24/01/2025

Թրամփը Ուկրաինայի հարցում գործարքի համատեքստում ակնկալում է Պուտինից ստանալ աջակցություն Գրենլանդիայի հարցում

«Եթե Պուտինի հետ չգնանք գործարքի, ապա կխստացնեմ պատժամիջոցները ՌԴ հանդեպ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով ուկրաինական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հարցին:

Այսօր տարածվեց տեղեկություն, որ Թրամփն իր թիմին հանձնարարել է հարյուրօրյա ժամկետում դադարեցնել պատերազմը: Ստացվում է, որ պաշտոնամուտից հետո 24 ժամում պատերազմ դադարեցնելու մասին հայտարարած Թրամփն այժմ սահմանում է հարյուրօրյա ժամկետ՝ հաշվարկով թերևս, որ դրանով կնշանավորվի իր Սպիտակ տուն վերադարձի 100 օրը:

Սակայն այստեղ ժամկետը, իհարկե, ունի ոչ միայն խորհրդանշականություն, այլ շատ էական է որոշակի այլ շերտերով: Փաստացի, եթե Թրամփն իրապես սահմանել է հարյուրօրյա ժամկետ, նա գծել է գործարքի ժամանակահատվածը, ինչը վկայում է, որ ուկրաինական պատերազմի վերաբերյալ խոսակցությունը Պուտինի հետ չի սահմանափակվելու միայն Ուկրաինայով:

Այդ իմաստով, երբ Թրամփը հայտարարում է գործարքի ակնկալիք՝ սպառնալով, թե Պուտինը չհամաձայնելու դեպքում կխստացնի պատժամիջոցները, թերևս այդ դիտարկումների շերտերում պետք է նկատել Գրենլանդիան:

Չի բացառվում, որ Թրամփը կառաջարկի «փոխանակում՝ Գրենլանդիան Ուկրաինայի հետ: Բառի բուն իմաստով չէ, անշուշտ, սակայն ընդհանուր տրամաբանությամբ: Գրենլանդիայի հանդեպ Թրամփի հավակնությունը էպատաժ կամ քմահաճույք չէ: Գրենլանդիան Արկտիկայի համար պայքարի մաս է, մասին է:

Արկտիկայում դոմինանտ է Ռուսաստանը, առնվազն աշխարհագրական տարածքով: Ավելին, ԱՄՆ դե ֆակտո զիջում է անգամ Բրիտանիային, որը դե ֆակտո ավելի շատ ներկայություն ունի թերևս Դանիայի ու Կանադայի «միջոցով»:

Այստեղ է պետք փնտրել թերևս նաև այն լարվածության պատճառներից մեկը, որ ձևավորվել է Թրամփի թիմի և Լոնդոնի միջև: Իսկ Արկտիկան համաշխարհային հարստության չիրացված և հիմնական ուղղություններից մեկն է, ռազմավարական պաշարի «հասցե»: Բնականաբար, Ռուսաստանի համար մի կողմից շահեկան է ամերիկա-բրիտանական մրցակցությունը, մյուս կողմից շահեկան կլինի, եթե Թրամփի համար Գրենլանդիան մնա անհասանելի:

Հնարավոր է, որ Թրամփը Ուկրաինայի հարցում գործարքի համատեքստում ակնկալում է Պուտինից ստանալ աջակցություն Գրենլանդիայի հարցում: Հարց կառաջանա, թե ինչպե՞ս: Դա կարող է տեղի ունենալ Եվրոպայի համար անվտանգության ռիսկեր գեներացնելով: Թերևս նաև այստեղ է եվրոպացիների մտահոգությունը Թրամփի առնչությամբ: