«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի փոփոխությունից հետո այս մարմնում, որն ամեն տարի պարտավոր է պետբյուջեի միջոցների օգտագործման հաշվեքննություն իրականացնել, ամենաթողություն և անարխիա է տիրում։
Հրապարակ թերթը գրել է․ Տապալված է 2024 թվականի բյուջեի հաշվեքննությունը։ Աշխատողները զանգվածաբար ազատվում են աշխատանքից կառուցվածքային փոփոխությունների պատրվակով, տասնյակից ավելի հաշվեքննիչներ հայցեր են ներկայացրել վարչական դատարան, բողոքարկելով իրենց աշխատանից ազատման հրամանները։
Արդեն գրել ենք, որ «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքով, Պալատի բոլոր աշխատողները՝ կրտսեր հաշվեքննիչից մինչեւ Պալատի անդամ, պետք է ունենան աուդիտորի որակավորում։ Այսինքն՝ պետք է քննություն հանձնեն, եթե կտրվեն` կազատվեն աշխատանքից։ Հաշվեքննիչ պալատի աշխատողները «Հրապարակի» հետ զրույցում ասում են, որ իրենց իրավունքները համատարած խախտված են, քանի որ իրենք ոչ պատշաճ ծանուցումներ են ստացել աշխատանքից ազատման վերաբերյալ, երկու ամիս առաջ, ոչ համարժեք աշխատանքի առաջարկներ։ «Աշխատանքից ազատման հիմքերը թվարկված են Աշխատանքային օրենսգրքում, և այնտեղ գրված չի, որ մարդը կարող է հետադարձ ուժով օրենքը կիրառելով, ազատվի գործից։ Քաղծառայության գրասենյակը, կառավարությունը բազմաթիվ գրություններով տեղյակ են պահվել կատարվող ապօրինությունների մասին, բազմաթիվ գրություններ են գնացել, որ մի արեք այս խախտումները, սա հովանավորչություն է, անարխիայի ու լկտիության վիճակ, բաց ոչ մի արդյունք», – ասում է դատարան դիմած հաշվեքննիչներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անուն։ Նա վստահ չէ, որ վերևներում տեղյակ են այն մասին, թե ինչ է բերում Պալատի գլխին դրա նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։ «Միտումնավոր սահմանադրական այս կառույցը քանդել են ու ձախողել են նրա աշխատանքը, չգիտեմ, սրանից տեղյա՞կ են արդյոք կառավարությունը, ԱԱԾ-ն, թե ոչ», – ասում է նա։
Ամենախայտառակ, Հաշվեքննիչ պալատի պատմության մեջ աննախադեպ փաստն այն է, որ առաջին անգամ չի իրականացվել պետբյուջեի հաշվեքննություն։ Հաշվեքննիչ պալատի` սահմանադրությամբ ամրագրված գործառույթների մեջ է մտնում ամեն տարի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն տալը։ Այդ եզրակացությունը ներկայացվում է Ազգային ժողովում։ Տարվա ընթացքում պալատը վերահսկողություն է կատարում եռամսյակներով՝ երեք ամսվա, վեց ամսվա, ինն ամսվա կտրվածքով, ապա՝ ամփոփում է տարին, այսպիսով կարողանալով բյուջեի կատարման հետ կապված կարծիք տալ։ Սակայն այս անգամ փաստացի ձախողվել են հաշվեքննությունները։
Ստորաբաժանումները, որոնք դրանք իրականացնում են, չեն աշխատում։ Չորրորդ եռամսյակում նախարարություններում ստուգումներ չեն իրրականացվել, տարին չի ամփոփվել, եզրակացություն, բնականաբար, չկա։ «Այն, ինչ Ջանջուղազյանը կարդալու է Ազգային ժողովում, խիստ կասկածելի փաստաթուղթ է լինելու։ Նա չի կարող գնալ ԱԺ, ասել՝ գիտեք, այս անգամ բյուջեն չենք հաշվեքննել, եզրակացություն չունենք, ամփոփում չունենք։ Մանավանդ, որ բյուջեի հաշվեքննությունը միջազգային պահանջ է, եւ անթուլատրելի է, որ մեր երկրի ֆինանսական գործընկեր կազմակերպությունները, դոնորները տեսնեն, որ բյուջեն չի հաշվեքննվում։ Չգիտեմ, միտումնավոր է արվել, թե ոչ, բայց սա նշանակում է պայթեցնել պալատը», – ասում է Հաշվեքննիչի նախկին աշխատակիցներից մեկը։
Այսօր Հաշվեքննիչ պալատի 155 հաստիքային միավորներից թափուր չեն միայն 50-60-ը, ընդ որում, նրանցից ոչ բոլորն են հաշվեքննողներ։ Աշխատանքից ազատվածների թվում պալատի նախագահի տեղակալն է՝ Կարեն Կարապետյանը։ Իր դիմումի համաձայն գործից դուրս են եկել կադրերի, իրավաբանական, ֆինանսական վարչությունների պետերը, որոնց աշխատանքը ընդհանրապես կապված չէր հաշվեքննության հետ։ Հաշվեքննություն իրականացնող երեք վարչությունների պետերին են ազատել աշխատանքից։ ՀՊ պաշտոնական կայքում 5 վարչություններից միայն մեկն ունի ղեկավար` Կատարողականի հաշվեքննությանը վարչությունը։ Մյուսների միայն անուններն են մնացել։ Պետերը չկան, նշված չեն։ Նոր կառուցվածքով վարչություններ չկան այլևս։ Շեշտակի բարձրացել են Հաշվեքննիչ պալատի աշխատողների աշխատավարձերը։ Ազատվածներից մեկը պատմում է, որ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ինքն իր համար 4 մլն դրամ աշխատավարձ է սահմանել, իսկ տեղակալների աշխատավարձերը սկսվում են 2 մլն դրամից։ Աշխատավարձի առաջարկն` ըստ պաշտոնների, Պալատի նախագահն ուղարկել է կառավարություն, սպասում են հաստատման: «Ավելի լավ էր պալատը փակեր, գնար։ Իր հարստացմանն է ծառայեցնում», – ասում է «Հրապարակի» զրուցակիցներից մեկը։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Պալատից, սակայն այն չունի մամուլի հարցերով պատասխանատու, Ջանջուղազյանը, ինչպես եւ նախկին պաշտոններում, այսօր էլ հանրության հետ կապերը չի արժեւորում։ Եւ ոչ մի հեռախոսահամար` կայքում նշված, չպատասխանեց։
Այսպիսով, 2024 թվականի բյուջեի ահռելի թերակատարումները, դպրոցաշինության, ճանապարհաշինության հետ կապված ծախսումները մնացին առանց ուսումնասիրության ու ստուգման։ Ո՞ւմ էր սա ձեռնտու, դժվար չի կռահել։
Բաց մի թողեք
Ավինյանի մայրը եռահարկ առանձնատուն է գնել, այն հանված է վաճառքի՝ 490 հազար դոլարով. Լուսանկար
Վիճաբանության և դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 22-ամյա տղան մահացել է․ Լուսանկար
«Համմեր»-ի 25-ամյա վարորդը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման․ Լուսանկար