21/01/2025

Թուրք-ամերիկյան հարաբերություններում ի՞նչ հարցեր են առաջնահերթ լինելու

Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում ի՞նչ հարցեր են առաջնահերթ լինելու:

Թուրքական մամուլը, վերլուծելով ապագա պետքարտուղար Ռուբիոյի մի քանի հայտարարությունները, կարծիք է հայտնում, որ Էրդողանի հասցեին Դոնալդ Թրամփի կողմից արված հաճոյախոսությունը, որ նա չափազանց խելացի մարդ է և իր բարեկամը, բոլորովին էլ չի նշանակում, թե Սպիտակ տան նոր վարչակազմի և պաշտոնական Անկարայի հարաբերությունների ռազմավարական վերբեռնում է տեղի ունենալու:

«Turkiye» պարբերականի քաղաքական վերլուծաբան Եշիմ Էրարսլանը, դիտարկելով Թուրքիայի նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների վերջին շրջանի դիտարկումները, եկել է եզրակացության, որ ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերություններում Անկարան առաջադրելու է չորս սպասելիք.

-հրաժարվել Քրդական բանվորական կուսակցությանը և Սիրիայի «Ժողովրդական ինքնապաշտպանության» ուժերին աջակցությունից

-լիովին չեղարկել «Պատժամիջոցների կիրառմամբ ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին» օրենքով մտցված սահմանափակումները

-կամ վերադարձնել վճարված գումարները, կամ Թուրքիային դարձնել F-35-ի ծրագրի մասնակից

-սկսել Կոնգրեսի կողմից արտոնված՝ F-16 կործանիչների մատակարարումը:

Եթե վերջին երկու սպասելիքները համարենք «տեխնիկական», ապա առաջինը և երկրորդը ոչ միայն քաղաքական, այլև աշխարհաքաղաքական կարևորություն ունեն: Թուրքիայի նախագահ Էրդողանը նախօրեին հայտարարել է, թե այլևս անհանդուրժելի է, որ Սիրիայի տարածքի մեկ երրորդը գտնվի ահաբեկիչների հսկողության ներքո: Իսկ այդ նույն տեղաշրջանում Սիրիայի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» և ամերիկյան սահմանափակ զորախումբը համատեղ պարեկություն են իրականացնում:

Թուրքական աղբյուրները պնդում են, որ Դոնալդ Թրամփը նախագահության առաջին շրջանի ավարտին կայացրել է Սիրիայից ամերիկյան զորախումբը հեռացնելու որոշում, որը, սակայն, Պենտագոնի կողմից չի կատարվել:

Կա՞ երաշխիք, որ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Թրամփը ճնշում կգործադրի զինվորականության նկատմամբ: Հունվարի 7-ին նրան այդ մասին հարցրել են, հետևել է խուսափողական պատասխան, որ «ռազմական գաղտնիքներ չեն բացվի»: Թրամփը, սակայն, խոստովանել է, որ դա «կապված է Թուրքիայի հետ»:

Առավել ինտրիգային է, որ Թուրքիան Միացյալ Նահանգներից սպասում է «Պատժամիջոցների կիրառմամբ ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին» օրենքով նախատեսված սահմանափակումների չեղարկում:

Այդ օրենքն ընդունվել է Թրամփի նախագահության առաջին շրջանում և գերազանցապես Ռուսաստանի դեմ է: Թուրքիան Ռուսաստանի հետ առևատրաշրջանառության կրկնապատկման հավակնություններ ունի: Ըստ երեւույթին՝ ամերիկյան օրենքը խոչընդոտում է դրան:

Որքանո՞վ է հավանական, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը Սիրիան լիովին հանձնի Թուրքիայի պրոտեկտորատին կամ ընդառաջի Ռուսաստանի հետ նրա առևտրատնտեսական հարաբերությունների լիակատար ազատականացմանը:

Թուրքիան մամուլը, փորձագետները, բնականաբար, չեն անդրադառնում Անկարայից Վաշինգտոնի սպասելիքներին: Բայց դրանից չի հետևում, թե թուրք-ամերիկյան հարաբերությունները «մի դարպասի վրա խաղի կանոններով» են ձևավորված կամ վերբեռնվելու են այդ սկզբունքով:

Պետք է ենթադրել, որ իր չորս սպասելիքները ձևակերպելիս Անկարան միաժամանակ առնվազն չորս «ծառայություն է առաջարկել» Վաշինգտոնին, որ, սակայն, չեն բացահայտվում: Մնում է ենթադրություններ անել:

Հատկապես այն դիտանկյունից, թե Հայաստանին թուրք-ամերիկյան հարաբերությունների վերբեռնո՞ւմն է շահեկան, թե՞ ստագնացիան կամ դիմակայությունը: Եվ ինչո՞ւ Թուրքիայի կողմից հետախուզվող երկու անձ Հայաստանի կողմից արտահանձնվել են հայ-ամերիկյան համագործակցության փաստաթղթի ստորագրումից ոչ լրիվ մեկ շաբաթ անց և Թրամփի պաշտոնամուտի նախօրեին: