Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանության է արժանացրել Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը արդեն հայտնի դարձավ Եվրաքվե նախաձեռնության արդյունքն է:
Նախաձեռնությունը հավաքեց անհրաժեշտ քանակի ստորագրություն՝ կառավարությանը դիմելու և հարցը խորհրդարանում քննարկելու համար: Կառավարությունը դրական եզրակացություն է հայտնել և Հայաստանի ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու, հանրաքվե անցկացնելու հարցը կքննարկվի Հայաստանի խորհրդարանում:
Այն, որ կառավարությունը դրական է արձագանքելու հարցին, Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայտնել էր դեռևս նախորդ տարի իր հարցազրույցում, ասելով, որ տարակուսելի կլինի, եթե կառավարությունը մերժի նախաձեռնությունը:
Փաշինյանը հիշեցրել է, որ ինքը Եվրախորհրդարանում 2023 թվականին հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն է պատրաստ: Ըստ Փաշինյանի, իր այդ հայտարարությունից հետո տարօրինակ կլինի, եթե իր գլխավորած կառավարող ուժը մերժի Եվրաքվեի նախաձեռնությունը:
Այստեղ, իհարկե, ուշադրության արժանին և գուցե տարօրինակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը այդ դիրքորոշումը արտահայտեց այն բանից հետո, երբ Եվրաքվե նախաձեռնությունը կազմակերպած ուժերը հավաքեցին անհրաժեշտ ծավալի ստորագրությունները:
Մինչ այդ, երբ նոր էր մեկնարկում նախաձեռնությունը, նոր էր բարձրացվում հարցը, կառավարող մեծամասնությունը, ըստ էության արտահայտվում էր դրա դեմ, խոսելով վաղաժամության և ոչ պատեհության մասին:
Հետո, երբ նախաձեռնությունը հավաքեց անհրաժեշտ ստորագրությունները, Փաշինյանը հանկարծ հայտարարեց, որ ինքը չէր էլ կասկածում, որ դրանք կհավաքվեն, ու նաև հայտարարեց, որ տարօրինակ կլինի, եթե Եվրախորհրդարանում իր հայտնի ելույթից հետո ինքը դեմ արտահայտվի հարցի քննարկմանը:
Միևնույն ժամանակ, կառավարության հունվարի 9-ի նիստում վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ դա չի նշանակում անդամակցություն, քանի որ այդ հարցը պետք է որոշվի հանրաքվեով: Սա նշանակու՞մ է, որ կառավարող ուժը դրական է արտահայտվելու նաև հանրաքվեի անցկացմանը գաղափարին, երբ այն քննարկվի խորհրդարանում:
Թերևս՝ այո: Քաղաքական իմաստով ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր վրա քաշել օրակարգի «դափնին», բաց չթողնելով այդ օրակարգի համակիր հանրային շերտերի ձայնը: Այստեղ առաջանում է երեք «հիմնական» այսպես ասած քաղաքական ինտրիգ:
Նախ, ինչպիսի՞ն է լինելու հանրային այդ շերտերի որոշումը՝ մնալ Նիկոլ Փաշինյանի՞ ընտրազանգվածի շրջանակում, թե՞ այն ուժերի, որոնք նախաձեռնել էին Եվրաքվեի գործընթացը: Մյուս ինտրիգն այն է, թե ինչպիսին է լինելու Նիկոլ Փաշինյանի և կառավարող ուժի վարքագիծը արդեն հանրաքվեի պայմաններում:
Հանրաքվեի դրական արդյունքի համար անհրաժեշտ է լինելու բավականին մեծ թվով ձայն, զգալիորեն շատ ավելի ձայն, քան օրինակ Նիկոլ Փաշինյանը ստացել է խորհրդարանի վերջին ընտրությանը՝ 2021 թվականին:
Սա իսկապես բավականին բարդ մարտահրավեր է նախաձեռնության համար ընդհանրապես: Որովհետև, հանրաքվեի դրական արդյունքի բացակայության պայմաններում էֆեկտը կարող է լինել ամբողջովին հակառակը, իսկ պատասխանատվությունը կմնա հանրության վրա:
Մյուս ինտրիգն այն է, թե արդյո՞ք հանրաքվեի մասին որոշման պարագայում, այն կլինի այսպես ասած լիովին առանձին պրոցես, թե՞ կզուգորդվի խորհրդարանի ընտրական պրոցեսի հետ:
Բաց մի թողեք
«Նարցիսիզմը» ժանգի պես խժռել է Հայաստանի իրատեսությունը, Ալիևը հիշել է Տեր-Պետրոսյանին
Ի վերջո, ով կպատռի Ալիևի դիմակը ․․․
Բաքվին ոչ խաղաղություն է պետք, ոչ սահմանազատում, ընդամենը թուրքական ներկայություն սահմանին