Ռուս-իրանական համապարփակ համագործակցության մասին պայմանագիրը վերջապես ստորագրված է, կողմերը բարձր մակարդակով գոհունակություն են հայտնել հունվարի 17-ի բանակցությունների արդյունքներից:
Ի՞նչ է սպասվում առաջիկայում: Ուշագրավ է, որ մինչ այդ գործող պայմանագիրը ստորագրվել է 2001թվականին, բայց վավերացվել և ուժի մեջ մտել երկու տարի անց՝ 2003-ին: 2013-ին պայմանագրի գործողության ժամկետը, ինչպես սահմանված էր, երկարաձգվել է ևս հինգ տարով:
Ստացվում է, որ վերջին հինգ տարիներին Իրանը և Ռուսաստանը հարաբերությունների իրավա-պայմանագրային կարգավորումներ չեն ունեցել և այս պահին էլ չունեն:
Ե՞րբ է նոր պայմանագիրը կողմերի խորհրդարաններում վավերացում անցնելու, որպեսզի նրա նորմերը մտնեն ուժի մեջ: Դատելով ռուսաստանյան մամուլի մի շարք հրապարակումներից՝ Մոսկվան իրանական կողմից մտավախություններ ունի:
Ընդ որում՝ որքանով հասկացվում է փորձագիտական որոշ նյութերից, Ռուսաստանում կասկածամտորեն են վերաբերում Իրանի վերնախավի թե՛ պահպանողական, թե՛ ռեֆորմիստական թևին:
Ռուսաստանցի փորձագետների մի մասի տպավորությամբ՝ վերջին տարիներին Իրանում շատ հաճախակի են դիմում պատմական հիշողությանը: Կան քաղաքական խմբավորումներ, որ Ռուսաստանը համարում են պատմական իրանական հողերի նվաճող:
Խոսքը շուրջ երկու հարյուրամյա վաղեմության ռուս-պարսկական պատերազմի մասին է, որ ավարտվել է Թուրքմենչայի պայմանագրի կնքմամբ, և ամբողջ Հարավային Կովկասն անցել է ռուսական տիրապետության տակ:
Իրանում, ինչպես ռուսական մամուլն է արձանագրում, թարմ է նաև ԽՍՀՄ կողմից երկրի հյուսիսային շրջանների օկուպացիայի և «խորհրդայնացված Ադրբեջանի» ու «Կարմիր Քրդստանի» անջատման փորձերի մասին հիշողությունը»:
Ըստ երևույթին՝ ռուս-իրանական հարաբերություններում այդ «հիշողությունը թարմացել է» քառասունչորսօրյա պատերազմից հետո և շարունակում է մնալ որպես ներքաղաքական ազդեցիկ գործոն՝ կապված ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության նկատմամբ հանրային ընկալումների հետ:
Փորձագետների մի մասի ընկալմամբ՝ Իրանի քաղաքական վերնախավի ռեֆորմատորական թևը խոր մտահոգություն ունի, որ ԱՄՆ նոր նախագահի հետ Վլադիմիր Պուտինի բանակցություններում Իրանը կարող է վերածվել մանրադրամի: Նույն զգուշավորությունը, բայց հակառակ տրամաբանությամբ, առկա է Ռուսաստանում: Այնտեղ էլ չեն բացառում, որ իրանցի արևմտամետ ուժերը կարող են Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունից հրաժարվելու դիմաց հասնել Արևմուտքի պատժամիջոցների թուլացմանը:
Թերևս այդ հանգամանքն է նկատի ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանը, երբ Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսին ասել է, որ կարողացել է լիովին ցրել Իրանի վերաբերյալ վերապահումները: Նա, սակայն, չի ասել, որ փոխադարձաբար փարատվել են իր մտահոգությունները:
Եթե ռուս-իրանական պայմանագրի ստորագրումը փորձենք գնահատել առարկայորեն, ապա կստացվի, որ ո՛չ Մոսկվայում, ո՛չ Թեհրանում հստակ կողմնորոշված չեն, թե այն երբ կանցնի վավերացում և ուժի մեջ կմտնի, ինչ ճանապարհային քարտեզի և ժամանակացույցի հիման վրա, ինչ ռեսուրսների հաշվին կսկսվի նախանշված ծրագրերի իրականացումը:
Շուրջ տասը տարի է՝ կողմերը վերջնական համաձայնության չեն հասնում Իրանի տարածքում Ռեշտ-Աստարա ընդամենը 162կմ. երկարության երկաթգծի կառուցման հարցում, որով պետք է ամբողջանա Սանկտ Պետերբուրգ-Պարսից ծոց երկաթուղային հաղորդուղին:
Իսկ հունվարի 17-ի պայմանագիրն, օրինակ, նախատեսում է Ադրբեջանի տարածքով տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր թողունակության գազատարի կառուցում, որի արժեքը դեռևս որոշված չէ:
Այս մանավանդ պաշտպանության և անվտանգության, երկու երկրների հատուկ ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման և այլ ոլորտներում ռազմվարական համագործակցության մակարդակի հասնելու բարդությունները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ ռուս-իրանական հունվարի 17-ի պայմանագիրն ավելի շատ և ամենից առաջ քաղաքական հայտագիր է, միջազգային քաղաքականության ազդեցիկ դերակատարներին հղած ուղերձ, որ կողմերից յուրաքանչյուրը փորձելու է ծառայեցնել «ավելի մեծ խաղում» իր շահերին:
Ավելի վաղ Իրանը ռազմավարական համագործակցության պայմանագիր է ստորագրել Չինաստանի հետ, բայց անցած տարիներին կողմերի միջև էական նշանակության մերձեցում այդպես էլ տեղի չի ունեցել: Ռուսաստանյան մամուլն ակնարկում է, որ նոր պայմանագիրը «լիարժեք ռազմական դաշինքի ճանապարհին կարևոր քայլ է»:
Ըստ երևույթին՝ Մոսկվան Թեհրանին նման առաջարկություն արել է, բայց իրանական կողմը զգուշավորություն է ցուցաբերել: Ամենևին էլ պատահական չէ, որ Իրանի նախագահի Մոսկվա այցի օրը Միացյալ Նահանգների ընտրված նախագահի թիմը նրա անունից հետևյալ ուղերձն է հրապարակել. «Մենք իրանական ժողովրդին ոչինչ վատ չենք ցանկանում և մտադիր չենք այնտեղ իշխանություն փոխել: Բայց Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»:
Բաց մի թողեք
Մեր բաց թողած հնարավորությունն օգտագործել է Ադրբեջանը
Փաշինյան – Ալիեւ զույգը բավական ներդաշնակ է գործում
Ինչու է Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել հեռախոսային խոսակցություն Պուտինի հետ