Առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան, որի նպատակը լինելու է սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատանքը:
Այդ մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում:
ԱՄՆ պետքարտուղարը չի մանրամասնել, թե հատկապես ինչ աշխատանք է ենթադրում մաքսային և սահմանային պարեկային խմբի այցը, արդյո՞ք խմբի աշխատանքի շրջանակը ներառելու է նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը: Այստեղ էական հանգամանքները, իհարկե, մի քանիսն են:
Մասնավորապես, առանձին հետաքրքրություն են ներկայացնում թե՛ սահմանային, թե՛ մաքսային բաղադրիչները: Ամերիկյան մասնագետների խումբը դիտարկելո՞ւ է սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որի շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին ծրագրում են հանձնաժողովների հանդիպում՝ որոշելու, թե որը պետք է լինի գործընթացի իրականացման հաջորդ սահմանային հատվածը:
Ամենից «ինտրիգայինը», սակայն, այն է, թե արդյո՞ք ԱՄՆ մասնագետների աշխատանքային խմբի դիտարկման բուն առարկան լինելու է հաղորդուղիների, ոչ թե սահմանի օրակարգը: Այսինքն՝ սահմանի օրակարգն այնքանով, որքանով կարող է առնչվել հաղորդուղիների, ճանապարհների ապաշրջափակման օրակարգին:
ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը, որը հեռանում է մի քանի օրից, բավականին բարձր մակարդակով բազմիցս խոսել է, որ իր համար առաջնահերթություն է «Միջին միջանցքի» կառուցումը, ընդ որում՝ շեշտելով, որ խոսքը Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղու մասին է:
2024 թվականի ամռանն այդ մասին խոսել է պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը: 2024 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակներ է փոխանցել Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին՝ խոսելով ցավագին զիջումների անհրաժեշտության մասին և հորդորելով քայլեր կատարել խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ ավարտելու ուղղությամբ:
Թեև դրանից անմիջապես հետո Փաշինյանն ու Ալիևը երկկողմ հանդիպում են ունեցել Կազանում՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում, այդուհանդերձ, խաղաղության պայմանագիրը ոչ միայն ավարտված չէ, այլ Ադրբեջանը նույնիսկ կոշտացնում է իր հռետորաբանությունը: Ճանապարհների հարցը, իհարկե, անջատված է պայմանագրի բովանդակությունից, Հայաստանի ու Ադրբեջանի փոխհամաձայնությամբ:
Երևանն ամիսներ առաջ հայտարարեց, որ Բաքվին արել է առաջարկ՝ ապաշրջափակման վերաբերյալ, որն իր կարծիքով արտահայտում է բոլոր կողմերի շահերը: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ սահմանային ու մաքսային աշխատանքային խումբը Հայաստանում է հենց այդ օրակարգով:
Ըստ էության՝ խմբի այցը, իհարկե, կլինի արդեն նոր վարչակազմի պաշտոնավարման շրջանում: Եվ այստեղ դարձյալ նույն հարցն է, թե դեմոկրատական վարչակազմի արտահայտած մոտեցումներն ու դրանց ուղղությամբ աշխատանքային ծրագրավորումը որքանով է Թրամփի վարչակազմի գործունեության ընթացքում ունենալու շարունակականություն:
Բաց մի թողեք
Կարևոր է, թե Հայաստանն ինչպես է օգտագործելու նոր հնարավորությունները
Գուցե օլիգարխ – տնտեսական ու քաղաքական վերնախավերի, բայց հաստատ ոչ միայն կրթության շնորհիվ
ՀՀ որոշումից հետո ԵՄ գործադիր իշխանության արձագանքը բավականին զուսպ է