Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով այս շինծու դատավարությունն Արցախի ղեկավարների դեմ, գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Զազրելի այս ներկայացումը Բաքվի հերթական գործողությունն է՝ ջնջելու հայերի մշակութային և պատմական ներկայությունը մի երկրամասից, որը նրանց անքակտ հայրենիքն է եղել հազարամյակներով։ Սա նաև միջազգային հանրության անգործության ու, որ առավել պախարակելի է, Արցախի ողբերգական անկման մեջ Հայաստանի կառավարության հանցակցության վկայությունն է:
Այս դատավարությունը մեկուսի դեպք չէ: Այն Բաքվի՝ էթնիկ զտումների ծրագրված արշավի գագաթնակետն է: Ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց 120,000 հայերին, որին նախորդեց երկրամասի իննամսյա անմարդկային շրջափակումն ու սովահար ժողովրդի վրա ռազմական հարձակումը: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը սկսել է հողին հավասարեցրել հայկական մշակութային հուշարձանները, պղծել գերեզմանոցները և փորձել վերաշարադրել պատմությունը՝ ջնջելով տարածաշրջանի հայկական ինքնությունը:
Ադրբեջանը, սակայն, վակուումում չի գործում: Նրա ագրեսիան հնարավոր է դարձել միջազգային հանրության քար լռության, մեծ տերությունների ամոթալի պասիվության արդյունքում: «Մտահոգության» մասին հայտարարությունները իմաստալից գործողություններ չեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ժամանակին հանձնառու էին խաղաղության բանակցությունների համար, հեռացել են իրենց պարտավորություններից՝ թողնելով, որ Ադրբեջանը հանգիստ և անպատժելի ոտնահարի միջազգային նորմերը:
Նույնքան մեղավոր է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մեղսակցությունը խարան է հայ ժողովրդի համար: Փաշինյանի կառավարությունը շարունակ ձախողել է Արցախի ժողովրդին պաշտպանելու գործը: Նրա վարչակազմի անպատրաստությունը, դիվանագիտական ներգրավման մերժումը և միջազգային հանրությանը համախմբելու ձախողումը արձակել են Ադրբեջանի սանձերը: Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար։ Նրա անգործությունը խայտառակություն է Հայաստանի համար և դավաճանություն սեփական ժողովրդի գոյատևման հանդեպ:
Միջազգային հանրությունը պետք է առերեսվի իր անտարբերության հետևանքներին: Ադրբեջանի գործողություններն անպատասխան թողնելը վտանգավոր նախադեպ է: Այն ազդակ է, որ անպատժելիորեն կարելի է էթնիկ զտումներ անել, որ միջազգային իրավունքը կարող է անհետևանք ոտնահարվել, որ արդարությունը դատարկ բառ է…
Այս պահը նաև ինքնաքննադատություն է պահանջում հայ ժողովրդից և նրա կառավարությունից: Փաշինյանի անգործությունը չի կարող մոռացվել կամ ներվել: Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որը կսանձի ագրեսիան, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի սեփական արժանապատվությունը միջազգային ասպարեզում:
Բաքվի դատավարությունները ոչ միայն հարձակում են հայ ժողովրդի դեմ. դրանք փորձություն են արդարադատության և մարդու իրավունքների համամարդկային հանձնառությունների համար: Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի:
Ժամանակն է կանգնել հայ ժողովրդի կողքին՝ հանուն արդարության, ճշմարտության և այն սկզբունքների, որոնք կապում են մեզ բոլորիս որպես մարդ արարած»:
Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանի ուղերձը հույս է, որից սնվում է թշնամուն հաղթելու կամքը
Ուզում եք Պեպսիի խցանի տակ թաքնվեք, ուզում եք «Զինեբոյի» երգչի՝ ձեր ականջները մեծ են ու ճանաչելի. Լուսանկար
Այդ թեզը տարածող գործիչները մատնում են ընտրությունները կեղծելու այն եղանակները, որոնք տարիներ շարունակ կիրառել են իրենք․ պատասխան Մարտուն Գրիգորյանին