20/01/2025

Թուրքիայի ԱԳ նախարարն ինչ ցուցումով է մեկնել Ադրբեջան, հանդիպել Ալիևի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը հունվարի 18-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ կհանդիպի թե՛ իր գործընկեր Բայրամովի, թե՛ Իլհամ Ալիևի հետ:

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Ֆիդանի այցի օրակարգում ռեգիոնալ հարցեր են, հայ-ադրբեջանական գործընթացը, նաև մերձավորարևելյան թեմաները: Իսրայելի կառավարության ուժային բլոկ հավանության է արժանացրել Գազայում հրադադարի մասին Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնությունը, որը ենթադրում է հրադադար հունվարի 19-ից:

Անկարան, ըստ ամենայնի, մտադիր է հրադադարի գործընթացը ծառայեցնել իր դիրքերը Գազայում ամրապնդելու համար: Իսկ դա կարող է ենթադրել մրցակցություն, որովհետև հրադադարի միջնորդությանը մասնակից Եգիպտոսն ու Կատարը, ինչպես նաև քիչ ավելի պասիվ, սակայն հավակնոտ խաղացող Սաուդյան Արաբիան ձգտելու են Գազայի հրադադարից իրենց բաժին քաղաքական դիվիդենտները: Ֆիդանն Ադրբեջան այցի միջոցով թերևս փորձում է հաղորդակցվել նախ և առաջ Իսրայելի հետ, ըստ ամենայնի, առաջարկելով որոշակի գործարք՝ Գազայում այլ ազդեցության աճ թույլ չտալու համար:

Առավել ևս, որ պետք չէ բոլորովին մոռանալ Իրանի դերը, որը ներկայումս թվացյալ նահանջի ռեժիմում է, բայց էքզիստենցիալ նորոգման կարող է ենթարկվել ռուս-իրանական ռազմավարական պայմանագրի արդյունքում: Ի դեպ, նաև հատկանշական է, որ Ֆիդանը Բաքու է այցելում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա այցից հետո:

Ռուս-իրանական դե ֆակտո ռազմավարական դաշինքը, թերևս, որոշակի կոր է ստեղծում Թուրքիայի և «թյուրքական աշխարհի» միջև: Ինչպես նկատել եմ օրեր առաջ, հատկանշական է, որ Մոսկվա մեկնելուց առաջ Իրանի նախագահը «անցավ» Տաջիկստանով:

Ընդ որում՝ շատ ուշագրավ էր Տաջիկստանի նախագահ Ռահմոնի խոսքը Փեզեշքիանի հետ հանդիպման առնչությամբ: Ռահմոնը հայտարարեց, որ իր նախագահության երեք տասնամյակում չի տեսել երկրներ, որոնց նախագահները հաղորդակցվելու համար չունենան թարգմանչի անհրաժեշտություն:

Ակնարկը կենտրոնասիական «թյուրքալեզու» երկրների ուղղությամբ թերևս բավականին թափանցիկ է: Հակազդեցության ի՞նչ ծրագիր է Բաքվին ներկայացնելու Հաքան Ֆիդանը, և կարևորը՝ ինձ գործիքակազմով, և որտե՞ղ է լինելու հնարավոր հակազդեցության «ծանրության կենտրոնը»՝ Կովկա՞ս, Կենտրոնական Ասիա, թե՞ Մերձավոր Արևելք:

Թեև բոլորովին բացառված չէ, որ Անկարան Բաքվին կառաջարկի չշտապել, այլ պարզապես շարունակել կատարել Իսրայելի «հաղորդակցությունն» ապահովողի դերը, իսկ մնացյալը կորոշեն իրենք՝ կախված Թրամփի դիրքորոշումից: