Այսօր ծնունդառատ օր է, Բարձրյալը մի քանիսին է ծնունդ պարգևել հունվարի 9-ին, սկսենք Մեծից։ Այսօր կինոռեժիսոր, ավանգարդիստ Սերգեյ Փարաջանովի օրն է․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։
Մի անգամ իր ծննդյան օրը ռեժիսորը քայլում էր Կիեւի փողոցներով եւ բոլոր հանդիպած ծանոթներին իր տուն էր հրավիրում: Նրանք էլ եկան՝ մոտ 100 մարդ: Իհարկե, բնակարանում բնոլորը չտեղավորվեցին, բայց հոբելյարն իր ոճով գտավ հնարը: Նա ամբողջ շենքի սանդուղքին՝ առաջինից մինչեւ հինգերորդ հարկ, գորգեր փռեց եւ հյուրերին տեղավորեց այնտեղ: Ծանոթներին նաեւ հին սեղանի պարագաներ եւ բյուրեղապակյա բաժակներ տվեց (Փարաջանովի հայրը Թիֆլիսի մեծահարուստ հնահավաքներից էր): Այդպես էլ ծնունդն անցավ. հոբելյարը վերելակով բարձրանում էր հարկերի միջեւ կենացներ ասում, իսկ հյուրերը՝ աստիճաններին նստած, խմում էին նրա առողջության համար:
Ուսանողական տարիներին Փարաջանովը ամուսնացել էր Նիգյար անունով թաթար աղջկա հետ (բայց ծնունդով Մոլդովայից): Աղջիկն ամուսնացել էր առանց հարազատներին տեղյակ պահելու, իսկ երբ նրանք իմացել էին հարսանիքի մասին, սովորույթի համաձայն՝ Փարաջանովից մեծ գլխագին էին պահանջել: Ուսանողը դիմել էր հոր օգնությանը՝ աղաչել անհրաժեշտ գումարը տրամադրել, բայց նա մերժել էր: Պատճառն այն էր, որ որդին չէր ցանկացել շարունակել ընտանեկան գործը եւ հնավաքության փոխարեն նախընտրել էր կինեմատոգրաֆիան: Այդ ժամանակ ընտանիքը Նիգյարին հրամայեց թողնել ամուսնուն եւ հայրենիք վերադառնալ: Աղջիկը հրաժարվեց: Եվ նրա հարազատները ընտանիքը խայտառակած Նիգյարին նետեցին էլեկտարական գնացքի տակ. այդպես մահացավ Փարաջանովի առաջին կինը:
Ահա փարաջանովյան մտքերից․
Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով:
Ամբողջ կյանքում ինձ առաջ է մղում նախանձը: Ես նախանձում էի գեղեցիկներին եւ գրավիչ դարձա, նախանձում էի խելացիներին եւ անկանխատեսելի դարձա։
Ես հայ եմ, ապրում եմ Թիֆլիսում, մեղադրվում եմ ուկրաինական նացիոնալիզմի մեջ: Ուր էլ որ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարում․ եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր:
Մենք մեր սիրո համար ապաստան էինք փնտրում, իսկ ճանապարհը մեզ դուրս բերեց մեռյալների աշխարհ:
Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ սիրել:
Լիաթոք ուրախացեք, ինչպես ես եմ արել: Հիշելու բան ես ունենում: Այլապես և՛ քեզ կխղճաս, և՛ կյանքդ:
Ի՞նչ կյանք է, եթե սկզբունք ու քմահաճություններ չկան:
Իմ մեղքը երևի այն է, որ ծնվել եմ:
Բաց մի թողեք
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում. Լուսանկարներ
Հրանտ Թոխատյանի ծննդյան տարեդարձն է․ որդին և Կամերային թատրոնը շնորհավորել են
Այն, ինչ ունենք կինոյի ոլորտում, մեծ չափով պայմանավորված է նաև Ձեր գործունեությամբ․ Ժաննա Անդրեասյանը՝ Հարություն Խաչատրյանին․ Լուսանկարներ