22/01/2025

Ի՞նչ հետեւանքներ կունենա «պահպանողական շրջադարձը»

Իր երդմնակալության ճառում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունը կլինի այն, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական եւ իգական:

Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում Թրամփին, կարող ենք արձանագրել, որ նա ամերիկյան եւ ընդհանրապես Արեւմուտքի քաղաքականության մեջ որոշակի՝ պահպանողական միտումն արտահայտողն է: Վերջին տասնամյակներում «գենդերային» խնդիրն աշխարհում շատ էր խորացել եւ հաճախ համապատասխան կառույցները փորձում էին ռացիոնալիզացնել ցանկացած ցնդաբանություն:

Օրինակ, որոշ տեղերում պահանջվում է, որ ծնվելուց երեխայի սեռը պետք է նշվի ոչ թե որպես արական կամ իգական, այլ՝ «բժիշկը բնորոշել է սեռը որպես արական (կամ իգական)»: Այսինքն՝ բժիշկր, տեսնելով նորածնի համապատասխան օրգանը, տեսականորեն կարող է որոշել, որ նորածինը, չնայած դրան, այնուամենայնիվ, աղջիկ է:

Ու նման հարյուրավոր անհեթեթություններ: Իհարկե, սեռերի հետ կապված պետք է լինեն նորմալ, բանական պահանջներ: Սեռական խտրականությունը կտրականապես մերժելի է. կինը նույնքան արժեքավոր աշխատակից է, որքան տղամարդը, հաճախ՝ ավելի արժեքավոր: Կանանց ավելի շատ պաշտոններ տալը միայն խրախուսելի է:

Ուրիշ հարց՝ եթե դու դատախազ ես կամ նախարար, դու չպիտի ակնկալես, որ քեզ ավելի մեղմ են քննադատելու, քան այդ պաշտոնը զբաղեցնող տղամարդուն: (Չնայած՝ անձամբ ես որոշակի մեղմության կողմնակից եմ):

Սեռական պահվածքն էլ, բնականաբար, մարդու անձնական գործն է: Բայց ցանկացած պահվածք չպիտի լինի այնքան ցուցադրական եւ էպատաժային, որ վիրավորի մնացած մարդկանց զգացմունքները:

Ինչ գործնական հետեւանքներ կունենա այդ՝ հնարավոր պահպանողական շրջադարձը, եթե ընդունենք, որ ԱՄՆ քաղաքականությունն ազդում է ԵՄ-ի վրա, իսկ ԵՄ-ի ներսում նույնպես նկատելի է այդ շրջադարձը:

Հետեւանքը կարող է, օրինակ, լինել այն, որ հայաստանյան հ/կ-ները, որոնք մասնագիտանում են «գենդերային» հարցերում, ավելի դժվարությամբ դրամաշնորհ ստանան՝ 54 սեռերի պաշտպանության համար:

Իսկ եթե հարցին ավելի լայն մոտենանք, ապա գուցե դրամաշնորհներ ավելի քիչ տրվեն նրանց, ովքեր ձեւ են անում, թե հետեւում են «կոռեկտության» մակարդակին եւ համապատասխան զեկույցներ (մատնագրեր) են գրում արեւմտյան կառույցներին:

Ես արեւմտյան, իրականում՝ համամարդկային (Իմանուիլ Կանտի, Ջոն Լոքի, նաեւ Թոմաս Ջեֆերսոնի ձեւակերպած) արժեքների ջատագով եմ՝ իմ գործունեությամբ պաշտպանում եմ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները:

Հենց այդ պատճառով անընդունելի եմ համարում, որ իմ գլխին փաստացի «վերակացուներ» են նշանակվում, որոնք ինձ պետք է ստուգեն եւ իմ մասին զեկուցեն: Դա ինձ հիշեցնում է Սովետը եւ Միխայիլ Սուսլովին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; Առավոտ