03/07/2025

Թրամփ – Պուտին հանդիպումը նշանակելու է քաղաքական նոր սակարկության մեկնարկ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինը ունի իր հետ հանդիպման ցանկություն և այդ հանդիպումը կազմակերպելու աշխատանքը արդեն իրականացվում է:

Թրամփը, իհարկե, ասել է, որ հանդիպումը կկայանա իր պաշտոնամուտից՝ հունվարի 20-ից հետո: Ըստ նրա՝ դրա ընթացքում կքննարկվի Ուկրաինայում կոնֆլիկտն ավարտելու հարցը: Թե հունվարի 20-ից հետո հատկապես, երբ կարող է կայանալ այդպիսի հանդիպում, Թրամփը գոնե առայժմ չի մանրամասնում:

Օրինակ, երբ 2021 թվականին նախագահի պաշտոնը ստանձնեց Ջո Բայդենը, նրա և Պուտինի միջև առաջին հանդիպումը կայացավ հունիսին՝ Շվեյցարիայում: Ե՞րբ կլինի Թրամփի ու Պուտինի հնարավոր հանդիպումը, դա էական հանգամանք է: Էական, թերևս, ոչ միայն ուկրաինական պատերազմի տեսանկյունից:

Թրամփ-Պուտին հանդիպումը նշանակելու է քաղաքական նոր սակարկության մեկնարկ, կամ գուցե այսպես ասած տեսանելի մեկնարկ: Կասկածից վեր է, որ քննարկման սեղանին կլինի ոչ միայն Ուկրաինան:

Թե ինչ այլ հարցեր և ինչ խորությամբ կքննարկվեն, բարդ է ասել, սակայն ուկրաինական պատերազմ կամ կոնֆլիկտ ինքնին, հասկանալի է՝ որ գոյություն չունի: Գոյություն ունի աշխարհակարգային վերափոխման մեծ դիմակայություն, հետևաբար Թրամփ-Պուտին հանդիպումը նշանակելու է այդ հարցի ամբողջ մասշտաբի դիտարկում:

Հետևաբար` արդիական է հարցը, թե դիտարկման առումով ինչ աստիճանի հայացք կարող է լինել Կովկասին: Դա էլ թերևս նշանակում է, որ մինչ հանդիպումը կարող է ծավալվել այսպես ասած «նախապատրաստական» զուգահեռ գործընթաց՝ «բանակցային դիրքերի» իմաստով:

Ընդ որում, խոսքը վերաբերում է թերևս ոչ միայն Թրամփին ու Պուտինին, այլ նաև այն բազմաշերտ, տարբեր տրամաչափի շահառուներին, որոնք, իհարկե, համակ ուշադրությամբ հետևելու են նրանց հանդիպման կազմակերպման ընթացին և սպասելու են հանդիպմանն ու քննարկումներին: Ըստ այդմ` դա մի հանգամանք է, որը կարող է մինչև հանդիպումը լինել տուրբուլենտության աճի խթան, այդ թվում Կովկասում:

Հայաստանի համար այդ շրջանում հարկ է բազմապատկել իրավիճակի կառավարելիությանն ուղղված ջանքը, խուսափելու համար իր հերթին «դիրքերը բարելավելու» Ադրբեջանի հնարավոր փորձերից: Այդ ջանքը պետք է ներառի թերևս ոչ միայն կառավարությունը, այլ նաև հասարակական-քաղաքական ամբողջ օրգանիզմը: