Հունվարի 17-ին տեղի է ունենում երկու ուշագրավ այց: Ռուսաստան է մեկնում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որի այցի ընթացքում սպասվում է ռուս-իրանական ռազմավարական համապարփակ նոր պայմանագրի ստորագրումը, որի առանցքում անվտանգության և պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր են:
Նույն օրը՝ հունվարի 17-ին, 2020 թվականից ի վեր առաջին անգամ Լիբանան է մեկնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի համար Լիբանանի նշանակությունը էական է:
Լիբանանը մերձավորարևելյան ռեգիոնում Ֆրանսիայի քաղաքականության «առաջնագիծ» է, որտեղ Փարիզի դիրքերն էական նշանակություն ունեն ոչ միայն հենց մերձավորարևելյան ռեգիոնում ֆրանսիական քաղաքական ներկայության և ազդեցության համար ընդհանրապես, այլ նաև ավելի լայն աշխարհաքաղաքական իմաստով: Ֆրանսիայի նախագահը Լիբանան է այցելում այդ երկրում նախագահի ընտրությունից հետո:
Նախագահի պաշտոնը թափուր էր երկու տարի: Ըստ հաղորդագրության՝ Մակրոնը մեկնում է նոր կառավարության ձևավորման գործընթացի արագացմանն աջակցելու համար: Լիբանանի հարցում, սակայն, անկասկած առկա է Ֆրանսիայի համար ավելի մեծ հանգամանք՝ ո՞ւմ հետ է գործակցելու Փարիզը, ո՞ւմ հետ է խաղալու՝ հաշվի առնելով մի շարք ռեգիոնալ գործոններ, ինչպես նաև հանգամանքներ՝ կապված ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի պաշտոնամուտի և քաղաքականության հնարավոր վերանայումների հետ:
Ֆրանսիայի նախագահը Լիբանանի հետ կապված հարցերը վերջին ամիսներին քննարկել է թե՛ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, թե՛ Իրանի նախագահների հետ, ընդ որում՝ թե՛ հանգուցյալ Ռայիսիի, երբ նա դեռ ողջ էր ու զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, թե՛ նաև նոր նախագահ Փեզեշքիանի: Շաբաթներ առաջ Ֆրանսիայի նախագահը Սաուդյան Արաբիայում էր, որը լիբանանյան վերջին իրադարձություններում բարձրացրել է իր դերը: Թուրքիայի նախագահ Ֆիդանն օրեր առաջ հայտարարել էր, որ Թուրքիան Ֆրանսիայի դերը լուրջ չի դիտարկի, քանի դեռ Փարիզը գործում է Միացյալ Նահանգների քաղաքականության ուղեծրում, և Անկարայի վերաբերմունքը Ֆրանսիայի դերին կախված է նրանից, թե Փարիզն ինչ կարող է անել ինքնուրույն:
Ֆրանսիան մտադիր է առաջիկա օրերին կազմակերպել Սիրիայի հարցով համաժողով Փարիզում: Արդյո՞ք դա Ֆրանսիայի պատասխանն է Թուրքիային: Ռուս-իրանական համաձայնագրի ստորագրման հանգամանքի ժամանակային զուգորդման հիշատակումն ամենևին պատահական չէ, որ անում եմ: Ռուս-իրանական պայմանագիրը և դրա իմպլեմենտացիան էական դեր են ունենալու մերձավորարևելյան ստատուս քվոյի և դրա վերափոխումների հնարավոր գործընթացի առումով: Եթե ընտրված նախագահ Թրամփը հայտարարում է, որ Սիրիայում, օրինակ, ԱՄՆ գլխավոր գործընկերը Թուրքիան է, ապա Ֆրանսիան թերևս կանգնելու է ընտրության առաջ՝ Մերձավոր Արևելքում աշխատել Անկարայի՞ հետ, թե՞ Անկարայի դեմ՝ կամ ռուս-իրանական տանդեմի, կամ Սաուդյան Արաբիայի հետ՝ ի դեպ հաշվի առնելով, թուրք-իսրայելական «չբարձրաձայնված» տանդեմի առկայությունը: Ֆրանսիայի ընտրությունը, անշուշտ, էական է լինելու նաև Կովկասում նրա քաղաքականության համար:
Բաց մի թողեք
Հայաստանն ահռելի տնային աշխատանք ունի կատարելու
Պուտին – Թրամփ բանակցություններն՝ ընդդեմ Հայաստանի
Կառավարությունը պարզապես բարձրացնում է ՓՄՁ հարկը, իսկ բացատրություններն ընդամենը փոքրերի համար են