Եթե գրանցված աշխատող եք, այս տարվանից պետությանը պետք է հաշվետու լինեք, թե որքան գումար եք աշխատում։ Եկամուտների հայտարարագիրը ՊԵԿ ներկայացվելու է տարին մեկ անգամ։ 2024-ի հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը 2025-ի մայիսի 1-ն է։
2024 թվականի հաշվետու տարվա համար 2025-ի մինչև մայիսի 1-ը ներառյալ անձը հայտարարագիր պետք է ներկայացնի, եթե՝ 2024 թվականի ընթացքում համարվել է վարձու աշխատող, 2024 թվականի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և/կամ հանրային պաշտոն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023 թ.ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից, 2024 թվականի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու, 2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն դրամի չափով կամ ավելի փոխառություն, 2023 թվականի համար հանդիսացել է Հաշվարկ (Հայտարարագիր) ներկայացնող:
Տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ` Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ։ Ստացվում է՝ այդքան մարդ պետք է հայտարարագիր ներկայացնի։ Արդյո՞ք համակարգը պատրաստ կլինի մեծ ծավալի տվյալների ներբեռնմանը։
Օրինակ, երբ 2024-ին ընդլայնվեց հայտարարագրվողների շրջանակը, ժամկետը երկարաձգվեց մինչև հուլիսի 22-ը, այսինքն` նախատեսված վերջնաժամկետը հետաձգվեց գրեթե երեք ամսով։
Պետեկամուտների կոմիտեից փոխանցեցին, որ առաջիկայում կիրազեկեն, թե ինչ եղանակով է իրականացվելու հայտարարագրումը, սակայն գործելու է հիմնականում նույն կարգը, ինչը նախորդ տարի էր կիրառվում։
Հայտարարագիր ներկայացնելու համար պարտադիր է նույնականացման քարտի առկայությունը։ Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք կունենան նաև եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։ Հայտարարագիր ներկայացնող անձը կարող է օգտվել փոխհատուցումից ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։
Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները։ Ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100,000 դրամ:
Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը փուլային է, վերջինը նախատեսվում է 2026-ին: Հաջորդ տարվանից հայտարարագիր կներկայացնեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ նրանից՝ գրանցված աշխատող են, թե ոչ։
Հայտարագիր չներկայացնելու դեպքում տուգանքի չափը 5000 դրամ է, իսկ տուգանվելուց հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի։
Բաց մի թողեք
Կառավարությունն արտանություն կտա «Գրանդ քենդիին» և «Հրաշք գրուպին»
Դոլարն ու ռուբլին գնալով արժևորվում են․ հունվարի 9-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Դատախազությունը պահանջել է ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ. Լուսանկար