10/01/2025

Ես էլ տարիքով մարդ եմ, էդպես հատուկ չեմ ուշաթափվի տնօրենի պաշտոնի համար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոնների օպտիմալացմանը զուգահեռ, որոշել է նաեւ Մարտունու ծննդատունը միավորել Մարտունի բժշկական կենտրոնին:

Մարտունու ծննդատունը մարզում ծնելիության առումով առաջատար է, 2024թվականին ծննդատանը լույս աշխարհ է եկել մոտ 800 երեխա: Ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը hraparak.am-ի  հետ զրույցում ասաց, որ ոչ մի ինֆորմացիա չունի, եւ որեւէ պաշտոնական գրություն չի ստացել, անգամ չի լսել ծննդատունը Մարտունու ԲԿ-ին միավորելու մասին.

«Նախարարությունը ռազմավարություն որոշող կառույց է, եթե էդպես գտնեն, ինչ կարող եմ ասել, այս պահին օրակարգում այդպիսի հարց չկա, մենք մարզային ենթակայության տակ ենք գտնվում»,-ասաց նա:

-Մարզպետարանում այդպիսի հարց չի քննարկվե՞լ, եւ եթե ծննդատունը միավորվի, ի՞նչ առավելություն կունենա:

-Միգուցե կառավարման որոշ բաներ ավելի հեշտ կլինի, երբ քննարկումներ կլինեն՝ կմասնակցենք, հիմա մենք մեր բնականոն ռեժիմով աշխատում ենք»:

-Ինչպիսի՞ն են ծննդատան շենքային պայմանները, ծննդատունը հագեցվա՞ծ է համապատասխան սարքավորումներով:

Շենքային պայմանները փոքր են, խոսակցություն կար, որ ավելի մեծ շենք պետք է կառուցվի, դա մարզի եւ մեր տարածաշրջանի համար շատ լավ բան կլինի:

-Միավորումից հետո, բնականաբար Ձեր հաստիքը կկրճատվի, Ձե՞զ չի հուզում այդ հարցը:

Չեմ կարող ասել, թե երբ կլինի, եւ ով կլինի տնօրեն: Ես էլ տարիքով մարդ եմ, էդպես հատուկ չեմ ուշաթափվի տնօրենի պաշտոնի համար: