Պետական եկամուտների կոմիտեն ստվերի դեմ պայքարի շրջանակներում՝ իր ջանքերն ուղղելու է պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր ամփոփելով 2024 թվականը, հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա յուրօրինակ իրավիճակում էր, որովհետև անգամ չի լրացել իր պաշտոնավարման 100 օրը, սակայն նա ամփոփում էր անցած տարին։ Ինչպես իր խոսքում մասնավորեց Էդուարդ Հակոբյանը, կախված տնտեսական սցենարից, չի բացառում 2025–ի բյուջեի մասին օրենքում նախանշված ցուցանիշների վերանայումը:
Անդրադառնալով 2024–ի բյուջեի մասին օրենքով նախապես պլանավորված եկամուտների ցուցանիշին և արդեն փաստացի արձանագրված ավելի ցածր ցուցանիշին, նա նշեց, որ Հայաստանում անցած տարի հավաքվել են 2 տրլն 390 մլրդ դրամի հարկային եկամուտներ ու տուրքեր, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 117 մլրդ դրամով․ «Երբ 2024 թվականին բյուջեն ձևավորվում էր, կանխատեսումը 2 տրլն 614 մլրդ էր, բայց Ֆինանսների նախարարությունը շատ թափանցիկ ձևով նշել է նաև ռիսկերի մասին: Պարզ է, որ գործում ենք մի անորոշ միջավայրում, որտեղ սցենարները բազմաթիվ են: Հետևաբար, կախված տնտեսական սցենարից տարբեր է լինում նաև հարկահավաքման մակարդակը: Տնտեսական աճը, գնաճը, փոխարժեքը, ներմուծումը, առանցքային մակրոտնտեսական ցուցանիշները ճշգրտվել են»:
Էդուարդ Հակոբյանի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը, Ֆինանսների նախարարությունը, թափանցիկ են եղել այս ամենի վերաբերյալ հասարակությանը կոմունիկացնելու հարցում: Անցած տարվա ընթացքում 2 անգամ կանխատեսումների թարմացումներ են լինում․ «2024 թվականի եկամուտների համար վերջին կանխատեսումը 2 տրլն 455 մլրդ է եղել: Դա նշանակում է, որ փաստացի հավաքագրված եկամուտների նկատմամբ տարբերությունը մոտ 60 – 65 մլրդ է: Տարվա ընթացքում կառավարությունը հստակ կոմունիկացրել է հայրենակիցներին, որ տնտեսական իրավիճակը փոխվում է, և հետևաբար պետք է համապատասխան փոփոխություններ արվեն»:
Ցածր կանխատեսումների համատեքստում՝ ՊԵԿ նախագահը ընդգծեց, որ այս տարվա հետ կապված որոշակի դեպի ներքև ռիսկեր կան․ «Մենք, իհարկե, հարկահավաքումը 2025 թվականին համարում ենք իրատեսական, բայց պետք է փորձենք օբյեկտիվորեն բացատրել, թե ինչ է փոխվում տարվա ընթացքում, և ինչն է ազդում հարկահավաքման վրա, որ հասարակությանը պարզ լինի՝ որքանն է հնարավոր, որքանը՝ ոչ»:
Նա հիշեցրեց, որ 2025 թվականի ՀՀ բյուջեի մասին օրենքում ևս նկարագրված են ռիսկեր, որ, եթե տնտեսական սցենարը լինի դեպի ներքև ուղղությամբ, հնարավոր են որոշակի ճշգրտումներ՝ դեպի ներքև ուղղությամբ․ «Բայց մենք մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ: Դա նշանակում է տնտեսության տված զարգացումների պայմաններում օպտիմալ հարկերի հավաքում, որը ենթադրում է ստվերի դեմ կոշտ պայքար»:
«Մեզ դեռ չի հաջողվել ստվերի դեմ պայքարում ճիշտ հավասարակշռություն գտնել կոշտության և օբյեկտիվության միջև»,- հայտարարեց Էդուարդ Հակոբյանը․ «Բացի այդ, մեզ դեռ չի հաջողվել գտնել հասարակության հետ շփվելու լիովին ճիշտ, մարդակենտրոն մեթոդներ։ Ընդհանուր առմամբ՝ անկում է նկատվում, ինչը մտահոգության տեղիք է տալիս։
Ըստ էության, ՀՀ ՊԵԿ նախագահը խոսեց 2024 թվականին ստվերի դեմ պայքարի համապարփակ գնահատականի բացակայության մասին, գուցե որովհետև տնեսվարողների վճարած հարկերի 1.1 տոկոսն է ուղղվում այն բանին, որ Պետական եկամուտների կոմիտեն նորից հարկային եկամուտներ հավաքագրի։
ՄԻՏՔ․am-ի հարցին, թե որքան է կազմում ստվերը ՀՀ տնտեսության մեջ, հատկապես որ ոլորտներում, արդյոք դրանք մեջ կան նաև ծատայությունների բնագավառը հարցին ՊԵԿ նախագահի պատասխանն ու արձագանքը՝ հաջորդիվ։
Սիմոն Սարգսյան
Բաց մի թողեք
Ռուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել․ փետրվարի 12-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փետրվարի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիան. Աբրահամյանի ու Փաշինյանի համեմատություններ