10/02/2025

Թրամփի պաշտոնամուտն էական փոփոխություններ կբերի ԱՄՆ – ԵՄ հարաբերություններում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը չի ստացել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտին մասնակցելու հրավեր և ներկա չի լինի Վաշինգտոնում, չնայած ակնկալում է, որ պաշտոնամուտից հետո ԱՄՆ նոր վարչակազմի հետ կհաստատվի կառուցողական երկխոսություն և գործընկերություն:

Գրեթե կասկածից վեր է, որ Թրամփի պաշտոնամուտն էական փոփոխություններ կբերի ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում: Միայն Գրենլանդիայի օրինակը խոսում է դրա մասին:

Թրամփի մտադրությունները բավականին լուրջ են դիտարկում եվրոպական առաջնորդները: ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունը թերևս նոր իրողություններ է բերելու ոչ միայն այդ երկու սուբյեկտի, այլ գործնականում ավելի լայն միջավայրի համար, նվազագույնն այն երկրների շրջանակով, որոնք սերտ հարաբերություն ունեն թե ԱՄՆ, թե Եվրոպայի հետ:

Ընդ որում՝ այս պարագայում խոսքը պարզապես Թրամփի մոոտեցումների կամ էպատաժային կերպարի մասին չէ: Այդ կերպարն ինքնին արտացոլում է շատ ավելի խորքային պրոցեսներ եվրաատլանտյան միջավայրում՝ թե՛ այդ միջավայրի, թե՛ համաշխարհային զարգացման մոդելների և պատկերացումների ընդհուպ գաղափարական մրցակցության տեսքով:

Այդ հանգամանքն արդեն իսկ արտահայտվում է Եվրոպայում, որը դեռևս նախորդ տարվա հունիսին կայացած եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքով զգալիորեն «ներկվել» է աջ պահպանողականությամբ:

Ընդ որում՝ կա շարունակվելու միտում և այդ համատեքստում առանցքային ինտրիգը թերևս լինելու է խորհրդարանի ընտրությունը Գերմանիայում, որ կայանալու է փետրվարին: Օրինակ, Թրամփի շրջանակում բավականին մեծ դեր ստանձնած Իլոն Մասկը բացահայտ կերպով հայտարարել է, որ Գերմանիայի համար շահեկան է Այլընտրանք Գերմանիայի համար աջ կուսակցության հաղթանակը:

Սա վկայում է առնվազն տրամադրությունների որոշակի աստիճանի մասին: Գերմանիայի խորհրդարանի ընտրությունն անկասկած իր ազդեցությունը կթողնի եվրոպական ընդհանուր ներկապնակի վրա:

Եվրոպացի առաջնորդները, ինչպես օրինակ Ֆրանսիայի նախագահը, իրենք են շատ վաղուց բաց տեքստով խոսում Եվրոպայի ռազմավարական խնդիրների և անխուսափելի վերափոխումների մասին, դիտարկում տարբեր մոդելներ: Սրանք հարցեր են, որոնք էապես առնչվում են Կովկասի, ըստ այդմ նաև Հայաստանին:

Անկասկած է, որ անկախ փոխհարաբերության այսպես ասած իրավապայմանագրային ռեժիմից, Հայաստանը ԵՄ հետ ունենալու է սերտ հարաբերություն և գործընկերություն, Կովկասը լինելու է գոտի, որտեղ իր էական շահերն ու հետաքրքրություններն է ունենալու Եվրոպան:

Եվ այստեղ անկասկած է, որ Հայաստանը պետք է հանգամանալից ուշադրության ներքո պահի եվրոպական հեռանկարների ամենատարբեր սցենարները, հարաբերություններում ճկուն և համարժեք լինելու համար:

Փոփոխությունների արագությունը բնորոշ է այսօր գործնականում բոլոր գոտիներին, հետևաբար Հայաստանը պետք է պատրաստ լինի Եվրոպայում հնարավոր փոփոխությունների առավելագույնս արագ արձագանքների, որոնք կկրեն ոչ թե հապճեպ բնույթ, այլ կլինեն վաղօրոք պատրաստված սցենարային մշակում՝ գործի դրվելով ինստիտուցիոնալ նվազագույն համակարգվածությամբ: