21/01/2025

Կովկասը կլինի ամերիկա-չինակա՞ն, թե՞ ամերիկա-ռուսական կոնսենսուսի գոտի

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասել են կարևոր կոնսենսուսի, Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը:

Թե հատկապես ինչ կոնսենսուսի մասին է խոսքը, մանրամասներ հայտնի չեն: Թրամփի և Սի Ցզինպինի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Չինաստանի փոխնախագահը հայտարարել է, որ կոնսենսուսի նպատակը երկու երկրների միջև հարաբերության սահուն, կայուն և առողջ զարգացման համար է:

Հասկանալի է, որ դիվանագիտական այդ պերճախոսության ներքո, այդուհանդերձ, ամերիկա-չինական մրցակցությունն է, որը, անշուշտ, պարունակում է շատ բարդ ու խորը խնդիրներ, որոնք անհանգստացնում են թե՛ Վաշինգտոնին, թե՛ Պեկինին: Կհաջողվի՞ նրանց այդ խնդիրների շուրջ ծավալել երկխոսություն, որը թույլ կտա խուսափել բախումնային սցենարից: Հիշենք, որ ամերիկացի բարձրաստիճան զինվորականները վերջին տարիներին խոսել են ընդհուպ այն մասին, որ 2025-ին հնարավոր է ուժային բախում երկու երկրների միջև:

Իհարկե, դրա տակ նկատի է առնվում այսպես ասած պրոքսի պատերազմի տարբերակը, սակայն դա կլինի պարզապես «հեռավորասիական ուկրաինական պատերազմ»: Համենայն դեպս, ակնառու է, որ դրան պատրաստվում են բոլորը՝ թե՛ ԱՄՆ, թե՛ Չինաստանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Բրիտանիան՝ որը 2023 թվականին Ճապոնիայի հետ կնքել է ռազմական գործակցությունը խորացնող պայմանագիր, ինչի շնորհիվ ստացել է Ճապոնիայում զորք տեղակայելու հնարավորություն:

Թրամփն ու Սի Ցզինպինը կարող են անկեղծորեն շահագրգռված լինել կայուն ու առողջ երկխոսությամբ, սակայն պետք է արձանագրել, որ միայն նրանց ցանկությունը բավարար չէ, քանի որ գերական, իհարկե, նրանց առաջնորդած երկրների շահերն են, որոնք ձևավորվում և կոմունիկացվում են նաև այլ խոշոր դերակատարների հետ:

Միևնույն ժամանակ, ասիախաղաղովկիանոսյան գոտում պատերազմի բացակայությունը չի նշանակելու առանցքային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ ու Չինաստանի միջև մրցակցության և շահերի բախման բացակայություն: Հետևաբար, այդ պարագայում տվյալ իրողությունները ծավալվելու են այլ ռեգիոններում, այդ թվում՝ Կովկասում:

Կովկասը կլինի ամերիկա-չինակա՞ն, թե՞ ամերիկա-ռուսական կոնսենսուսի գոտի: Սա կլինի Թրամփի պաշտոնամուտին հաջորդող առանցքային հարցերից մեկը, որովհետև այդ «ռեժիմների» տարբերությունը Կովկասում կլինի շոշափելի: