10/01/2025

Մոր սպանությանը ականատես մանկահասակ երեխան խաղարկել է իր տեսածն ու ներկայացրել

«Սպանությունը կատարվել է մանկահասակ երեխայի ներկայությամբ: Այդ փաստը հաստատվել է նաեւ հոգեբանական փորձաքննությամբ: Գործին կա կցված հոգեբանի եզրակացություն: Երեխան մինչեւ այսօր շարունակում է վերարտադրել իր տեսածը: Այն, ինչին ականատես է եղել, տեսած սպանությունը խաղարկում է ու այդպես ներկայացնում: Դրա վերաբերյալ կան բավականին ապացույցներ»,- Aravot.am-ին ասաց 2022 թվականի մայիսի 4-ին Երեւանում երիտասարդ կնոջ սպանության գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվողը սպանվածի ամուսինն է՝ Նարեկ Սարգսյանը: «Պաշտպանական կողմն առաջին օրվանից վարկած է առաջ քաշում, որ Նարեկ Սարգսյանը չէ սպանողը, այլ մեկ այլ անձ է: Բայց գործով հաստատված է, որ սպանության օրը Նարեկ Սարգսյանը երեք այցելություն է ունեցել: Հիմա չեմ մեկնաբանի ամեն այցելություն, ճառերի փուլում եմ ասելու: Մեր կարծիքով՝ կասկած չկա ու հաստատված է, որ Նարեկ Սարգսյանն է սպանություն կատարած անձը: Պաշտպանական կողմի ներկայացրած տվյալները, թե այլ անձ է մուտք գործել շենք, բայց նրա անձը չի նույնականացվել, շահարկվող, ոչ էական հանգամանքներ են»,- ասաց Հովիկ Սուքիասյանը: Մեր հարցին՝ որն է եղել սպանության շարժառիթը, փաստաբանն այսպես արձագանքեց. «Հիմա չեմ բարձրաձայնի, դատարանում եզրափակիչ ելույթում պետք է ասեմ»:

Անդրադառնալով պաշտպանական կողմի պնդումներին, թե իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, որ սպանության մեջ մեղադրվողն ու սպանվածը նախկին ամուսիններ են եղել, ասաց. «Սպանությունից առաջ վերջին մեկ տարին նրանք փաստացի առանձին են ապրել: Տաթեւն ապրել է նրա ծնողների կողմից վարձակալած բնակարանում՝ Երեւանում:

Երեխայի այցելությունները թույլատրել է ամուսնուն: Այսինքն՝ թեկուզ ամուսնական կապի մեջ գտնվելը ոչ պարբերաբար, չի նշանակում, որ եղել են ամուսիններ: Մենք դատարանին ապացույց ենք ներկայացրել, որ Տաթեւը նախապատրաստել է ամուսնալուծվելու հայց ներկայացնել դատարան: Ինչ վերաբերում է հղիությանը, այո՛, վաղաժամ հղիություն է եղել, փորձաքննությամբ հնարավոր չի եղել գենետիկական առումով նույնականացնել: Այդ հարցը խորությամբ չեմ կարող մեկնաբանել»:

Նա հերքեց պաշտպանական կողմի պնդումները, թե դեպքի օրը սպանությունից ժամեր առաջ տղամարդ է այցելել սպանվածին, որի անձը չեն նույնականացրել. «Չկա նման բան: Տաթեւիկ Աբրահամյանին որեւէ տղամարդ չի այցելել, նման բան գոյություն չունի»: Ինչ վերաբերում է կնոջ սպանությունից հետո նրա հեռախոսների՝ տնից անհետանալուն, փաստաբանը պարզաբանեց. «Մենք չենք ասում Նարեկի մոտ է գտնվել, ասում ենք՝ Նարեկը հեռախոսազրկել է այդ աղջկան: Իմ թվարկած երեք այցելություններից առաջինի ժամանակ Նարեկ Սարգսյանը երկու հեռախոսներն էլ տարել է: Դա է պատճառը, որ Տաթեւը մարդկանցից հեռախոս է խնդրել ու զանգել իր հեռախոսահամարին: Իսկ Նարեկ Սարգսյանը, որ տաներ, չէր պահելու իր մոտ, բնական է՝ մի տեղ թողնելու էր»:

Փաստաբանը, թեեւ կատարվածը նախապես պլանավորած սպանություն չի համարում, բայց տեղեկացնում է՝ սպանվածի ու սպանություն կատարելու մեջ մեղադրվողի միջեւ կան հեռախոսային հաղորդագրություններ, որով մեղադրյալը սպառնացել է կնոջը սպանել. «Ընդ որում՝ ոչ միայն Տաթեւին, այլեւ նրա հորն ու եղբորը»: