«Ես մեկ անգամ ևս ուզում եմ հաստատել՝ շատ լավ է, որ կրթվում են մեր այսօրվա ղեկավարները, բայց խնդիրն այն է, որ իրենք շատ կարևոր գիտելիքներ ձեռք են բերում մեր երկրին մեծ վնասներ տալու գնով»,- ՀՀ առաջին նախագահի 80-ամյա տարեդարձի առթիվ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած պանելային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ըստ նրա՝ սա իսկապես խնդիր է՝ հատկապես, երբ տեսնում ես՝ կրթության նկատմամբ իրենց իրական վերաբերմունքն ինչ է․ «Հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է կրթությունը՝ որպես մի բնագավառ, որը պետք է մեկուսացնել և բոլոր բուհական հաստատությունները տեղափոխել ու փակել մի ակադեմիական քաղաքում»։
Հարցին՝ ինչո՞ւ այդ խնդիրներն այս իշխանությունը լուծել չի կարողանում, ու նաև չի ստացվում իշխանափոխություն անել, Լևոն Զուրաբյանը պատասխանեց․ «Երկրի, պետության խնդիր լուծողն իշխանությունն է։ Առանց իշխանության լինելու կարող ես ընդամենն անել առաջարկներ ու քննադատություններ։ Իշխանությունները չունեն դրա համար կրթական ցենզ․ սա մակերեսային գիտելիքներ ունեցող մարդկանց իշխանություն է։ Ինչու մենք չենք կարողանում հեռացնել դա, կապված է նրա հետ, որ 2021-ի ընտրությունների արդյունքում ձևավորվել է մի խորհրդարանական ընդդիմություն, որը կոպիտ ասած այս ժողովրդի աչքի լույսը չէ, և ժողովուրդը մտածում է, որ եթե Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, միգուցե վերադառնան նախկինները, որը լուրջ արգելք է դարձել արդյունավետ քաղաքական գործունեության համար։ Մեր նոր ռազմավարությունն այն պետք է լինի, որ պետք է միավորենք երկրի բոլոր իրատեսական, ռացիոնալ մտածող ուժերին, չվարկաբեկված քաղաքական ուժերին, ձևավորենք մի բևեռ, մի քաղաքական շարժում, որը կդառնա ժողովրդի համար ընդունելի այլընտրանք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այդ դեպքում մենք կկարողանանք արմատապես վերափոխել իրավիճակը երկրում»։
Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ ամենակարևոր հարցը 2019-ի հունիսի պլանի հրապարակումն է և նաև պարզեցումը, թե ինչ են արել մեր իշխանություններն ի պատասխան այդ պլանի․ «Մենք այստեղ տեսնում ենք՝ եղել է պլան, որը բավականին լավն է եղել մեզ համար, և մենք կարող էինք պահպանել Ղարաբաղը Լաչինով և Քելբաջարով։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե միայն թաքցրել է, մերժել է բանակցություններ վարելը, այլև նա տրոլինգով է զբաղված եղել։ Նա ամբողջ միջազգային հանրությանը և Ալիևին փորձել է ապացուցել, որ ինքը թքած ունի բանակցային այդ գործընթացի վրա։
Բայց միևնույն ժամանակ ինքը թաքցնում է այս ճշմարտությունը մեր ժողովրդից։ Իրենք պետք է վերջնական պատասխան տան՝ դուք ի՞նչ եք արել, այդ պլանը եղե՞լ է, թե՝ ոչ։ Այս մարդիկ ժուլիկներ են, նրանք խաղում են մեր երկրի ճակատագրի հետ՝ քաղաքական խարդախներ, խաբեբաներ։ Մենք այս մարդկանց ականջներից պետք է բռնենք, բերենք պրոժեկտորի լույսի տակ, որ նրանք կատարեն իրենց պարտականությունները և ճշմարտությունը բացեն մեր ժողովրդի առաջ»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին՝ Լևոն Զուրաբյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ ինքը կարող է նոյեմբերի 9-ի փաստաթղթի պարտավորությունները չկատարել, փոխարենը ստանալ մի որևէ արևմտյան հովանավորության մի խաղաղության պլան, որտեղ կոմունիկացիաների տրամադրում չլիներ Ադրբեջանին։ Ինքը դրա համար զոհաբերեց Ղարաբաղը, իր մտահղացումն այն էր, որ Արևմուտքը կարողանալու է բերել Ադրբեջանին մի նոր պլան ստորագրելու, ինքը կապահովի Զանգեզուրի լրիվ սուվերենություն, բայց դա տեղի չունեցավ։ Ըստ էության արևմուտքը տեր չի կանգնում այդ քաղաքականությանը, հետևաբար այսօր զինադադարի գործող միակ փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։ Ղարաբաղն արդեն կորցրել ենք, ոչ Լաչինի միջանցք կա, ոչ ռուս խաղաղապահներ, բայց այդ պարտավորությունը, միևնույն է, մնում է կախված Նիկոլ Փաշինյանի վրա, և նրանից պահանջում են։ Ինքն ընկել է փակուղու մեջ․ մի կողմից, եթե դուրս գա այդ փաստաթղթի պատասխանատվությունից, դա կմատուցվի, որ ՀՀ-ն միակողմանիորեն դուրս եկավ զինադադարի հայտարարությունից, և դա առիթ է տալիս Ադրբեջանին պատերազմ սկսելու, մյուս կողմից, եթե մնում է, ուրեմն պիտի կատարի։ Արդյոք պե՞տք է գնալ նոյեմբերի 9-ի հայտարարության վերակենդանացման ճանապարհով։ Ես գիտեմ մի բան․ իսկապես պիտի ընդունենք՝ այն, ինչ պետք է զիջեր Ադրբեջանը, ինքը չի զիջել։ Կործանել է Ղարաբաղը։ Ստացվում է ի դեմս Փաշինյանի ՀՀ-ն մնացել է միակողմանի պարտավորության տակ, հետևաբար ես կարծում եմ՝ կարելի է գնալ, մոդիֆիկացիների շուրջ խոսել, որ պարտավորությունները դառնան երկուստեք։ Ժամանակն էլ չի մնում, որովհետև ալիևյան հայտարարությունը շատ աներկիմաստ, շատ պարզ, պատերազմի հայտարարության անոնս էր։ Պարզ ասում էր՝ ուժի դար է, ուժով վերցնելու եմ, չեք անելու, տեսեք ձեր հալը։ Ես չգիտեմ՝ իսկ ինչո՞ւ ինքը դա չպետք է անի։ Դրա համար զսպիչ գործոն է պետք։ Ո՞րն է այդ գործոնը․ԱՄՆ-ից գալու են Ադրբեջանի դեմն առնե՞ն, Ֆրանսիան զորքե՞ր է ուղարկելու։ Ալիևն ասում է՝ ինձ խաղաղության պայմանագիր պետք չէ։ Ինչ-որ մեկը պետք է կարողանա Ադրբեջանի անզուսպ, լկտի, ագրեսիվ պահվածքը կանգնեցնել։ Ո՞րն է այդ գերտերությունը»։
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ եթե Փաշինյանն այդ կուրսը դեպի արևմուտք համարում է ճիշտ, ուրեմն այսօր պիտի ապացուցի դա․ երևան գան այն ուժերը, որոնք գալիս, ասում են՝ մենք ձեզ պաշտպանելու ենք․ «Այսօր դա պետք է ցույց տան, որովհետև վաղն Ալիևը մտնելու է մեր երկիր, կամ էլ պիտի ընդունի՝ այդ կուրսը սխալ էր, գնա ու փորձի ռուսների հետ լեզու գտնել։ Իրավիճակը աղետալի է, անոնսը պատերազմի կա․ Ալիևը պատրաստ է մտնել քո երկիր, դու կամ ցուցադրի, որ արևմուտքը դրա դեմն առնելու է, կամ ռուսների հետ գնա խոսելու, որովհետև ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում։ Միջազգային իրավունք չի գործելու, ինչ-որ բարոյականություն, հումանիտար մոտեցումներ․ դրանք բացարձակապես չեն գործելու։
Հետևաբար մենք պետք է հասկանանք՝ մեր քաղաքականությունն ինչի վրա է խարսխված։ Մենք ո՞նց ենք ապահովելու մեր անվտանգությունը։ Այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանը չունի։ Մենք սպասում ենք այդ հարցի պատասխանին»։
Բաց մի թողեք
Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև միջադեպ, քաշքշուկ չի եղել, թե՝ եղել է
Թե ում է պետք այս ինֆորմացիան և ինչ է տալիս դա մեր հանրությանը՝ գիտի երևի միայն Փաշինյանը
Հայաստանի ռուսամետ ուժերը գալիք խորհրդարանական ընտրություններում երկու լրջագույն խնդրի են բախվելու. Հակոբյան