02/07/2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանն ամփոփեց 2024 թվականը․ Քրիստոսի արձանից Սնուփ Դոգ, Գիլոյան, բուհերի միավորում ․․․

«Գիտելիքի կիրառականության հետ կապված խնդիրներ ունենք, որն էլ լաբորատորիաների ներդրման մեր ծրագրով պետք է լուծենք»:

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը. «Պետք է հիշեցնեմ, որ այս տարվա մեր արդյունքներով 540-ից ավելի դպրոցներում բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ ենք բացել: Արդեն մեր հանրապետության դպրոցների կեսն ունի հագեցած լաբորատորիաներ, և սա շատ կարևոր է այս ուղղությամբ կրթության որակի բարձրացման տեսանկյունից»։

***

Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով. «Այստեղ դուրս գալու պատճառները տարբեր են։ Գիլոյանը չունի կարիք իր փաստաբանության, որովհետև սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն, կայացած է՝ անկախ որևէ պաշտոնից, և իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում։ Այս ոլորտում գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում, թարմ հայացքը երբեք ավելորդ չէ»։

Ինչ վերաբերում է տարածված խոսակցություններին, թե Գիլոյանի և Անդրեասյանի միջև տարաձայնություն է եղել, որն էլ հիմնական պատճառն է փոխնախարարի հեռանալու համար, նախարարն ընդգծեց․ «Իմ հարաբերությունները Գիլոյանի հետ չեն փոխվել, դրանք շարունակվում են՝ որպես մարդկային հարաբերություններ՝ անկախ որևէ պաշտոնից։ Գործնական հարաբերությունների ընդհատումը պետք է տեղի ունենա այնպես, որ մարդկային հարաբերությունները հնարավոր լինի շարունակել։ Դա է իմ սկզբունքը, չեմ տեսնում որևէ պատճառ այդ սկզբունքը չպահելու։ Գործը գործ է»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ տոներից հետո հրաժարական կտա։ Վերջինս նշել էր, որ ընտրվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադրամի խորհրդի անդամ, որն իրեն ավելի լայն հնարավորություններ է առաջարկում: Իսկ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանի հրամանով նա ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից։

***

Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ հարցին, թե արդյոք շարունակվո՞ւմ են Սնուփ Դոգի համերգի կայացման վերաբերյալ բանակցությունները, և եթե համերգը չկայանա, գումարն արդյոք վերադարձվելո՞ւ է պետբյուջե:

«Ամեն անգամ, երբ լրագրողները Սնուփ Դոգի համերգի հարցով դիմում են, փոխանցում եմ այն տեղեկատվությունը, ինչ այդ պահին ունենք կազմակերպող ընկերության կողմից:

Գիտեմ, որ նրանք (-խմբ․ նկատի ունի կազմակերպությունը) ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները, այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի բյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց։ ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել նրա համերգը Երևանում կազմակերպելու համար։

***

«Որևէ առանձին բուհի միավորման ծրագիր, որոշման նախագիծ չենք քննարկում և չենք քննարկելու, որովհետև սա մեզ համար ամբողջական բարեփոխման պրոցես է»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով բուհերի միավորման վերաբերյալ հարցին:

Խոսելով Ակադեմիական քաղաք ծրագրի մասին՝ նախարարը հիշեցրեց, որ դա շատ խոշոր ծրագիր է և պահանջում է ֆինանսական լուրջ ներդրումներ․ «Այս պահին Ակադեմիական քաղաքի ներդրումային ծրագիրն է կազմվում, որը հնարավորություն է տալիս նաև գործընկերներ ներգրավել տարբեր ուղղություններով: Պետք է ասեմ, որ շատ մեծ ներգրավվածություն կա, և պետք է ասեմ, որ մենք այս աշխատանքներին շատ լուրջ ենք վերաբերվում»։

***

Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքների ընթացքին և դրա շրջանակում իրականացված պեղումներին․ «Չգիտեմ՝ որտեղ է տեղադրվելու արձանը, բայց վստահ եմ, որ հուշարձանի տարածքում չի տեղադրվելու, դրանում կարող եմ վստահեցնել, որովհետև պեղումներն արվել էին նաև այն պատճառով, որպեսզի կարողանանք այդ իմաստով նաև հուշարձանի ամբողջ տարածքը պատկերացնել»:

Անդրեասյանը հույս հայտնեց, որ տարածքը կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր․ «Պետք է ասեմ նաև, որ հետաքրքիր գտածոներ ունենք, հին մետաղադրամներ. կիկլոպյան ամրոցի մասին է խոսքը: Ես ինքս եղել եմ պեղումների տարածքում, և կարծում եմ, որ դա կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր»:

