21/01/2025

Էրդողանը իշխանափոխություն է բեմադրում

«Անադոլուն», հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչության կողմից սոցիալական X հարթակում գրառմանը, հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հյուսիսային Կիպրոսի թուրթական հանրապետության մայրաքաղաք այցի ընթացքում հունվարի 9-ին հանդիպել է «Հանրապետական թուրքական» և «Ժողովրդական կուսակցության» առաջնորդներ Թուֆան Էրհյուրմանի և Կուդրեթ Օզերսայի հետ:

Հանդիպումը կայացել է «ՀԿԹՀ»-ում Թուրքիայի դեսպանատանը, քննարկումներին մասնակցել է նաև դեսպան Յասին Էքրեմ Սերիմը: Հանդիպման օրակարգի, քննարկումների և դրանց արդյունքների մասին որևէ մանրամասնություն Թուրքիայի ԱԳՆ-ն չի տարածել, տեղեկատվական արտահոսք թուրքական մամուլի հասանելի աղբյուրները չեն տվել:

Բաց աղբյուրներից հայտնի է, որ Թուֆան Էրհյուրմանը 2018 թվականի «խորհրդարանական ընտրություններից» հետո երեք այլ ուժերի հետ ձևավորել է կոալիցիա և նշանակվել «վարչապետի» պաշտոնում: Մեկ տարի անց կոալիցիան փլուզվել է, Էրհյուրմանի «կառավարությունը»՝ ցրվել:

Այս առումով խիստ ինտրիգային է, որ Կիպրոսի օկուպացված հատված այցի շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը չի հանդիպել «ՀԿԹՀ նախագահ» Էրսեն Թաթարին: Համենայն դեպս, այդ մասին Թուրքիայի ԱԳՆ սոցցանցային գրառումը ոչինչ չի ասում: Արատռոց է նաև, որ Հաքան Ֆիդանը «ՀԿԹՀ նախագահին» ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներին, հատկապես նախկին «վարչապետին» հանդիպել է Թուրքիայի դեսպանատանը:

Միջազգային մամուլում անցյալ տարեվերջին տեղեկություն է հայտնվել, որ Կիպորսը «ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ է ներկայացրել»: Թուրքիայի արձագանքն ավանդական էր: «Կիպրոսի հարցի կարգավորման միակ տարբերակը երկու՝ հունական և թուրքական պետությունների ճանաչումն է»:

ՆԱՏՕ-ին Կիպրոսի անդամակցությունը, գուցե, տեսանելի ապագայում իրական չէ, բայց դաշինքի առանձին երկրների հետ Նիկոսիայի ռազմական համագործակցությունը փաստ է, որ կարող է նոր դրսևորումներ ունենալ: Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումը հնարավորություն է ստեղծել, որ եվրոպական ազդեցիկ երկրները Միջերկրականի արևելյան հատվածում տնտեսական, կոմունիկացիոն և անվտանգային համակարգ ձևավորեն:

Այդ նախագծումներում Կիպրոսին կարևոր դերակատարություն է վերապահվում: Անցյալ տարի Էրդողանը երկու անգամ փորձ է կատարել, որպեսզի «ՀԿԹՀ»-ն ճանաչվի Թուրքական պետությունների կազմակերպության անդամ, բայց ֆորմալ որոշում այդպես էլ չի կայացվել: «ՀԿԹՀ»-ն պաշտոնապես չի ճանաչել անգամ Ադրբեջանը, թեև Իլհամ Ալիևը «նախագահական մակարդակով» Բաքվում ընդունել է օկուպացիոն ռեժիմի փաստացի ղեկավար Էրսեն Թաթարին:

Մերձավոր Արևելք-Միջերկրականի արևելյան գոտի տարածաշրջանում նոր իրավիճակի ֆոնին, որտեղ «առաջին ջութակ» է դիտվում Թուրքիան, Անկարան ի՞նչ քննարկումներ է կազմակերպում Էրսեն Թաթարին ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ: Կարելի՞ է ենթադրել, որ օկուպացիոն ռեժիմի փաստացի ղեկավարը «հոգնել է միջազգային ճանաչման հասնելու» ձախողված փորձերից և փորձում է կարգավորման այլ տարբերակներ քննարկել:

Հնարավոր է, որ Էրսեն Թաթարը թուրքական աշխարհում մեծ ճանաչում և հեղինակություն չունի, Կիպրոսի օկուպացված հատվածը պետք է ունենա խարիզմատիկ առաջնորդ: Բացառված չէ, որ Թուրքիան Կիպրոսում քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակ ունի, որպեսզի ձախողի Նիկոսիայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմավարական համագործակցությունը, և Էրսեն Թաթարը նման ծանր պատասխանատվություն չի վերցրել:

Կիպրոսի օկուպացված հատվածում իշխանափոխությունը Թուրքիայի համար, իհարկե, միայն տեխնիական խնդիր է, բայց հետագա զարգացումները «լեգիտիմությամբ օժտելու» համար ներքին «պահանջվածության» ֆոն է պետք: Ամեն դեպքում, երեւում է, Թուրքիան Կիպրոսի դեմ ինչ-որ ծրագիր է մշակում: Բացառված չէ, որ մոտ ապագայում վերստին սրվեն հույն-թուրքական հարաբերությունները: