Երբ փորձում եմ ինչ-որ բան գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին կամ ինչ-որ համատեքստում պարզապես հիշատակում եմ նրա անունը, պարտադիր հայտնվում են «հեյթերների» եւ «ապոլոգետների» խմբեր, որոնք գրում են իրենց մեկնաբանությունները:
Ընդ որում, իմ տպավորությամբ, նրանք չեն էլ կարդում, թե ինչ եմ գրում՝ այնքան ուժեղ զգացմունքներ է նրանց մեջ առաջացնում առաջին նախագահի անունն անգամ: «Հեյթերները» հիշում են այն բոլոր անհեթեթ, ֆանտաստիկ պատմությունները (ռուսերեն լավ բառ կա՝ байки), որոնք տարածված էին 1990-ականներին՝ «լափած մազութը», «էլեկտրականությունը զեմլյա տալը», «գազատարները պայթեցնելը» եւ այլն:
Կամ՝ «Լեւոնը դեմ էր, որ մենք Շուշին ազատագրենք»: Կամ՝ «Ես իմ ականջով եմ լսել, որ Լեւոնն ասել է…», եւ հետո բերում են ինչ-որ մի արտահայտություն, որն անգամ բառապաշարի մակարդակով առաջին նախագահին չեն կարող պատկանել: Ես միշտ նման դեպքերում խնդրում եմ բերել այդ «ականջով լսածի» ձայնագրությունը կամ տեսագրությունը, բայց երբեք չեմ ստանում փաստացի ապացույցներ:
«Ապոլոգետները», որոնք, ընդունենք, ավելի փոքրաթիվ են եւ կրթված, առաջին նախագահին վերաբերվում են մոտավորապես այնպես, ինչպես շիա հավատացյալները իմամներին, որոնք, ինչպես հայտնի է, որեւէ կասկածից կամ քննադատությունից դուրս պետք է լինեն:
Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է խոսել 1995-96 թվականների կասկածելի ընտրությունների, կամ 1991-1998 թվականների ընթացքում տեղի ունեցած կամայականությունների, բռնությունների, սպանությունների մասին: Այնինչ ցանկացած մահկանացու, ինչպես եւ ցանկացած դարաշրջան ունի իր լույսն ու ստվերը:
Կարծում եմ, դրա հետ հնարավոր չէ վիճել: Օրինակ, ակնհայտ է, որ 1994 թվականից հետո ուժայիններին տրվեցին չհիմնավորված իրավասություններ, ինչը շատ հարցերում նրանց դարձրեց անվերահսկելի: 2007-09 թվականներին Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական կառույցը (հետագայում՝ ՀԱԿ-ը) դրսեւորում էր անընդունելի ագրեսիվություն եւ անհանդուրժողականություն՝ դրանով իսկ ստեղծելով «նիկոլականության»՝ շանտաժով համեմված հիստերիկ դոգմատիզմի, սաղմերը:
Բայց ինձ համար ամենակարեւորն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այն նախագահն է, որի իշխանության օրոք, մի քանի դար ընդմիջումից հետո, մենք կարողացել ենք ազատագրել հայկական տարածքների մի մասը:
Դա պատմական մեծ նվաճում է եւ իմ անսահման հպարտության առարկան, որի առաջ խամրում են բոլոր տեսակի թերություններն ու բացթողումները: Այդ նվաճումը մենք ունեցել մեր ժողովրդի հերոսական (այո, հերոսական) պայքարի եւ Տեր-Պետրոսյանի ընդունած ճիշտ որոշումների շնորհիվ:
Այդպես էլ կհիշվի առաջին նախագահը պատմության մեջ: Նրա որդեգրած քաղաքական կուրսն իր հիմնական սկզբունքներով ճիշտ էր, եւ եթե մենք ուզում ենք հետագայում նույնպես հաջողություններ ունենանք, մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք նրա ժառանգությունը:
Առողջություն եւ երկար կյանք:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան