Եթե որեւէ քաղաքական կամ պետական գործիչ, թոփ-մոդել կամ փոփ-աստղ հանրությանն է ներկայացնում իր անձնական կյանքի մանրամասները, դա կոչվում է «ռեալիթի-շոու», եւ որոշ ճաշակի տեր մարդկանց համար կարող է լինել հետաքրքիր:
Բայց դա որեւէ կապ չունի «թափանցիկության» հետ (transparency)` այդ բառի Արեւմուտքում ընդունված իմաստով: Թափանցիկությունը տեղեկատվություն է, որը հանրությանն է ներկայացվում այս կամ այն որոշումն ընդունելու վերաբերյալ:
Որովհետեւ քաղաքացիներին (ոչ թե պարապ հանդիսատեսներին, зевака-ներին) հետաքրքիր է ոչ թե այն, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան խաշլամա եփում, այլ այն, թե որ գործոնների, որ պատճառների ազդեցության տակ է նա կատարել իր քայլը:
Այդ պահանջի տրամաբանությունը պարզ է՝ այդ պաշտոնյան ապրում է մեր փողերով եւ աշխատում է (համենայնդեպս, պետք է աշխատի) մեզ համար: Պարզ օրինակ: Վերջերս մի քանի ուժային պաշտոնյաներ SMS-ներ ստացան՝ հրաժարական տալու «խնդրանքով»:
Ի՞նչն էին այդ պաշտոնյաները սխալ արել, եւ ի՞նչն է, որ նոր պաշտոնյաները հիմա ճիշտ են անում: Դրա փոխարեն հնչում են Սովետը հիշեցնող հերթապահ խոսքեր՝ «մենք պետք է ընդլայնենք, խորացնենք եւ բարձրացնենք, եւ այդ նոր մարտահրավերների համար նոր մարդիկ են պետք»:
Ինչո՞վ, օրինակ, Կարեն Անդրեասյանը չէր համապատասխանում այդ «նոր մարտահրավերներին»: Նույնը՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը:
Առայժմ մենք կարդում ենք Փաշինյանի «արեւմտամետ» խոսնակների ցնծալից հայտարարությունները, որոնցից կարելի է եզրակացնել, որ մեր անվտանգության հետ կապված խնդիրներն այդ կանոնակարգով լուծված են:
Մյուս կողմից՝ ընդդիմության մեծ մասի արձագանքը, որի իմաստն այն է, որ հիմա Ռուսաստանը մեզնից կնեղանա եւ վրեժ կլուծի: Այդ ամենն, իհարկե, սպասելի էր եւ, որոշ իմաստով, անխուսափելի: Կան նաեւ փորձագետների (իսկական փորձագետների, ոչ թե իշխանության քարոզիչների) բավականին ուշագրավ դիտարկումները:
Ինչն է, սակայն, պակասում: Պակասում է թափանցիկությունը, որը, կարծում եմ, այս դեպքում պետք է ի հայտ գա ԱԳՆ պաշտոնական մեկնաբանության տեսքով: Ինձ, մասնավորապես, հետաքրքիր է 3 հարց:
1/ Ինչո՞ւ այդ կանոնադրության մեջ չկա այն արձանագրումը, որ Հայաստանին արտաքին վտանգ է սպառնում, որը կա Ուկրաինայի եւ Վրաստանի հետ ԱՄՆ ստորագրած փաստաթղթերում (համապատասխանաբար՝ 2008 եւ 2009 թվականներին): Բացառված չէ, որ ՀՀ իշխանությունը կարծում է, որ նման վտանգ չկա՝ դրա մասին նույնպես պետք է խոսել:
2/ Որտեղի՞ց «ծլեց» Իսլամական պետության դեմ պայքարը, եւ արդյոք դա Հայաստանի առաջնահերթությո՞ւնն է:
3/ Ո՞ր սահմանն են այցելելու ամերիկացի «տեսուչները»՝ գուցե հայ-իրանակա՞ն, եւ այդ դեպքում այցը եւ ամբողջ փաստաթուղթը ձեռք է բերում որոշակիորեն այլ շեշտադրումներ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան