Էմանուել Մակրոնին Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան շնորհավորական ուղերձում նրան 2025 թվականին Հայաստանում հյուրընկալելու ակնկալիքն առաջացրեց հարց, թե արդյո՞ք ի վերջո պաշտոնական կամ պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահը:
Սակայն 2025 թվականի համար, թերևս, կա մեկ այլ էական հարց՝ ի վերջո Սյունիքում կբացվի՞ Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսություն, որի մտադրության մասին Փարիզը հայտարարեց դեռևս 2023 թվականի ապրիլին, երբ Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան:
Տվյալ հարցը ունի բավականին էական աշխարհաքաղաքական նշանակություն: Այն իհարկե չպետք է գերագնահատվի, սակայն միևնույն ժամանակ, ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, Սյունիքի անվտանգության միջավայրի ձևավորումը պետք է կախված լինի տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, պաշտպանական բաղադրիչների համադրված, այսպես ասած համաչափ «ինտեգրված» ճարտարապետությունից: Ինչպես արդեն հայտնի է, Կապանում գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը:
Հյուպատոսություն բացելու ցանկություն են արտահայտել թե Ֆրանսիան, թե Ռուսաստանը: Մոսկվան շաբաթներ առաջ հայտարարեց, թե սպասում են Հայաստանի պատասխանին: Ինչին է սպասում Ֆրանսիան, հայտնի չէ: Հայաստանի արտգործնախարարը ամիսներ առաջ հայտարարել է, որ կան այլ երկրներ էլ, որոնք արտահայտել են Սյունիքում հյուպատոսություն հիմնելու ցանկություն կամ միտք, թեև չկա կոնկրետ գործընթաց:
Թե որ երկրների մասին է խոսքը, արտգործնախարարը չի մանրամասնել, սակայն այդուհանդերձ արդեն իսկ պաշտոնապես իրենց մտադրության մասին հայտարարած երկրների պարագայում բնականաբար հնչում է նաև հարցը, թե ե՞րբ տեղի կունենա այդ առաքելության հիմնումը:
Հնարավո՞ր է, որ զուգորդվեն Ֆրանսիայի նախագահի այցն ու Սյունիքում ֆրանսիական հյուպատոսության բացումը: Հասկանալի է, որ այստեղ խնդիրը լինելով հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերության տիրույթում, լայն իմաստով, իհարկե, գլոբալ քաղաքականության հարթության մեջ է:
Բոլորովին բացառելի չէ, որ հարցը կախված է նաև նրանից, թե ինչպիսին կլինի Փարիզ-Թբիլիսի հարաբերության ընթացքը, ինչպես նաև՝ արդյո՞ք կայուն երկխոսություն կձևավորվի Փարիզի ու Թեհրանի միջև: Ֆրանսիան, թերևս, նպատակահարմար չի գտնի Հայաստանում «կղզիանալը», որը կավելացնի պատասխանատվություն՝ սուղ հնարավորությունների պայմաններում:
Ըստ այդմ՝ Սյունիքում հյուպատոսարանի կառուցումը գուցե պայմանավորված է լինելու այն հանգամանքից, թե ինչպիսի հարաբերություն կկառուցի Փարիզը Վրաստանի և Իրանի հետ:
Բաց մի թողեք
Աննախադեպ քայլեր պետք է արվեն, ինչ անում է հիմա Ալիեւը
Պետությունը գործունակ և էֆեկտիվ է այնքանով, որքանով կարողանում է լուծելի խնդիրներ սահմանել՝
Բազմաթիվ հրեաներ կնախանձեին խուցպայի այն դրսեւորումներին, որոնք հեղինակել ու իրագործել է «հայկական հեղափոխության» առաջնորդը