Ի պատասխան երկու օր առաջ Հայաստանի Հանրապետության հասցեին Իլհամ Ալիեւի հնչեցրած սպառնալիքների եւ դրանց գործող իշխանության անատամ արձագանքի, ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված ասուլիսում ասաց.
«Նախ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ալիեւին իր այս բացահայտ սպառնալիքների համար, որովհետեւ դրանով հեշտացնում է մեր այն գիտակից քաղաքացիների գործը, որոնք փորձում են մեր ժողովրդին բացատրել, որ «խաղաղության» բարբաջանքը, որ մենք արդեն քանի տարի լսում ենք Փաշինյանի կողմից, իրականության հետ որեւէ ձեւով աղերս չունի եւ դիմացի երկիրը արդեն բացահայտ սպառնում է Հայաստանին՝ ամենավերջին խոսքերն օգտագործելով, անգամ վերջնագրային պահանջներ է դնում: Որ այս պարագայում արժանապատիվ պատասխան կլիներ Փաշինյանի կողմից, մենք, բնականաբար, նման սպասելիք չունեինք:
Հերթական անգամ Փաշինյանը իր պատվազուրկ խոսքով ցույց տվեց իր կերպարը, չդիմեց անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին այն սպառնալիքների համար, որոնք հնչել են մեր երկրի ինքնիշխան տարածքի հետ կապված: Հնարավոր էր նաեւ դեսպաններ հրավիրել, այս հարցը քննարկել: Այսինքն, ինքը խաղում է թշնամու դաշտում, ինքը թշնամու ճամբարի մաս է կազմում: Մենք ներսում ունենք թշնամական մի մաս, որը ծառայում է մեր հակառակորդին:
Այս պարագայում ո՞րը պիտի լինի հայ ժողովրդի արձագանքը: 19-րդ դարի սկզբներին ամերիկյան միսիոներները Արեւմտյան Հայաստանում տեսնում էին, թե թուրքերը զենքերը հանձնելու ինչ պահանջներ էին ներկայացնում հայերին եւ զարմանքով նշում, որ հայերը փող ունեն, բայց զենք չեն գնել: Իսկ հիմա, երբ թուրքական կառավարությունը պահանջում է զենքերը հանձնել, հայերը քրդերից փողով զենք են գնում եւ հանձնում, որ ցույց տան, թե իրենք պետության պահանջները կատարում են: Եվ թուրքերը զենքերը հավաքելուց հետո գալիս ու ամբողջ ժողովրդին արտաքսում էին: Եվ այն բոլոր դեպքերում, երբ հայերը զենքը չէին հանձնում եւ դիմադրում էին, շնորհիվ 1915 թվականի դիմադրության այդ վտակների գումարի, մենք կարողացանք այդ աղետից դուրս գալ՝ Հանրապետություն ծնելով 1918 թվականին: այո, կային մարդիկ, որոնք դիմադրում էին եւ այդ վտակները միավորվեցին, դարձան մի նոր հրաշքով ծնված Հայաստանի Հանրապետություն:
Հիմա, 100 տարի անց մեզ զենքերը հանձնելու վերաբերյալ նույն պահանջներն են դնում, այս անգամ՝ պետականորեն: Եվ տեսանք Փաշինյանի արձագանքը, որն ասում է՝ Արեւմտյան Հայաստանը Մարալիկն է, այսօրվա Արմավիրն է: Մենք իսկապես պետք է հասկանանք, որ Հայաստանում, սփյուռքում դիմադրության վտակները պետք է միավորվեն, համախմբվեն, ստեղծեն դիմադրության շարժում, որտեղ ԱԺԲ-ն անպայման առաջնորդը լինելու հավակնություն չունի: Դա ցույց տվեց անցած տարվա մեր ամբողջ գործունեությունը: Բայց մենք պնդում եւ պնդելու ենք, որ առանց այդ համախմբման, առանց դիմադրության շարժման մենք ապագա ունենալ չենք կարող»:
Բաց մի թողեք
Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև միջադեպ, քաշքշուկ չի եղել, թե՝ եղել է
Թե ում է պետք այս ինֆորմացիան և ինչ է տալիս դա մեր հանրությանը՝ գիտի երևի միայն Փաշինյանը
Հայաստանի ռուսամետ ուժերը գալիք խորհրդարանական ընտրություններում երկու լրջագույն խնդրի են բախվելու. Հակոբյան