15/01/2025

Պատրուշևը փաստացի գործարք է առաջարկում Թրամփին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Պատրուշևը, որի համար պետական վերնախավի վերջին «օպտիմալացումից» հետո ստեղծվել է նախագահի օգնականի-ծովային գործակալության ղեկավարի պաշտոն և իրականում գլխավորում է Ռուսաստանի ռազմական նավաշինության ոլորտը, ՏԱՍՍ պետական գործակալության փոխանցմամբ հանդես է եկել քաղաքական չափազանց կոշտ հայտարարությամբ:

Նա ասել է, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանը կարող է բանակցել միայն Միացյալ Նահանգների հետ, իսկ Բրյուսելն իրավունք չունի հանդես գալու Եվրամիության բոլոր երկրների, մասնավորապես Հունգարիայի, Սլովակիայի, Ավստրիայի և Ռումինիայի անունից, որոնք շահագրգռված են Եվրոպայում կայունությամբ և Ռուսաստանի հանդեպ դրսևորում են հավասարակշռված դիրքորոշում:

Ըստ Ռուսաստանի ԱԴԾ նախկին տնօրենի՝ հատկապես անհանգստացնում է, որ բռնի ռուսաֆոբիան ոչնչացնում է երբեմնի ծաղկուն քաղաքները՝ Խարկովը, Օդեսան, Նիկոլաևը, Դնեպրոպետրովսկը: Պատրուշևը չի բացառել, որ ընթացիկ տարում Ուկրաինան առհասարակ դադարի գոյություն ունենալ: Նույն հեռանկար նա տեսնում է նաև Մոլդովայի համար: Դիտարժան է, որ Պատրուշևը բացառել է Ուկրաինայի հարցում ոչ միայն Բրյուսելի, այլև Լոնդոնի հետ որևէ խոսակցություն:

ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Յուրի Անդրոպովը, ասում են, բանաստեղծություններ էր գրում, բայց դրանք «գզրոցային գրականության» նմուշներ են, որ հանրայնացվել են նրա մահից տասնամյակներ անց: ՌԴ ԱԴԾ նախկին տնօրեն Պատրուշևի հայտարարությունը ոչ մի առումոբ «քննարական զեղում» չի կարելի անվանել:

Միջազգային լրահոսում տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին «ամենամոտ ժամանակում» հանդիպելու մտադրություն ունի: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևի, Վլադիմիր Պուտինի օգնական «ծովակալ» Պատրուշևի հայտարարությունները հստակ ուղերձ են, որ Մոսկվան Թրամփի «մաչոյական» կերպարից տպավորված չէ և շարունակում է մնալ այն համոզմանը, որ եթե ծեծկռտուքն անխուսափելի է, ապա առաջինն ինքդ խփիր:

Ուկրաինական «նացիստականացված» քաղաքների թվարկումը բացահայտ ուղերձ է, որ ուկրաինական հարցի կարգավորման այլ տարբերակ, բացի Խարկովի, Օդեսայի, Նիկալևի, Դնեպրոպետրովսկի մարզերի ՌԴ կազմում «միավորումից» գոյություն չունի:

Պատրուշևը փաստացի գործարք է առաջարկում՝ Ղրիմը, Դոնբասը, ներկայումս ռուսաստանյան օկուպացիայի տակ գտնվող և թվարկված մարզերի տարածքներն «ռուսաստանապատկան են, ԱՄՆ-ը պիտի դա ճանաչի», իսկ այն, ինչ կմնա՝ թող իրար մեջ բաժանեն Լեհաստանը, Հունգարիան, Ուկրաինայի հետ սահմանակից մյուս երկրները:

Այդ հայտարարությունը շատ որաշակիորեն հասցեագրված է Եվրամիության անդամ երկրներին, որ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հետևանքով տարածքներ են կորցրել: Փաստացի ստացվում է, որ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն ճիշտ էր, երբ կանխատեսում էր, որ Ուկրաինայի խնդիրը կարող է «կարգավորվել»՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Անգլիան, Ֆրանսիան և Իտալիան են պայմանավորվել Հիտլերի հետ:

«Ծովակալ» Պատրուշևը Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Թրամփին առաջարկում է Ուկրաինան որպես պետություն լուծարելու, նրա տարածքը Ռուսաստանի և Եվրոպական մի քանի երկրների միջև բաժանելու գործարք:

Ի՞նչ արձագանք կգտնի այդ առաջարկությունը Վաշինգտոնում, պարզ կդառնա առաջիկա ամիսներին: Չենք կարող, սակայն, չնկատել, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի վերջին ագրեսիվ հայտարարությունները, հավանաբար, ածանցվում են «աշխարհի վերաբաժանման» ռուս-ամերիկյան պայմանավորվածության սպասումներից: »Ծովակալ» Պատրուշևը ռուս-ադրբեջանական ռազմավարական-դաշնակցային համագործակցության «ճարտարապետներից» է: