09/01/2025

«Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով Էրդողանն ինչ է հրահանգել եղբայր Ալիևին

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահի նստավայրի տարածած հաղորդագրության համաձայն, Էրդողանը լիակատար աջակցություն է հայտնել «Հարավային Կովկասում կայուն և լիակատար խաղաղության հաստատման ջանքին» և միշտ կլինի Ադրբեջանի կողքին:

Ըստ հաղորդագրության, երկու կողմն էլ ընդգծել են «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը:

Էրդողանն Ալիևին զանգահարում է այն օրը, երբ նա Բաքվում ընդունել էր նաև Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, որը Բաքվից ժամանելու է նաև Հայաստան: Իհարկե Էրդողանի հեռախոսազանգը հազիվ թե պայմանավորված լինի անմիջականորեն իրանցի պաշտոնյայի այցով, սակայն այստեղ էական է ընդհանուր համատեքստը, եթե նկատի ունենանք և այն, որ իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Իրանի ԱԽ քարտուղարը Բաքու է այցելել Կովկասում քաղաքական և անվտանգային հարցերն ամրապնդելու համար: Այստեղ հատկանշական է, որ ռեգիոնալ հարցերը շեշտվում են նաև Էրդողան-Ալիև հեռախոսազրույցի մասին Բաքվի պաշտոնական հաղորդագրությունում:

Էրդողանի հեռախոսազրույցը, իհարկե, հատուկ ուշադրության է արժանի նաև այն հայտարարությունների ֆոնին, որ նախօրեին արել էր Իլհամ Ալիևը իր հարցազրույցում, որոնք բավականին ռազմատենչ և ագրեսիվ էին Հայաստանի հանդեպ, ինչպես նաև ակնառու մտահոգիչ դրույթներ էին պարունակում Իրանի համար: Էրդողանը զանգահարել է Ալիևին այդ հարցում աջակցություն հայտնելու՞ համար, թե՞ այդուհանդերձ նրան զգուշացնելու, որ գոնե առայժմ նպատակահարմար չէ «հրդեհել ռեգիոնը»:

Համենայն դեպս, Բաքվի և Անկարայի միջև տեղի է ունենում բավականին ինտենսիվ խոսակցություն: Վերջին մեկ ամսվա ընթացքում Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունենում արդեն երրորդ անգամ: Տարեվերջին եղել են ռազմական պատվիրակությունների ինտենսիվ շփումներ:

Դեկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի վերաբերյալ առանձնապես մանրամասներ չեն հանրայնացվել: Ինչպես արդեն հիշատակել եմ, հունվարի 8-ի ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունը պայմանավորում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությամբ:

Սակայն, էականը դա չէ, այլ այն, թե արդյո՞ք Թուրքիան Բաքվին կտա ռազմական գործողությունների «անցագիր», կվառի կարմի՞ր, թե՞ կանաչ լույս: Առանց դրա Ադրբեջանի չի անի ոչինչ: