մեջբերված խոսքերի հեղինակն է՝ ՀՀ նախկին «թիվ մեկ բանակցող» Սերժ Սարգսյանը։
Փաշինյանի բացահայտումները ԼՂ խնդրի «հիվանդության պատմության» մասին
Բանակցությունների հետհեղափոխական իրավիճակին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է
թե ԱԺ-ում (մասնավորապես 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի նիստում) և այլ հանրային հարթակներում տեղի ունեցած իր ելույթների, թե նաև 2022-ին հրապարակված իր «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում։ Այդ հոդվածի «հանձնվե՞լ, թե՞ չհանձնվել» ենթավերնագրի տակ Փաշինյանը, ըստ էության, ընդհանուր գծերով նկարագրում է իրեն ժառանգված բանակցային գործընթացի «հիվանդության պատմությունը»՝ կրկնելով օրերս արած գրառման լեյտմոտիվը. «Վարչապետի պաշտոնում ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի էությանն ու նրբություններին ծանոթանալը ինձ հանգեցրեց մի մտքի. բանակցային գործընթացը 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է: …Բանակցային 23-ամյա գործընթացում հայկական կողմի միակ հաջողությունը ժամանակն էր, որն, իհարկե, էական հաջողություն կլիներ, եթե այդ ժամանակը հնարավոր լիներ աշխատեցնել մեր օգտին: Բայց 2016 թվականի ապրիլյան պատերազմով երբ արձանագրվեց, որ Հայոց բանակը հաղթանակից 22 տարի անց կռվում է 80-ականների զենքերով, ժամանակ ձգելու դարաշրջանը նույնպես ավարտվեց: …Նման պայմաններում մեր առաջ պարզ ընտրություն էր դրված՝ տեղավորվել վերը նկարագրված տրամաբանության մեջ և անցնել տարածքների հանձնման գործընթացին, որոնք պայմանականորեն անվանվում էին «առարկայական բանակցություններ» կամ փորձել փոխել բանակցային տրամաբանությունը: Հենց այս խնդրի լուծմանն էին ուղղված մեր գործողությունները 2018 թվականից ի վեր, և գործընթացը գագաթնակետին հասավ 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որտեղ հանդես եկա Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված ծրագրային ելույթով:
Այդ ելույթի թեզերը հետևյալն էին. բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության հարցը պետք է լինի մեր օրակարգում, «Մադրիդյան սկզբունքներ»-ը պետք է ունենան միասնական մեկնաբանություն, որովհետև Ադրբեջանն այն յուրովի է մեկնաբանում, Հայաստանը յուրովի, ինչը գործընթացը դարձնում է անարդյունավետ, և հետո՝ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության և Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Առաջարկվող օրակարգը, սակայն, ամենևին էլ բանակցային պրոցեսը շարունակելու նախապայման չէին, այլ այն արդյունավետ դարձնելու մեր պատկերացումների շարադրանք»:
Ի՞նչ էր 2019-ին դրված «բանակցային սեղանին»՝ եթե դրված էր
Նախքան 2019-ին իբրև թե ներկայացված «կարգավորման պլանի» մասին խոսելը չենք կարող չվերհիշել, թե ինչպես էր նախկին իշխանության ագիտպրոպը աղաղակում՝ «44-օրյա պատերազմը տեղի ունեցավ, քանի որ Փաշինյանը չեղարկեց նախքան այդ գոյություն ունեցած բանակցային տրամաբանությունը (պահանջեց, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան) և բանակցությունները մտցրեց փակուղի»։
Այս համատեքստում հիշեցնենք մի քանի հայտարարություն։ 2019-ի մարտին ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը ԱԺ-ում փակ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու հարցը սկզբունքային և կարևոր հարց է, բայց ոչ նախապայման: «Սա նախապայման չէ, մենք ցանկանում ենք շարունակել և լուծում գտնել այս խնդրին։ Ի վերջո, խնդիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, որը ձևավորված քաղաքական միավոր է, ունի ինստիտուցիոնալ համակարգ արտահայտելու իր ժողովրդի կամքը և մոտեցումները, ունի ընտրված իշխանություն, և այդ համակարգը ճանաչված է միջազգային հանրության կողմից տարբեր փաստաթղթերում»,- ասել էր նա։ Նաև, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը, և դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ, հավելել էր. «Մենք չենք անելու որևէ բան, որը բանակցությունները փակուղի է տանելու, մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը, որը շատ էական հարց է, և շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ»։
2019-ի դեկտեմբերի 4-ին էլ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց հղեց Փաշինյանին՝ «Բրատիսլավայում ընթանում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդաժողովը, որտեղ հնարավոր է հնգակողմ փաստաթուղթ ստորագրվի։ Ուշագրավ է, որ Ադրբեջանն է փաստաթուղթ շրջանառել, որը մոտավորապես փուլային (ԼՂ խնդրի կարգավորման) տարբերակի նկարագրությունն է։ Եվ նշվում է, որ Բաքուն չի տեսնում հակամարտության քաղաքական կարգավորում այս շրջանակից դուրս»։ Փաշինյանն իր պատասխանում ըստ էության հերքեց որևէ փաստաթղթի գոյությունը՝ նշելով, որ ԼՂ հարցն այն հարցն է, որտեղ ցանկացած նախադասություն մեծադղորդ հնչելու հատկություն ունի։ «Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա, ինչո՞ւ չկա, որովհետև մենք նախորդ հարցուպատասխանի ժամանակ ասել ենք, որ մենք նախ պետք է հասկանանք ամպլիտուդը, երբ ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ մեր պարզաբանումները պետք է ստանանք: Իհարկե, այդ գործընթացն ընթանում է, բայց մենք դեռևս չենք ստացել, ոչ միայն կարևոր է այդ պարզաբանումները ստանալ, այլև այդ պատկերացումների շուրջ ընդհանուր համաձայնության գալը, որ մենք այ այս բաժակին նայելով՝ նույն առարկան ենք տեսնում, նույն պատկերն ենք տեսնում: Ղարաբաղի հարցի հետ կապված՝ ներկայումս կարող եմ արձանագրել հետևյալը, որ ես կարծում եմ, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը: Մենք ձևակերպել ենք Հայաստանի նոր ասելիքը ԼՂ հարցում, ՀՀ-ի և Արցախի նոր ասելիքը, արձանագրել ենք, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի կառավարությունների և, հետևաբար՝ ժողովուրդների պատկերացումները նույնական են, սա նշանակում է՝ 100 տոկոսով մենք նույն կերպ ենք պատկերացնում հարցի կարգավորումը, և երրորդ՝ արձանագրել ենք, որ մեր ասելիքն առավել լսելի և հասկանալի է դարձել միջազգային հանրության կողմից: Սրա վկայությունն այն է, որ շատ բանաձևեր, որոնք մենք առաջարկում ենք, արդեն իսկ պաշտոնապես համանախագահող երկրները կամ առնվազն մի մասն արձանագրել են, որ դա մի բանաձև է, որի հետ դժվար է վիճել»,- մասնավորապես նշել էր երկրի վարչապետը։ Կարելի է ենթադրել, որ 2019-ի տարեվերջի դրությամբ, դատելով Փաշինյանի խոսքից, բանակցային սեղանին «կարգավորման» որևէ նոր «պլան» դրված չի եղել, ընթացել է արդեն եղածի՝ Մադրիդյան սկզբունքների հստակեցման գործընթաց։
Իսկ թե ի՞նչ էր բովանդակում արդեն եղած բանակցային ժառանգությունը, արդյոք այն կարելի՞ է անվանել «խաղաղության պլան»՝ հաջորդիվ։
Հեղինե Մանուկյան
Բաց մի թողեք
Օձի տարում ծնված պաշտոնյաներն ու հայտնիները. Ինչպիսին են «օձերը»
Ինքնության ապամոնտաժման քաղաքականություն
Թրամփը Թուքիային կպատժի՝ նրա քթի տակ Քուրդիստան ստեղծելով