Հիշեցնենք, որ 2022-ի հուլիսի 9-ին, Հատիս լեռան գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։ Խնդրո առարկա հաշվետվության մեջ, նկատենք, երկու տողով է ներկայացված հիշյալ համալիրի կառուցմանը հատկացված միջոցների մասին. մի դեպքում՝ 237 միլիոն 496 հազար 310 դրամ, մյուս դեպքում՝ 185 միլիոն 12 հազար 953 դրամ։

Հիմնադրամի նախորդ՝ 2022 թ․ հաշվետվությունից դատելով էլ՝ եւս 93 միլիոն 100 հազար դրամ համալիրի կառուցման աշխատանքներին հատկացվել է 2022-ին։ Այսինքն՝ երկու տարվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացվել մեծ աղմուկ հանած պրոյեկտը գլուխ բերելու համար:

Գագիկ Ծառուկյան հիմնադրամի (գործում է 2003-ից) տնօրենը ԲՀԿ ղեկավար Գ․ Ծառուկյանի դուստրն է՝ Անահիտ Ծառուկյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդու կինը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են Գագիկ Ծառուկյանը, նրա մայրը, կինը, ինչպես նաեւ՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու Դավիթ Մանթաշյանը։

Հիշեցնեք՝ Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին հայտարարեց, որ Հիսուս Քրիստոսի արձանը պատրաստ է, և այն կբացվի եկող տարվա վերջին․ «Արձանը պատրաստ է արդեն, տեղը պատրաստ է, հիմա ճոպանուղին են տեղադրում։ Մյուս տարվա վերջ բացումը կանենք, ամբողջ աշխարհին կհրավիրենք, և տա Աստված, որ Աստված մեզնից երես չթեքի»,- «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում նշել էր ԲՀԿ առաջնորդը։

Հայտնի է, որ «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանը։

Իր եւ իր ընտանիքի այդ գաղափարի մասին 2021 թ․ ԱԺ ընտրություններում պարտված ԲՀԿ ղեկավարն ազդարարեց 2022-ի հունվարին։ Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը դեմ արտահայտվեցին գաղափարին՝ ընդգծելով՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Փաշինյանն էլ, ընդհակառակը, դրական էր արձագանքել Ծառուկյանի գաղափարին, քանի որ այն, ըստ Կառավարության ղեկավարի, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

Նշենք, որ համալիրի հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍՆ-ն պահանջեց դադարեցնել համալիրի կառուցման աշխատանքները, քանի որ հիմնադրամը նախագիծ չէր ներկայացրել, չուներ կառուցապատման թույլտվություն։ Հատիս լեռան տարածքից 146 հեկտարը հիմնադրամը ձեռք էր բերել 2022 թ․-ին։ Լեռան գագաթը սեփականաշնորհելու փաստը հանրային դժգոհության ալիք բարձրացրեց, հնագետներն էլ ահազանգեցին՝ տարածքում պատմամշակութային արժեք ներկայացնող հնավայր կա։

Ժամանակ անց՝ 2023 թ․ մարտին, ԿԳՄՍ նախարարությունն ու «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին, որով ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսեց լեռան գագաթի մի հատվածի պեղումները: Պեղումներից ամիսներ անց, ինչպես «Հետք»-ն էր պարզել, հիմնադրամը հրաժարվել էր հնավայրի մի մասն ընդգրկող տարածքների նկատմամբ սեփականության իր իրավունքից։ Ակունք համայնքի ավագանու 2023 թ.-ի որոշմամբ մի շարք հողամասեր ճանաչվել են համայնքային սեփականություն։ 2024 թ․-ի մարտին Ակունք համայնքի ղեկավարի որոշմամբ 1․22 հա, 0․7 հա և 0․09 հա մակերեսով հողամասերը ճանաչվել են Ակունք համայնքի սեփականություն։ Համայնքին վերադարձված հողամասերի ընդհանուր մակերեսը 2.01 հեկտար է։

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի արձաններ կան Բոլիվիայում, Վիետնամում, Լեհաստանում, Պորտուգալիայում, ամենահայտնին էլ, թերևս, Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղակայված արձանն է։ 1931 թվականի հոկտեմբերի 12-ին կայացավ Կորկովադու լեռան գագաթին տեղադրված արձանի հանդիսավոր բացումն ու օծումը, եւ այն դարձավ Բրազիլիայի խորհրդանիշը։