20/01/2025

Փաշինյան – Ալիեւ զույգը բավական ներդաշնակ է գործում

Արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն մարում կրքերը Բաքվի լրատվամիջոցներին Իլհամ Ալիեւի՝ հունվարի 7-ին տված հարցազրույցի շուրջ, որի ընթացքում նա հանդես էր եկել 2020-ից ի վեր Հայաստանի հասցեին, թերեւս, ամենառազմաշունչ հռետորաբանությամբ՝ մեր երկիրն անվանելով ֆաշիստական պետություն:

«Անկախ հայկական պետությունը, ըստ էության, ֆաշիստական պետություն է, որովհետեւ գրեթե 30 տարի այն ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, եւ նրանք այդ պետությունը ձեւավորել են իրենց կերպարին համապատասխան»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ն սպառնալիք է տարածաշրջանի համար, որին դիմակայելու առաքելությունը Բաքուն պատրաստ է ստանձնել:

Սա էր ադրբեջանական ալիքներով հեռարձակված հարցազրույցի հիմնական ուղերձը, որին քիչ անց հետեւեց Փաշինյանի խաղաղասիրական, նկատելիորեն զգուշավոր եւ, նույնիսկ, մի տեսակ վախվորած արձագանքը: Երեք ժամ տեւած հարցազրույցում Բաքվի միապետը հասցրեց ՀՀ բոլոր ղեկավարներին մի լավ նշավակել՝ նրանց մեղադրելով մոտ 30 տարի Ադրբեջանի հանդեպ ցուցաբերած քամահրանքի, ատելության ու ռասիստական վերաբերմունքի համար: Նախատինքներից բաժին հասավ նաեւ Փաշինյանին, որը, Ալիեւի որակմամբ, խաղաղության աղավնի է ձեւանում, բայց իր նախորդների ֆաշիստական ժառանգության կրողն է: Եվ օրինակ է բերում նրա 2018-2019 թվականների ելույթները:

Ադրբեջանի ղեկավարի զրույցում Հայաստանին ուղղված բացահայտ սպառնալիքներ կան՝ երեւակայական ֆաշիզմը ոչնչացնելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու մասին, ինչպես նաեւ մի շարք պահանջներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ՀՀ սահմաններից եվրոպացի դիտորդների դուրսբերման, միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերի հետկանչման նախապայմանները:

Այսպես՝ Փաշինյանի երբեմնի «կիրթ ու կառուցողական» գործընկերը 2025 թվականը թեւակոխել է նախահարձակ տրամադրությամբ եւ բոլոր իր պահանջներն արագ ու անթերի կատարած տեսնելու հաստատակամությամբ:

Ի՞նչ կարող են նշանակել Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները, ագրեսիվ պահվածքը եւ սանձարձակ հոխորտանքները: Արդյո՞ք դրանք Հայաստանի դեմ նոր ռազմական գործողություններ ձեռնարկելու ազդագիր են:

Այս առնչությամբ Հայաստանի ներքաղաքական դաշտում երկու տարբերակ է շրջանառվում.

ա/ Ալիեւը՝ օգտվելով տիրող աշխարհաքաղաքական խառնաշփոթից, մտադիր է ռազմական հարձակման միջոցով նոր տարածքներ յուրացնել Հայաստանից եւ դրա համար հող է նախապատրաստում;

բ/ Սա թատերականացված ներկայացում է՝ Փաշինյան-Ալիեւ փոխպայմանավորվածությամբ սարքված եւ հրապարակ նետված թեմա, որի նպատակը ժողովրդին պատերազմով վախեցնելն է ու Ալիեւի պահանջածը անաղմուկ հանձնելը:

Չպիտի զարմանալ, եթե տարիներ անց Փաշինյանը ինչ-որ առիթով խոստովանի, որ ինքը մեծագույն սխալ է գործել՝ ժողովրդին չի ասել, թե ինչպիսի ստոր միջոցներով է Իլհամ Ալիեւն իրենից «պոկոտել» ՀՀ տարածքները, տիրացել մեր ռազմավարական բնագծերին, ճանապարհներին, ջրերին: Մի խոսքով՝ ինչպես է խարդախությամբ, քայլ առ քայլ քանդել Հայոց Տունը: Բայց չշեղվենք՝ երանի այս կանխադրույթը սխալ դուրս գա:

Ուշադրություն դարձնենք, թե ինչերի մեջ է Հայաստանին ու նրա պետական, քաղաքական այրերին, ռազմական գործիչներին, մեր քաջազուն զավակներին մեղադրում տեղով մեկ՝ ֆաշիստը, ցեղասպանը, ստախոս-կեղծարարը, աշխարհում փողով հարցեր լուծող եւ մինչեւ կոկորդը կոռուպցիայի մեջ խրված բռնակալը:

Իրեն ուղղված տարակուսանքներին ի պատասխան, թե ինչու համարժեք չարձագանքեց Ալիեւի պիտակավորումներին, Փաշինյանն ասել է, որ եթե ինքն էլ նրան ֆաշիստ անվանի, վեճը կարող է անընդհատ շարունակվել, թեժանալ, վերջում էլ մեծ պատմության վերածվել: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորների հետ հարաբերվելիս կամ վիճելիս՝ Փաշինյանն այդպես չի մտածում:

Ալիեւի դեպքը ուրիշ է. նրան կես խոսքից հասկանում է: Ավելին՝ Փաշինյան-Ալիեւ զույգը բավական ներդաշնակ է գործում: Մենք տեսանք, թե ինչպես Ալիեւի սպառնալից ելույթից հետո Փաշինյանն իր ՖԲ էջում երկլեզու՝ հայերեն-անգլերեն, ներկայացրեց տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իր տեսլականը:

Ուշագրավ է, որ այդ «տեսլականի» բովանդակության մեջ «թարմ հետքերով» արդեն տեղ էր գտել Ալիեւի պահանջներից մեկը, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի լուծարումը: Այս անգամ Փաշինյանը դա «սղղացրել» էր որպես իր առաջարկ, ոչ թե Ալիեւի նախապայման:

Թե ինչու է Ալիեւը ջանում հաշիվները փակել Մինսկի խմբի հետ՝ միանգամայն հասկանալի է, բայց անհասկանալի է, թե դրանում Փաշինյանի շահը ո՞րն է: Միգուցե՝ ստորացվածի իր դեմքը փրկե՞լը… Շատերին կարող է թվալ, թե Մինսկի խումբն իսկապես այլեւս իմաստազրկվել է, անելիք չունի: Դա խոր մոլորություն է: Այո, ԵԱՀԿ ՄԽ-ն կազմավորվել է բացառապես ԼՂ խնդրի լուծման համար, բայց չէ՞ որ խնդիրը լուծված չէ:

Մինսկի խմբի լուծարմամբ Ալիեւի շահագրգռվածությունը փաստում է, որ վերջինս եւս գիտակցում է ԼՂ խնդրի չլուծված լինելը, ուստի կաշվից դուրս է գալիս Խումբը անհապաղ ցրելու համար, ինչում նրան օգնում է Փաշինյանը: Սա, ըստ էության, «պասով» խաղալու ակնհայտ գործելակերպ է:

Այսօր Արցախը հայաթափված է, եւ դրանում եւս Փաշինյանի անձնական ավանդն ահռելի է. նա նախ՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, ապաեւ 2023-ի սեպտեմբերին «կանաչ լույս» վառեց Ստեփանակերտի դեմ Ադրբեջանի իրականացրած «հակաահաբեկչական» կոչվող գործողության առջեւ՝ հրաժարվելով Արցախի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական հանձնառությունից:

Այժմ փաստ է, որ ԼՂ-ում հայ չկա, բայց դա, կարծես թե, բավական չէ, որպեսզի Հեյդարօղլու հոգին փառավորվի, եւ նա հանգիստ նստի տեղը: Ալիեւը շտապում ու շտապեցնում է զուգընկերոջը ԵԱՀԿ ՄԽ-ի վերացման հարցն օր առաջ լուծելու համար: Նա գիտի, որ իշխանափոխության դեպքում Հայաստանը կարող է ադրբեջանական կողմի համար լրջագույն բանակցային խնդիրներ ստեղծել:

Նա հրաշալի գիտի նաեւ, որ 30 տարի Հայաստանը Մինսկի խմբում եղել է նախաձեռնողի դերում: Ադրբեջանն էր, որ միշտ դժգոհում էր, խուսափում ստորագրել այս կամ այն փաստաթուղթը: Երեւանը բանակցային իր ձեռքբերումները տարեցտարի բարելավում էր, եւ դա ակներեւ էր իրական գետնի վրա:

Որքան էլ Փաշինյանը հիմա փորձում է բանակցային մոտ քառորդդարյա իրականությունը նենգափոխել հօգուտ Ադրբեջանի, չի ստացվում եւ չի ստացվելու, որովհետեւ մարդ իր աչքի տեսածին է հավատում: Չարաբաստիկ 2018-ից առաջ Արցախը 30 տարի հայկական էր, չկային փակ ճանապարհներ ու փակ դռներ:

Կյանքը եռում էր փոքրիկ Արցախում: Այնտեղ խաղաղ ու անվտանգ պայմաններում հայեցի մի ողջ սերունդ էր աճել, կրթվել, մեծացել ու ապահով ապրում, արարում էր՝ ծաղկեցնելով պապենական հազարամյա հողը: Եվ կշարունակեր ծաղկեցնել, եթե… մնացածը հայտնի է բոլորին:

Գեւորգ Բրուտենց; «Հայացք Երևանից»