21/01/2025

Ինչ ակնկալիք ունի Հայաստանից Ռուսաստանը

«Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կանցնի կառուցողական, կնպաստի գործակցության առանցքային հարցերն առաջ մղելուն, կնպաստի Անդրկովկասում կայունության ու անվտանգության ամրապնդմանը»,- Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա այցից առաջ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Այցը տեղի կունենա հունվարի 21-ին: Հաղորդագրության մեջ նշվում է, թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպմանը:

Ըստ դրա՝ քննարկվելու է հայ-ռուսական գործակցության ամբողջ սպեկտրը, նաև եվրասիական ինտեգրացիոն մեխանիզմներն ու համաշխարհային օրակարգի արդիական հարցերը: Թե ինչ կոնկրետություններ կարող են պարունակել օրակարգային այդ ուղղությունները, հնարավոր է միայն ենթադրել: Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման համար Մոսկվա է մեկնում շատ մեծ ընդմիջումից հետո: Նրա այցից առաջ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգը Պուտինին, որի ընթացքում, ըստ Կրեմլի, Հայաստանի վարչապետը պարզաբանումներ է ներայացրել ԵՄ հետ կապված վերջին քայլերի առնչությամբ, ինչի կապակցությամբ էլ Պուտինն արել է մեկնաբանություններ ու տվել գնահատականներ:

Հազիվ թե Նիկոլ Փաշինյանի այդ հեռախոսազանգը միտված լիներ Արարատ Միրզոյանի այցից առաջ իրադրությունը լարելուն: Հետևաբար պետք է ենթադրել, որ հեռախոսազանգի նպատակը հակառակն էր՝ նախապատրաստել հնարավորինս լիցքաթափված կամ հանդարտ մթնոլորտ:

Ստացվե՞լ է դա Փաշինյանի մոտ, թե ոչ, միարժեք բարդ է ասել, սակայն կասկածից վեր է, որ հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ սպեկտրը և դրանում առկա բավականին բազմաշերտ ճգնաժամը չի հաղթահարվելու Միրզոյան-Լավրով՝ թե մեկ, թե անգամ տասնմեկ հանդիպման արդյունքում, և ոչ էլ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցներում կամ հանդիպումներում:

Անշուշտ ես հեռու եմ այն մտքից, թե հայ-ռուսական հարաբերության ճգնաժամում չկա այսպես ասած մարդկանց կամ անձերի գործոն: Քաղաքականության մեջ այդ գործոնը կա միշտ: Սակայն, հայ-ռուսական հարաբերության մեջ դրա դերը ոչ թե պայմանավորում է ճգնաժամի բացակայությունը կամ դրա առկայությունը, այլ դրա կառավարումը:

Հայաստանն ու Ռուսաստանն արդեն շատ երկար տարիներ գործնականում զբաղված են հենց դրանով՝ համաշխարհային իրողություններից, դրանց ռեգիոնալ մետաստազներից, նաև այդ ամենով պայմանավորված ՌԴ և Հայաստանի տրամաչափերի տարբերությունից, հետևաբար աշխարհաքաղաքական հավակնությունների և չափումների տարբերությունից բխող ճգնաժամի կառավարման խնդրով:

Միրզոյանի մոսկովյան այցը պետք է դիտարկել այդ տեսանկյունից, ու այդ համատեքստում նաև ռուսական կողմի ակնկալիքները: Մնացյալը ճգնաժամի հմուտ կառավարման արդյունք է, կամ ապաշնորհ կառավարման հետևանք: