Շուտով լույս կտեսնի «44. պարտություն. 2020-ի արցախյան պատերազմը՝ իրողություններ եւ հետեւանքներ» վերնագրով ժողովածուն: Գրքի վրա աշխատել են փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանը, Շվեյցարիայում բնակվող պրոֆեսոր, պատմաբան Վիգեն Չիթերյանը, իմ գործընկերներ Կարեն Հարությունյանը, Մկրտիչ Կարապետյանը եւ Հայկ Հովհաննիսյանը:
Առավել մանրամասն այդ գրքին ես կանդրադառնամ հաջորդ շաբաթ: Սակայն հիմա ցանկանում եմ ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա, որին անդրադառնում է Աշոտ Ոսկանյանը, եւ որը հիմա հրատապ է: Նրա հոդվածի վերնագիրն է՝ «Ռազմական պարտությո՞ւն, թե՞ Հայաստանի համատարած ճգնաժամ», որի նպատակն է ռազմական պարտության հետնախորքում ցույց տալ «ողջ հայաստանյան հասարակության տապալումը՝ նրա անկասկած և անվերապահ ֆիասկոն»:
Հոդվածում, մասնավորապես, խոսվում է այն մասին, որ 2018 թվականից հետո Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ խորը կասկածամտություն առաջացավ: Դրանից առաջ վստահությունը հիմնված էր «ոչ այնքան ինստիտուցիոնալ գործիքակազմի, որքան անհատական առնչությունների և վստահության վրա»:
Ինստիտուցիոնալ եւ անհատական կապերի խզումը բերեց ի վերջո ՀՀ-ի՝ Արցախից հրաժարվելուն: Հրաժարումը հանգեցրեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն: Հրաժարումը, ըստ Ոսկանյանի, «կապված է այն ցուցադրական անտարբերության հետ, որով Հայաստանի իշխանությունները մինչ օրս էլ վերաբերվում են Ադրբեջանի բանտերում պահվող արցախյան ղեկավարության ճակատագրին՝ նույնիսկ ձևական քաղաքավարական մտահոգություն չարտահայտելով այդ կապակցությամբ»:
Այդ նկատառումն, ինձ թվում է, այսօր առավել արդիական է: «Ցուցադրական անտարբերությունը», ես կասեի անգամ՝ բացահայտ թշնամական վերաբերմունքն այդ մարդկանց նկատմամբ, չի տեղավորվում որեւէ քաղաքական, իրավական կամ մարդկային սահմանների մեջ:
Ռուբեն Վարդանյանը վերջերս կարողացավ հանրությանը ներկայացնել, թե ինչ «քրեական գործ» է թխել Ադրբեջանը, եւ ինչ «դատավարություն» է այդ երկիրը պատրաստում: Հայաստանի իշխանությունները, տարված իրենց մանր քաղաքական վրեժխնդրությամբ, բացարձակապես ոչինչ չունեն ասելու ՀՀ քաղաքացու դեմ հարուցված այդ «գործի» եւ «դատավարության» մասին:
Իրավիճակը սոսկալի է մի քանի առումով: Նախ՝ Փաշինյանը եւ նրա թիմը բացարձակապես մտահոգված չեն Հայաստան պետության միջազգային վարկով, արժանապատվությամբ: Ծանրագույն պայմաններում գտնվող Վարդանյանը դրա մասին ավելի շատ է մտածում:
Բայց կա ավելի սարսափելի երեւույթ: Մի խումբ իշխանական քարոզիչներ նույնիսկ հիմա, այս վիճակում, երկրորդելով իրենց «շեֆին», հարց են տալիս՝ «ո՞վ է Վարդանյանին գործուղել Արցախ»՝ դրանով իսկ շարունակելով բորբոքել նրա նկատմամբ ատելությունը:
Իսկ նիկոլական հսկայածավալ զանգվածի ներկայացուցիչները («հասարակ ժողովուրդը») շարունակում է խոսել «թաթար Ռուբո» եզրույթով:
«Հասարակության ֆիասկոն» հենց դա է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան