14/01/2025

Գուցե օլիգարխ – տնտեսական ու քաղաքական վերնախավերի, բայց հաստատ ոչ միայն կրթության շնորհիվ

«Կարծում եմ, որ կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել: Դա է կրթության հիմնական նպատակը, որը մենք պիտի ապահովենք մեր երեխաների համար»,- Տավուշի մարզի կրթական հաստատություններ այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն այդ հայտարարությունները գուցե անում է կրթության հանրահռչակման անկեղծ նպատակով, բայց գործնականում դրանք պարզապես աղավաղում են կրթության գաղափարը՝ որպես հասարակական կյանքի կարևորագույն երևույթ:

Որովհետև կրթության նպատակը մարդուն գիտելիք հաղորդելն է, մտածելու կարողություն զարգացնել, աշխարհայացք և արժեհամակարգ ձևավորելը, կոմպետենտ մասնագետ դարձնելը: Իսկ, թե ինչպես կապրի այդ ամենով օժտված մարդը, դա արդեն ոչ թե կրթության, այլ տվյալ անձի խնդիրն է, նաև գուցե օլիգարխ – տնտեսական ու քաղաքական վերնախավերի, բայց հաստատ ոչ միայն կրթության շնորհիվ:

Արդիական երկրներում կրթական համակարգի հիմքով պետական ու հանրային բարեկեցության և մրցունակության բարձր աստիճան է արձանագրվել ոչ թե այն պատճառով, որ կրթության առաջ դրվել է մարդուն լավ ապրել սովորեցնելու նպատակ, այլ դրվել են այն առաքելությունն ու նպատակները, որոնք թվարկեցի՝ մարդուն տալ գիտելիք, ձևավորել մտածող մարդ, քննական մտածողությամբ օժտված անհատ, կոմպետենտ մասնագետ՝ որոշակի արժեհամակարգով, աշխարհայացքով, որոշակի անձնական և հավաքական ինքնության կառուցվածքով:

Այդօրինակ նպատակներ ունեցող կրթական համակարգն է, որ պետություններին թույլ է տվել իրենց առաջ դնել ամենատարբեր երկարաժամկետ, ռազմավարական նպատակներ ու հասնել դրան:

Որովհետև լավ ապրել հնարավոր է սովորել նաև պարզապես ինչ-որ ժամանակավոր դասընթացների, այսպես կոչված թրեյնինգների, «ուսումնական ձեռնարկների» և այլնի միջոցով, էլ չասած, որ լավ ապրել հնարավոր է գուցե նույնիսկ ինչ-որ բնատուր հատկանիշներով, երբ բավարար է լինում անգամ «ձեռքի հետ» կրթվելը:

Այլ կերպ ասած, պետության համար կրթական համակարգը ոչ թե «լավ ապրել իմացող» քաղաքացի կերտելու միջոց է, այլ հանրային, պետական մտածողությամբ և ինքնությամբ, և այդ ամենը արդիական գիտելիքով, մասնագիտական կոմպետենտությամբ ուղեկցող՝ օժտված անհատ կերտելու մեխանիզմ:

Որովհետև այդ անհատները, ռազմավարական մտածողությամբ օժտված ցանկացած պետական վերնախավի համար կարևորագույն ռեսուրս են հասարակական, ներպետական կյանքի բալանսավորում ապահովելու համար, քանի որ ինքնին որևէ հասարակություն, անգամ լավագույն կրթական համակարգով, չի լինում որևէ մակարդակի վրա «համահարթեցված»:

Ըստ այդմ՝ կրթված անհատները, այդ հասկացության լայն ու խորքային իմաստով, հասարակական արժեք են ստանում ոչ թե իրենց լավ ապրելու, այլ լայն հանրության համար կենսագործունեության լավ պայմաններ ստեղծելու, ստեղծագործական ներուժի իրացման անընդհատ բարելավվող միջավայր ձևավորելու և, ըստ այդմ, պետական կենսունակության հարաճուն մեխանիզմ կազմավորելու իմաստով: